Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել
17:26 - 21 դեկտեմբերի, 2022

Խուռհատ սարում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հաղորդման հիման վրա երկրորդ քրեական վարույթն է նախաձեռնվել

2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հադրութին հարակից Խուռհատ սարում Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի ռազմական օպերացիայի ձախողման, ոչ կանոնակարգված նահանջի եւ դրա պատասխանատուների վերաբերյալ մի շարք հարցեր շարունակում են առկախված մնալ։ Չնայած նրան, որ նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը ամբաստանյալի աթոռին է եւ մեղադրվում է իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ, դեպքի բոլոր հանգամանքները առայժմ պարզ չեն։

Իշխան Վահանյանի վերաբերյալ գործով դատարանը այս տարվա հուլիս ամսից հարցաքննությունների փուլում է, որի շրջանակում դատակոչվում  եւ հարցաքննվում են ինչպես հիշյալ գումարտակի շարքային զինծառայողներ, այնպես էլ սպայական կազմից, այդ թվում՝ բարձրագույն սպայակազմից առանցքային վկաներ։ Տուժողների իրավահաջորդներն էլ, վերջինններիս ցուցմունքներում առերեւույթ հանցակազմի տարրեր տեսնելով, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում։

Վերջին հաղորդումը, որը, ինչպես մեր զրույցում հայտնել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի գործողությունների վերաբերյալ է (Առստամյանի ցուցմունքը՝ այստեղ), զոհված եւ անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ ներկայացրել են նոյեմբերի 20-ին։ Այս հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Infocom-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 549-րդ եւ 550-ի հոդվածների 3-րդ մասերի` պատերազմի ժամանակ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու եւ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով։

Սա ծնողների հաղորդման հիման վրա նախաձեռնված երկրորդ քրեական վարույթն է։ Նախորդ հաղորդումը ներկայացրել էին հոկտեմբերի 17-ին, որի հիման վրա, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դարձյալ վարույթ է նախաձեռնվել նույն հոդվածներով։ Այս հաղորդումը վերաբերում էր Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո զորքի հետ նահանջ իրականացրած Հայկազ Գրիգորյանի, Վազգեն Վարդանյանի եւ մյուս սպաների գործողություններին (սպաների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ

Ուշագրավ է, որ սպաների ցուցմունքները քրեական վարույթ նախաձեռնելու հիմք են հանդիսանում ներկայում, երբ գործը դատաքննության փուլում է, մինչդեռ նրանք նույն դեպքերի շուրջ նախաքննության փուլում էլ քննչական մարմնում հարցաքննվել են։

Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հիշյալ երկու վարույթները միացվել են, իրականացվում է նախաքննություն։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել