ՀՀ հատուկ քննչական ծառայության լուծարվելուց հետո «Ֆիզգորոդոկում» տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այս տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու և այլ ապօրինի գործողություններ կատարելու ենթադրյալ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնցով 2021 թվականի սեպտեմբերի 6-ին հարուցվել են 3 քրեական գործեր։
Քրգործերից մեկը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Մյուս երկու քրգործերը եւս հարուցվել են ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հակտանիշներով։ Երեք քրգործերը, ինչպես Infocom-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից, հետագայում գործերի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ միացվել են մեկ վարույթում:
Օրեր առաջ «Ֆիզգորոդոկի» գործով տուժողի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշել էր, քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայությունում, որը, սակայն, այժմ լուծարված է։ ՀՔԾ-ի լուծարումից հետո (ՀՔԾ-ի փոխարեն գործելու է Հակակոռուպցիոն կոմիտեն,-հեղ․), Ղարագյոզյանի խոսքով, տուժողներին որևէ կերպ չեն տեղեկացրել, թե որ քննչական վարույթում է գործը․
«Այս ամիսների ընթացքում մենք նորություն չենք ունեցել, ես նամակներ եմ ուղարկել ՀՔԾ քննիչին, երկու շաբաթ անց իմ նամակը հետ է եկել՝ նամակի վրա նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունը լուծարված է։ Այսինքն՝ ՀՔԾ-ն լուծարված է, և պետությունը որևէ ձևով չի տեղեկացնում տուժողներին, թե որ քննչական վարույթում է հիմա գործը, և ով է այս գործով քննություն իրականացնում։ Մենք կարող է սպասեինք, նստեինք, և ստանայինք որոշում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հիմա մենք փաստացի որևէ ձևով տեղեկացված չենք, թե կոնկրետ որ քննչական բաժնում է գործը և որ քննիչն է զբաղվում»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ղարագյոզյանը՝ նշելով, որ գործը հարուցվել է լիազորությունների անցման հիմքով։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արդյունավետ քննության մասին անգամ խոսք չի կարող լինել․ «Դեպքից տևական ժամանակ անց տուժողներին հրավիրել են հարցաքննության և ընդամենը տուժող ճանաչելու որոշմանն ենք ծանոթ, և որպես տուժող՝ տուժողները հարցաքննվել են։ Այդ ժամանակ ՀՔԾ-ն դեռ չէր լուծարվել, և, ընդհանուր առմամբ, շատ թերի, միակողմանի քննություն է իրականացվել»,- կարծիք էր հայտնել նա։
Ինչ վերաբերում է քրեական գործի ընթացքին՝ Infocom-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից նշել են, որ գործով դեռևս որևէ անձ որպես մեղադրյալ ներգրավված չէ․ «Պատշաճ դատախազական հսկողությամբ ձեռնարկվում են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար»,- վստահեցրել են հարցման պատասծանում:
Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 19-ին Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», սկսվել էին մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ։ Բնակիչների պնդմամբ՝ բարձրահարկ շենքի կառուցումն ապօրինի է։
Օգոստոսի 20-ին շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, եղել էին բերման ենթարկված անձինք։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)