armenpress.am: Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ:
Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը:
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:
Աշխարհում տարածվող նոր՝ «կապկի ծաղիկ» վարակի մասին կարող եք կարդալ այստեղ։
comment.count (0)