«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան
 |azatutyun.am|
10:35 - 27 սեպտեմբերի, 2022

«Եռաբլուր»-ում տեղի ունեցածը վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է․ Գեղամ Նազարյան |azatutyun.am|

azatutyun.am: «Եռաբլուր»-ում տեղի ունեցածը երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Սեպտեմբերի 21-ին ոստիկանները վարչապետ Փաշինյանի այցից առաջ «Եռաբլուր»-ից քաշքշելով բերման էին ենթարկել 44-օրյա պատերազմում որդիներին կորցրած շուրջ չորս տասնյակ ծնողների: Զոհվածների հարազատները փակել էին ճանապարհը, որ Փաշինյանը չմոտենար իրենց որդիների գերեզմաններին։

Նազարյանն, ում որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում, միջադեպի ժամանակ «Եռաբլուր»-ում չի եղել, ակցիային չի մասնակցել։ Ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ ծնողները իրավունք ունեն և՛ քաղաքականապես ակտիվ լինելու, և՛ իրենց դիրքորոշումը հայտնելու, բայց պետք է մի գիծ չանցնեն, որից հետո իրենց քարշ տալով տանեն մենքենաները։

«Գիտեք էս հերոսածինը մեր ձեռքբերումը չէ, մեր երեխեքի ձեռքբերումն է, իրենց հերոսությամբ մենք դարձել ենք հերոսածին։ Մենք ունենք կարգավիճակ, որ պետք է հասկանանք, դա ինչ է և երբեք ու երբեք չմոռանանք, թե մենք ում ծնողներն ենք», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Այո՛, մենք ունենք անգիտակից հատուկջոկատայիններ, որոնց պահվածքը, մեղմ ասած, ամոթալի է, խայտառակ է, չգիտեմ ինչ է, բայց մենք գիտենք, որ այնտեղ տենց մարդիկ կան։ Հասարակությունը պետք է այնտեղից առաջինը հեռացնի ծնողներին, որովհետև չի կարելի հերոսների ծնողներին քարշ տալ»։

Նազարյանն, ով պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ շեշտեց՝ իր նախաձեռնած ակցիաների, հանդիպումների ժամանակ երբեք չի արել այնպես, որ հանկարծ հայտնվեն մի վիճակում, որ ոստիկան-ծնող բախում լինի՝ ընդգծելով՝ «հասկանում է ծնողներին՝ իրենց վերաբերմունքն են ուզում Նիկոլին հայտնել, բայց ոչ իրենց էդպես գետնին գցելու գնով»։

«Այո՛, դա երկրի վարչապետի, ոստիկանության ամոթն ու խայտառակությունն է, բայց, օրինակ, եթե ինձ հարցնեին՝ «իսկ մենք չենք ուզում, որ Նիկոլը գա «Եռաբլուր», ի՞նչ պետք է անենք»։ Ո՛չ, դուք այնտեղ պահակություն պետք չի անեք», - եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել