«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը
15:37 - 20 հունիսի, 2022

«Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին. դատարանը հրապարակեց դատավճիռը

«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։

Դատարանը ճանաչեց եւ հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձ կատարելուն։

Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։

Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։

Այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երեւանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։

Ի սկզբանե գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության հատկանիշներով, սակայն հետագայում տղաներին մեղադրանք էր առաջադրվել 34-131-րդ՝ առեւանգման փորձի հոդվածով։

Ողջ դատաքննության ընթացքում նրանք պնդել են, որ Մալյանին առեւանգելու միտում չեն ունեցել, այլ իրականացրել են սոսկ ակցիա՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մալյանը տեւական ժամանակ իրենց հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Գործը դատարանում քննվում էր գրեթե 3 տարի՝ 2019 թ․ օգոստոս ամսից սկսած։

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել