Զինդատախազությունը անդրադարձել է կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ եղած հակասություններին։ «Լուրեր»-ի հետ զրույցում Զինդատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը հայտնել է, որ կացարանում 22 զինծառայող է ապրել․ մեկն արձակուրդում է եղել, երկուսը դեպքի պահին դրսում են եղել, երկուսը՝ կապիտանը եւ նրան օգնության հասած օրվա հերթապահը, դուրս են եկել դռնով, եւս երկուսը՝ պահուհանների ճաղավանդակներից․
«Մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասենյակում՝ ննջարանի մուտքի դիմաց»։
Նրա խոսքով սա ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի դուռը փակված չի եղել․ «Այս հանգամանքի շուրջ այս պահին դեռեւս քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան գործողություններ»։
Անդրադառնալով ՆԳՆ ՓԾ պետ տեղակալ Արսեն Սարոյանի խոսքին, թե զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, Մարտիրոսյանն ասաց, որ այդ հանգամանքը եւս մանրամասն քննության առարկա է դարձել․
«Տվյալ պաշտոնատար անձը հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը, մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ եւ նրանց փոխանցած բանավոր տեղեկությունները այլ կերպ է ընկալել»։
Մարտիրոսյանի խոսքով Սարոյանն իր ցուցմունքում ասել է, թե աշխատակիցները իրեն ասել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, իսկ ինքը ընկալել է, թե մահճակալների վրա պառկած են հայտնաբերվել։
Զինդատախազության պաշտոնյան անդրադարձել է նաեւ ավտոբենզինի շուրջ հակասություններին՝ նշելով, որ 2023 թ․ հունվարի կեսերից այդ ստորաբաժանմանը հատկացվել է 80 լիտր ավտոբենզին՝ լցված հինգլիտրանոց պլաստմասե տարաների մեջ, անձնակազմն այն պահել է կացարանին կից բացազատված ավտոհավաքակայանում, իսկ այն տրամադրվել է հատուկ տեխնիկաների շարժիչները գործարկելու համար։
«Դեպքի օրը՝ նախքան հրդեհը, ավտոհավաքակայանում եղել են թվով 10 տարաներ, որոնցից 9-ը դեպքից հետո տեղանքի զննությամբ հայտնաբերվել ու առգրավվել են, այսինքն՝ փաստացի պակասել է մեկ հինգլիտրանոց ավտոբենզինով տարա», - նշել է նա։
Մարտիրոսյանի խոսքով, համաձայն նախաքննության տվյալների, սպան այդ տարան օգտագործել է նախասենյակի վառարանը վառելու համար։
Հնչող հարցերից մյուսին, թե ինչպես չեն այրվել տարածքում գտնվող գազօջախն ու աթոռը, նա պատասխանեց, որ այս հարցերով եւս քննությունը շարունակվում է, սակայն նախնական տվյալներով, քանի որ տունը գազաֆիկացված չի եղել, անձնակազմը տեղադրված գազօջախը դուրս է բերել, տեղակայել տան արտաքին պատի տակ, դրա կողքին նաեւ հին, չօգտագործվող աթոռը․
«Այսինքն՝ կարող ենք փաստել, որ դեպքի պահին, ինչպես նաեւ դրան նախորդող ժամանակահատվածում տվյալ գազօջախը եւ աթոռը տան մեջ չեն եղել, այլ տեղադրված են եղել տանը հարակից»։
Քննությամբ պարզվել է, որ տան հակահրդեհային վահանակներ տեղադրված չեն եղել, իսկ նախնական տվյալներով կացարանի հատակը, եւ ննջարանի մուտքի դուռը եղել են փայտյա․
«Տվյալ տանը տեղակայվելու պահից սկսած պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ ստորաբաժանմանը չեն հատկացվել հակահրդեհային պատպանության միջոցներ, նման միջոցներով անձնակազմը ապահովված չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ընթացիկ ստուգումներ չեն իրականացվել, ինչը օրենքի պահանջ է։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Ըստ դատախազության՝ գիշերը հրդեհի վայրից 7 զինծառայող է տեղափոխվել հոսպիտալ․ չորսը դուրս են գրվել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։
comment.count (0)