Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|
12:07 - 09 հուլիսի, 2021

Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցի քննարկմանը |civilnet.am|

civilnet.am: Վահե Գրիգորյանը որպես Սահմանադրական դատարանի դատավոր կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու  հարցով ՍԴ նիստին։ Սահմանադրական դատարանի դատավորները որոշեցին չքննարկել համապատասխան միջնորդությունը, որը ներկայացվել էր «Զարթոնք» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։ Վերջիններս բարձրացրել էին Գրիգորյանի՝ նիստին մասնակցելու անհնարինության հարցը։ 

Ըստ դատավորների՝ դատաքննության ներկա փուլում նման միջնորդություն լինել չի կարող։ Դատավոր Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ նման միջնորդություն կարող է ներկայացնել միայն ՍԴ դատավորներից մեկը, իսկ նման հարց չի քննարկվել. «Մենք չենք կարող ներկա փուլում դատավորի մասնակցության անհնարինության հարց քննարկել»,- ասաց նա։ 

«Հայաստան» և «Զարթոնք» դաշինքները իրենց միջնորդությամբ նշում էին, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք։ «Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վկայակոչել էր այն փաստը, որ Մարտի 1-ի գործով Վահե Գրիգորյանը որպես դատավարական հակառակորդ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի ու Սեյրան Օհանյանի դեմ։

Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ են դիմել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել