Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար
11:20 - 08 նոյեմբերի, 2022

Քրեական հետապնդում է հարուցվել ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության համար

Մ.Ն.-ն, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Մասնավորապես, Մ.Ն.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Մ.Ս.-ի հետ՝ հիմնադրամի գումարները «Հերացի» կազմակերպությանը փոխանցելու, այդ գումարներով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի հետ առնչություն ունեցող «Նավասար» ՍՊ ընկերության «Ծովասար» հյուրանոցային համալիրի տնօրեն Վ.Ս.-ից շուկայականից բարձր գներով հանգստի տներ ձեռք բերելու և ավելի վճարվելիք գումարները Վ.Ս.-ին դարձնելու շուրջ: Վերոնշյալ արարքի կատարման համար Գլխավոր դատախազությունը Մ.Ն.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել:

Մ.Ն.-ին մեղսագրվում է հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  նախատեսված՝  վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն)  հանցավոր արարքի կատարում:

Մ.Ս.-ի նկատմամբ ևս հարուցվել է քրեական հետապնդում հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության օժանդակություն (ներկայում գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության օժանդակություն) կատարելու համար:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ խոսքը ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի մասին է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել