Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
«Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։ Արցախյան կողմից էլ հայտնում են, որ Ադրբեջանն է պարբերաբար կրակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։
Նոյեմբերի 24-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակել է Մաղավուզ գյուղի ուղղությամբ։ Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեղադրել էր ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու ու հայկական տեղանուններ գործածելու մեջ։
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբից արձագանքել էին Բաքվի հայտարարությանը՝ մեղադրանքն անվանելով «զարմանալի»։
comment.count (0)