ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:

Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ, Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով ձերբակալել է 8 հոգու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter