1lurer.am: Ադրբեջանի զինված ուժերը խուժել են ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածք, այլև ՀԱՊԿ-ի սուվերեն տարածք են մուտք գործել: Ունենք մի իրավիճակ, երբ այլևս այլ բան չի մնում, քան անհապաղ ձեռնարկել ջանքեր՝ դիմելու Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ այս իրավիճակին հանգուցալուծում, այլ ճանապարհներ գտնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դա այլընտրանք չունեցող քայլ է:
«Ակնհայտորեն թիրախը Հայաստանի արտահերթ ընտրություններն են, Հայաստանում քաոս ստեղծելն է, և այդ իրավիճակում հնարավորինս շատ զիջումներ ստանալն է Հայաստանից: Սա հաստատապես միայն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշումը չէ: Ակնհայտորեն տեսնում ենք շահագրգիռ այլ երկրներ ևս այս ուղղությամբ»,- ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորի խոսքով՝ երեկ Շորժայի ուղղությամբ գրոհը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը, և հստակ առարկայական խոսակցություն սկսվեց Հյուսիս-հարավ մայրուղու նախագծի կառուցման, համատեղ ծրագրերի մասին: Ասաց՝ այդ ամենը տեղի է ունենում նաև գլոբալ իրողությունների համատեքստում, երբ Միացյալ Նահանգների և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ շատ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվում պատժամիջոցների չեղարկման շուրջ:
comment.count (0)