Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում կայացրեց։
Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Պաշտպաններից Գայանե Պապոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էրիկ Ալեքսանյանն ապօրինի կալանավորվեց իր դատավարական իրավունքն իրացնելու՝ միջնորդություն ներկայացնելու համար։
Հատկանշականն այն է, որ որոշումը հրապարակվելու էր ժամը 17:00-ին։ Ժամը 16:50 Դատարանի բակ մտավ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան, ինչից հետո արդեն մեր համար պարզ էր դատարանի որոշումը, իսկ որոշման հրապարակումից 2-3 րոպե անց դատական նիստերի դահլիճ մտան ուղեկցող գումարտակի ծառայողները։ Կարծում եմ մեկնաբանելն ավելորդ է...»– նշել է Պապոյանը։
Հիշեցնենք՝ նույն քրեական գործի շրջանակում այսօր կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։
Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։
Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։
comment.count (0)