44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել
14:43 - 04 նոյեմբերի, 2022

44-օրյա պատերազմին առնչվող նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութին հարակից Խուռհատ սարում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողներն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Infocom-ի հարցին ի պատասխան Դատախազությունից տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն։

Խոսքը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելուն եւ զինվորական պաշտոնեական անփութությանը։

Զինծառայողների ծնողների այս հաղորդման հիմք են հանդիսացել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի պետ, մայոր Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատարանում ի հայտ եկած հանգամանքները։

Վահանյանը, հիշեցնենք, հանդիսանալով հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետ, ըստ մեղադրանքի, 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում աջ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը օգտագործել է որպես պատրվակ, վերցրել վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել եւ հեռացել։ Նրա հեռանալուց հետո անձնակազմը տեղում գտնվող մի քանի սպաների հետ միասին անկանոն նահանջ է իրականացրել։

Դատական գործի շրջանակում քննության առարկա են դարձել ոչ միայն Վահանյանի այս գործողությունները, այլ նաեւ այդ նահանջի մանրամասները։

Մասնավորապես, հարցաքննության ժամանակ սպա Հայկազ Գրիգորյանը պատմել է, որ Վահանյանի գնալուց հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել է, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն այդ ժամանակ հայտարարել է, որ վկայի խոսքերը հանցագործության տարրեր են պարունակում, որից հետո իրավահաջորդների անունից հաղորդում է ներկայացվել։

Մեր զրույցում Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնված վարույթով քննության առարկա պետք է դառնան ինչպես տվյալ օրը տվյալ վայրում գտնվող սպաների գործողությունները, այնպես էլ դրանից առաջ՝ հոկտեմբերի 7-ի մոտակայքում, զինծառայողներին Հադրութի զորամաս տեղափոխելը։ Բանն այն է, որ Հադրութի զորամասն էլ այդ ժամանակ անվտանգ չի եղել, եւ ըստ տուժող կողմի՝ սխալ էր զինծառայողներին այնտեղ տանելը։

Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնված վարույթով ծնողներն առայժմ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել, դատավարական որեւէ գործողության չեն մասնակցել։

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ այժմ հանցագործության մեկ այլ հաղորդում են պատրաստում․ «Հիմա երկրորդ հաղորդումն ենք պատրաստում գեներալ Կարեն Առստամյանի հետ կապված, նրա ցուցմունքը խոստովական ցուցմունք էր, որ վկայում էր անգործության մասին, քննությունը կպարզի՝ ուղղակի՞ թե՞ հանցավոր անգործության»,- ասաց նա։

Նշենք, որ Կարեն Առստամյանը պատերազմի ժամանակ այն դիվիզիայի հրամանատարն էր, որի ղեկավարման ներքո է գտնվել նորակոչիկների հիշյալ գումարտակը։ Դատարանում ցուցմունք տալիս Առստամյանը նշել է, որ Վահանյանի ենթադրյալ փախուստի, կապի միակ միջոցի բացակայության եւ զորքի ոչ կանոնակարգված նահանջի մասին իրեն չի զեկուցվել, ինքը օրեր անց է իմացել, իսկ իմանալուց հետո հնարավորություն չի ունեցել ենթադրաբար անտառներում մնացած զինծառայողների դուրսբերման ուղղությամբ որեւէ գործողություն իրականացնել։

Առստամյանի ցուցմունքը նաեւ որոշ դրվագներով հակասել է նույն օրը հարցաքննված փոխգնդապետ Ռյուրիկ Սեմյոնովի ցուցմունքին։ Վերջինս դատարանում հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից սկսած՝ տեխնիկայի շարժ է նկատվել, 24-ին կամ 25-ին անօդաչու են բարձրացրել եւ տեսել հակառակորդի մեծ քանակությամբ կուտակումը։ Այդ օրը, ըստ նրա, Կարեն Առստամյանը, իր կողքին է եղել, մինչդեռ Առստամյանը նշել է, որ ինքը արձակուրդում է գտնվել, եւ ծառայության է վերադարձել միայն սեպտեմբերի 26-ին։

Սեմյոնովի խոսքով՝ նման կուտակումների դեպքում պետք էր առաջինը գործել, խոցումներ իրականացնել, սակայն իրենք, որքան էլ զեկուցել են վերադաս հրամանատարությանը, դիվիզիայի հրամանատարից կամ ուրիշ մեկից նման հրաման այդպես էլ չեն ստացել․ «Պետք է պարզվի, թե մինչեւ ում են զեկուցել, արդյոք մինչեւ վերջ զեկուցվել է՝ Պաշտպանության բանակի շտաբի պետ, ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, երկու Հանրապետությունների նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Գերագույն գլխավոր հրամանատար․․․ Եթե այս բոլոր անձանց հասցվել է, ապա ինչո՞ւ որեւէ գործողություն չի արվել, զինվորները ամսի 26-ին հանգիստ իրենց գործով են եղել, այդպես չի լինում,- մեր զրույցում ասաց փաստաբանը՝ կատարվածը դավաճանություն որակելով։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել