Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է
16:27 - 18 նոյեմբերի, 2022

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. նրա առողջական վիճակը բավարար է

Վարուժան Ավետիսյանը կրկին ենթարկվել է զննության. արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։ 
 
«Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ:
 
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ.Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք վերջինիս խոսքերով կրում են մշտական բնույթ:
 
Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել։ 
 
Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։
 
Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։ Ներկա պահին Վ. Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է»,- ասված է հաղորդագրության մեջ։  
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել