aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներից է տեղեկացել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողովի նախագահին։
Նա կարծում է, թե այս միջնորդությունն այսօր են ներկայացրել, որ շեղեն հասարակությանն այն իրավիճակից, որը տիրում է Հայաստանում։
«Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։
Ազգային ժողովի նախագահը ստացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Պատգամավորին համապատասխան տեղեկացում է տրվել։ Առաջիկա քառօրյա նիստի ընթացքում միջնորդությունը կմտնի օրակարգ», - հայտնեց Ծովինար Խաչատրյանը։
comment.count (0)