ՀՀ նախագահից պահանջում ենք չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում․ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը
15:18 - 24 նոյեմբերի, 2022

ՀՀ նախագահից պահանջում ենք չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում․ քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հայտարարությունը

Քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորի ընտրության վերաբերյալ հայտարարություն են տարածել։ Հայտարարությունը՝ ստորև․

«2022 թվականի նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից դատավոր է ընտրվել է Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, խիստ անընդունելի և դատապարտելի ենք համարում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացնող դատավորների կազմում դատավոր Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը: Մնացական Մարտիրոսյանը հայտնի է որպես քաղաքական հնչեղ գործերով ներգրավված դատավոր, ում դատավճիռներով դատապարտվել են քաղաքական բանտարկյալներ, որոնց թվում են՝ 2008թ. մարտի 1-ից հետո «7»-ի գործով դատապարտված Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք:

2006թ.-ին Մնացական Մարտիրոսյանի վճռով է ազատազրկման դատապարտվել ընդդիմադիր գործունեություն իրականացնող, այդ ժամանակ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, 2007թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը, 2017թ.-ին Գևորգ Սաֆարյանը և այլ անձինք: Մնացական Մարտիրոսյանը քննել է նաև 2001թ. Պողոս Պողոսյանի սպանության դեպքի վերաբերյալ քրեական գործը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով հաստատվել են հիմնարար իրավունքների խախտումները և քաղաքական հետապնդման փաստը, որոնց արդյունքում նրանցից ոմանք տարիներ անց արդարացվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից: Այս համատեքստում Մնացական Մարտիրոսյանի՝ բացառապես քաղաքական կլանային շահերին սպասարկող գործունեությունը խաթարել է ոչ միայն արդարադատության ընկալումը ու վնասել Հայաստանի դատական իշխանության հեղինակությունն ու հանրային վստահությունը, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից նման վարկանիշ ունեցող դատավորին հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրելը խեղաթյուրում է պետության հակակոռուպցիոն քաղաքականությունը և խորացնում է դատական համակարգի նկատմամբ տիրող անվստահությունը։ Նման ընտրությունը ուղղակիորեն հակասում է 2018 թվականի Թավշյա հեղափոխության արժեքներին ու արժեքային ընտրությանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում համաժողովրդական շարժումը արդարադատության արատավոր բարքերի, կոռուպցիայի և հալածանքների դեմ էր։

Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետեւանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ:

Սույնով նաև ստիպված ենք արձանագրել, որ Բարձրագույն Դատական Խորհուրդը ամբողջությամբ անտեսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ու իր իսկ կողմից որպես ազգային փորձագետ ներգրավված «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի` թեկնածուների բարեվարքության եզրակացությունները։ Բարեվարքության բացասական եզրակացություն ստացած թեկնածուի նշանակումը վկայում է ԲԴԽ անդամների մեծամասնության կողմից հակակոռուպցիոն այդ կարևոր գործիքի անտեսման մասին:

Մնացական Մարտիրոսյանի վերջնական նշանակման պարագայում ստիպված կլինենք վերագնահատել բարեվարքության ստուգման գործընթացում քաղաքացիական հասարակության, ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման», ներկայացուցչի մասնակցությունը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը:

Այդ նպատակով պահանջում ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանից՝ չնշանակել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի պաշտոնում և նրա թեկնածությունը առարկություններով վերադարձնել Բարձրագույն դատական խորհրդին»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ

Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել