armenpress.am: STARMUS գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնը Հայաստանում է՝ ոգեշնչելու երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Նման համոզմունք հայտնեց STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը Երևանում STARMUS VI-ի բացմանն իր ելույթում:
Գարիկ Իսրայելյանը նախ ընդգծեց, որ երկար ժամանակ է, ինչ սպասում էին STARMUS -ի անցկացմանը Հայաստանում:
«Ես ոգեշնչվել եմ Հայաստանում: STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է: Ես ոգեշնչվել եմ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանից, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանից, Կոմիտասից, շատ-շատերից»,-ասաց Իսրայելյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախորդ նախագահին, Հայաստանի կառավարությանը՝ STARMUS-ին աջակցելու համար:
Իսկ, թե որն է STARMUS-ի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ուղերձը՝ Իսրայելանն ասաց. «STARMUS-ը Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Աշխարհում շատ երկրներ հարուստ են նավթով, գազով, Հայաստանն այդ առումով հարուստ չէ, Հայաստանը հարուստ է մարդկանցով: STARMUS-ն այստեղ է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին: Սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ STARMUS-ի նման փառատոնը բերելու այս փոքրիկ երկիր և ոգեշնչելու այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին»:
Փառատոնի համահիմնադիրն ընդգծեց՝ հայերը շատ լավ ոգեշնչում են, շատ քիչ մարդիկ գիտեն, որ անձը, որը ոգեշնչել է Սթիվեն Հոքինգին՝ զբաղվելու գիտությամբ, եղել է հենց հայ: «Ավելի ուշ Սթիվեն Հոքինգը ոգշնչեց ինձ՝ հիմնելու STARMUS փառատոնը»,-նշեց Իսրայելյանը:
Իսկ, թե STARMUS-ը ի՞նչ կփոխի Հայաստանում՝ նա պատասխանեց՝ ուզում է մոտ ապագայում՝ հինգ կամ տասը տարի հետո, երբ գիտնական հրավիրեն Հայաստան, դահլիճը լի լինի մարդկանցով:
comment.count (0)