Նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։
«Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։ Նախագահի պաշտոնակատարը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։ Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ»,- նշված է կայքում։
comment.count (0)