ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին

 |armenpress.am|
13:39 - 14 հոկտեմբերի, 2022

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հոկտեմբերի 14-ի առավոտյան ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ ընթացել է կառուցողական բովանդակային զրույց:

Նախարարությունից փոխանցեցին, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստին մասնակցելու է ոլորտը համակարգող ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նախարար Դումանյանը չի կարող մասնակցել նիստին՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով պայմանավորված:  

Հոկտեմբերի 14-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նախատեսված է գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Հիշեցնենք, որ Բրյուսովի համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը գրել էր, որ «ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը»։

Համալսարանի բակում ուսանողները բողոքի ակցիա ու դասադուլ էին կազմակերպել։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշել էր, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր, որ բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ «Կոչ եմ անում ուսանողներին հետևողական լինելու որակյալ կրթություն ստանալու գործում, և չտրվել տարբեր էսպիսի ոչ կրթական, կրթության շահերից չբխող, կրթության բովանդակությունից չբխող, կրթության որակ չապահովող հարցադրումներից։ Խոսքը մեկ կամ երկու պաշտոնի մասին է ընդամենը, և սա կարծում եմ՝ կրթության հետ կապ չունեցող հարց է»,- նշել էր Դումանյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել