ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները
14:18 - 15 նոյեմբերի, 2022

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «էժանագին սուտ» որակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության վերաբերյալ։

Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու ԵՄ առաքելությունը չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի վերջին խախտումներին, Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել դիտորդական առաքելության գործունեությունը:

«Ինչ ա ասում, որ նրանք (ԵՄ դիտորդները) հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն ա»,- նշեց Աշոտյանը։

Ապա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդները եկել են ոչ թե հրադադարի մեխանիզմների պահպանման համար, այլ ավելի «խորը միսիայով»։ Որպես իր խոսքերի հաստատում Արմեն Աշոտյանը նաև կից հրապարակեց ԵՄ պաշտոնական հրապարակումն՝ առաքելության գործառույթների մասին, և ընթերցեց դրանից հատվածներ։

Ըստ Աշոտյանի՝ ԵՄ կայքում նշված է, որ առաքելությունը պետք է «սատարի վստահության կառուցման պրոցեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ իրականացնելով»։ 

Նա ԵՄ հայտարարությունից մեջբերեց ևս մի հատված․ «ԵՄ մոնիթորինգային կարողությունը Հայաստանում պետք է զեկուցի միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում հրադադարի պահպանմանը վերաբերող զարգացումների մասին»։ 

 

Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը

Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց առաքելությունը չի արձագանքել։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դիտորդներն «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»։ 

«Կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պիտի անեն, և այդ հետևություններն, իմիջիայլոց, պիտի փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն է»,- նշեց նա։

 

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը

Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքիշխան տարածքից հատվածներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար հաստատվեց։ Սակայն ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների՝ Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է խախտել հաստատված հրադադարը։

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ առաջին անգամ խոսվեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։ 

«Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն հայտարարություն տարածեց, որ մինչև 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայումը նպատակ է ունենալու վստահություն ստեղծելու անկայուն իրավիճակում։

Հոկտեմբերի 27-ին ԵՄ դիտորդներն ուղևորվեցին հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։

 

Ի՞նչ գործառույթներ ունի առաքելությունը

Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ն հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել էր, թե ինչ նպատակով է դիտորդական առաքելությունը գալու հայ-ադրբեջնական սահմանի հայկական հատված (ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ մերժել է Եվրամիության՝ Ադրբեջան առաքելություն ուղարկելու փորձը)։

«Առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում իրավիճակի մոնիթորինգն է` երկու երկրների միջև վստահության հաստատմանը նպաստելու և ԵՄ-ին սահմանային հանձնաժողովներին ավելի լավ աջակցելու հանարավորություն տալու համար»,- ասվում էր ԵՄ կայքում:

Այնուհետև նշվում էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի երկու հիմնական առաջադրանք.

  1. Կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով, թե արդյո՞ք երկու կողմերը պահպանում են հրադադարը։
  2. Կանոնավոր և ըստ անհրաժեշտության ներկայացված զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։

ԵՄ կայքում նաև նշվում է, որ դիտորդական առաքելությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում հրադադարին վերաբերող զարգացումների մասին։ 

Այս փաստաթղթում, որին էլ հենց հղվում էր Արմեն Աշոտյանը, փաստորեն արձանագրվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները։ Ընդ որում՝ ԵՄ կայքում նշված է, որ, բացի կանոնավոր զեկույցներից, ըստ անհրաժեշտության՝ կներկայացվեն նաև այլ զեկույցներ։ 

Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները փաստագրել է։

«Առաքելությունը ԵՄ և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական պետականության»,- գրել էր Մարուքյանը։

Գլխավոր լուսանկարում ԵՄ առաքելության դիտորդներն են՝ Գեղարքունիքի մարզում, լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել