Ինձ զարմացնում է գլխավոր դատախազը, որը մեկ ասում է՝ իրավունք չունի մանրամասներ հայտնել, մեկ էլ՝ անձանց ցուցմունքներ է հրապարակում․ Ագնեսա Խամոյան
 |tert.am|
12:06 - 07 փետրվարի, 2023

Ինձ զարմացնում է գլխավոր դատախազը, որը մեկ ասում է՝ իրավունք չունի մանրամասներ հայտնել, մեկ էլ՝ անձանց ցուցմունքներ է հրապարակում․ Ագնեսա Խամոյան |tert.am|

tert.am: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում նիստին, որի օրակարգում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։

«Այն, թե ինչով է պայմանավորված այս «շրջիկ թատրոնին» մեր չմասնկացելը, կարծում եմ, Սեյրան Օհանյանը իր ուղերձում շատ հստակ ներկայացրել է։ Այսօրվա բարդագույն իրավիճակում, որ գտնվում է մեր երկիրը՝ չմասնակցել այս բեմականացմանը և թույլ չտալ իշխանություններին հերթական անգամ փորձ կատարել հանրության ուշադրությունը նման բեմականացումներով երկրի իրական օրակարգերից շեղել։ Մեր բացակայության պայմաններում այն շոուն, որ ցանկանում էին ստանալ, այդքան էլ հաջող չի ստացվում»,- ասաց Խամոյանը։

Պատգամավորը զարմանք հայտնեց, որ գլխավոր դատախազը այս գործով վկաների ցուցմունքներ է հրապարակել։

«Ինձ զարմացնում է դատախազի կողմից վկաների ցուցմունքներ հրապարակելը, մեկ ասում է՝ իրավունք չունի այլոց մասով մարամասներ ներկայացնել, մեկ ուղիղ մեջբերումներ է անում անձերի ցուցմունքներից, ինչի իրավունքը ակնհայտորեն չունի։ Իշխանական պատգամավորները այսօրվա ելույթներում շեշտեցին այն, որ Սեյրան Օհանյանը կարող էր օգտվել վաղեմության ժամկետից, բայց չի օգտվել, այո և՛ ինքը, և՛ Արմեն Չարչյանը  իրենց գործերի մասով կարող էին օգտվել վաղեմության ժամկետից և այս ներկայացումը այստեղ չէր լինի»,–ասաց Խամոյանը։

Նա նշեց, որ առանց ԱԺ նիստի էլ՝ իրավական գործընթաց արդեն իսկ կա, որևէ դրվագով ո՛չ Օհանյանը և ո՛չ էլ Չարչյանը չեն խուսափել  քննությունից։

«Որևէ մեկը չի կասկուծում, որ իրենք անելու են այն, ինչ իրենց վերևից հրահանգված է և զրկելու են անձեռնմելիությունից»,- ասաց Ագնեսա Խամոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել