ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ
16:22 - 12 հունվարի, 2023

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը:

«Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում»,- նշել է Հունանյանը։

Նրա խոսքով՝ Քարտուղարության խնդիրները հստակ սահմանված են ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում․ «Քարտուղարությունը Կազմակերպության մարմինների գործունեության կազմակերպչական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական ապահովման աշխատանքային մարմին է»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

«Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել