armenpress.am: Եվրոպայի խորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Կիպրոսի հյուսիսում գտնվող Ֆամագուստա քաղաքի Վարոշա շրջանի կարգավիճակին: Այս մասին նշվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ:
«Նման միակողմ գործողությունները ափսոսանքի են արժանի, քանի որ հակասում են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի գործող բանաձևերին, որոնք լիարժեքորեն ճանաչված են Եվրոպայի խորհրդի կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ: ԵԽ-ն կոչ է արել չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ կողմերի միջև երկխոսությունը պետք է վերականգնվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավար Էրսին Թաթարը հայտարարել են Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասի (Վարոշայի) վերաբացման ծրագրերի մասին:
Թաթարը նշել է, թե իշխանությունները նախատեսում են վերացնել ռազմական կարգավիճակը տարածքի մի մասի համար՝ հավելելով, որ քաղաքի 3.5 տոկոսը կստանա քաղաքացիական կարգավիճակ:
comment.count (0)