armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ձեռնպահ քվեարկեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ դեկտեմբերի 1-ին ՔՊ և «Հայաստան» խմբակցությունները հնարավորություն են ունեցել բովանդակային քննարկում ունենալ հայտարարության տեքստի շուրջ:
«Կարող եմ ասել, որ բազմաթիվ կետերի շուրջ ստացվեց փոխհամաձայնության գալ: Ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա Ազգային ժողովի հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ անց գումարվելու է, և այն լինելու է երեքժամյա ռեժիմով, առաջարկում եմ բովանդակային քննարկումները տեղափոխել պլենար նիստերի ձևաչափ: Ինչ վերաբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշմանը հարցի վերաբերյալ, ապա հանձնաժողովների անդամներին կոչ եմ անում ձեռնպահ քվեարկել այս նախագծի հաստատմանը»,- ասաց Աղաջանյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես է գալիս Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացնում է Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։
comment.count (0)