ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք
 |1lurer.am|
19:50 - 24 մայիսի, 2021

ԱՄՆ պետքարտուղարը մեկնում է Մերձավոր Արևելք |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելք կայցելի մայիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում: Նա բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի, Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդի հետ:

Մինչ տարածաշրջան մեկնելը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու պետության խաղաղ գոյակցությունն է, գրում է ABC News-ը:

«Ի վերջո, սա Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության ապագան ապահովելու միակ միջոցն է, և, իհարկե, պաղեստինցիներին պետություն տալու միակ միջոցը: Նրանք ունեն դրա իրավունքը»,- ասել է Բլինքենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հանդես եկել խնդրի նման լուծման օգտին: «Երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» որոշումը նախատեսում է իսրայելական հրեական պետության հետ միասին ստեղծել Պաղեստին պետություն:

Այդ առաքելությամբ էլ Բայդենը Մերձավոր Արևելք է ուղարկում պետքարտուղար Բլինքենին: Իսրայելի ղեկավարների հետ հանդիպմանը պետքարտուղարը կհայտնի ԱՄՆ անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգությանը: Ինչպես նաև կներկայացնի ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին ու ղեկավարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել