1lurer.am: ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել և ամբողջացնել ՀՀ Կառավարության իրավասությունը քաղաքաշինության բնագավառում, որը կնպաստի տվյալ բնագավառում կառավարման գործառույթների արդյունավետության բարձրացմանը: Նախատեսվում է նաև հստակեցնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակը, ինչի արդյունքում առավել արդյունավետ կդառնա կոմիտեի աջակցությունը քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակմանը: Առաջարկվում է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացնելու հնարավորություն նախատեսել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում, ինչպես նաև Կառավարությանը վերապահել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերի սահմանման լիազորություն:
Նախագիծն ԱԺ մարտի 1-ի նիստում ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է` ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք նախագծվել են, օրինակ, որպես 10 հարկանի շենք, բայց հետո դարձել 12 հարկանի, արդյոք դա նորմա՞լ է: Իսկ եթե նորմալ չէ, ապա ի՞նչ է արվելու, որ այդ պրակտիկան դադարեցվի:
Արմեն Ղուլարյանի խոսքով՝ այդ գործունեությունը նորմալ չէ, և այսօր արդեն այդ պրակտիկան վերացվել է: Նա պարզաբանել է, որ համայնքների, հատկապես Երևանի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգված է, և նման խնդիր այլևս չի կարող լինել, իսկ եթե նախագծից շեղումներ լինեն, ապա միայն անվտանգության կանոնները պահպանելու դեպքում:
Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Ելույթ ունենալով` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշել է, թե նախագիծը խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել նախագծի հապճեպ քննարկումը:
Անդրադարձ է եղել նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին` կապված շենք-շինությունների մատչելիության հետ: Մասնավորապես, Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս հարցի հետ կապված օրենսդրական բացեր չկան, ուստի անհասկանալի է` ինչո՞ւ են համատարած անմատչելի նույնիսկ նորակառույց, նոր հիմնանորոգված կառույցները: Նա հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրը կլուծվի այս նախագծի ընդունումից հետո:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ելույթում անդրադարձել է գործընկերոջ հնչեցրած տեսակետին և նշել, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փորձագետներն աշխատելու են Քաղաքաշինության կոմիտեի իրավաբանների հետ և հստակ կարծիք են տալու, թե սահմանադրականության և իրավական այլ հարցերի հետ կապված հակասություններ կա՞ն, թե` ոչ:
Պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:
Եզրափակիչ ելույթում Արմեն Ղուլարյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:
comment.count (0)