Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին
 |armenpress.am|
17:54 - 07 փետրվարի, 2023

Պաշտպանության նախարարը հանգամանալից ներկայացրեց բանակում առկա խնդիրները․Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց զինված ուժերում ստեղծված իրավիճակի, խնդիրների և հրատապ անելիքների վերաբերյալ դռնփակ ռեժիմով քննարկումից։ Լրագրողների հետ ճեպազրույցում Գեղամ Մանուկյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայությամբ բարձրաձայնեցին զինված ուժերում առկա խնդիրները։

«Սուրեն Պապիկյանը, ինչը գնահատելի է, հանգամանալից ներկայացրեց խնդիրները և տեխնիկական ապահովման, և սպառազինության հետ կապված։ Նա փորձեց հնարավորինս բաց ներկայացնել»,- ասաց Մանուկյանը։

Լրագրողի հարցին, թե բավարար համարու՞մ է զինված ուժերում իրականցվող աշխատանքները և որքանո՞վ էին օբյեկտիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումները առկա խնդիրների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող բավարարել այն, ինչ-որ այսօր կատարվում է զինված ուժերում։

«Քանի զինված ուժերում այս վիճակն է, քանի Ազատ գյուղում նման աննախադեպ դժբախտ դեպք է տեղի ունեցել, չի կարող որևէ մեկը բավարարվել․․․ Ցավոք, երկու տարվա մեջ շատ տեղերում ուղղակի թերի ինժեներական աշխատանքներ են կատարվում կամ գրեթե աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Մանուկյանը։

«Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» ԱԺ-ում դռնփակ քննարկում անցկացվեց: Քննարկումը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել