44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ ժամեր շարունակ հարցաքննվեցին նույն գումարտակի զոհված զինծառայողների ծնողները։ Թեեւ վկաների հարցաքննության փուլը դեռ չի ավարտվել, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը որոշել է փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը, քանի որ մնացած վկաները Արցախի Հանրապետությունում են եւ փակ ճանապարհի պատճառով դատարան ներկայանալու հնարավորություն առայժմ չունեն։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Այժմ Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Հարցաքննվող ծնողները մեղադրանքի դրվագի մասին տեղեկություններ գրեթե չունեին, նույնիսկ նշեցին՝ պատերազմի օրերին չեն էլ իմացել, որ Վահանյանն է գումարտակի հրամանատար նշանակվել։ Փոխարենը նրանք պատմեցին, թե ինչ հանգամանքներում են իրենց նորակոչիկ, անգամ զինվորական երդում չտված որդիները հայտնվել Հադրութում, ընկել շրջափակման մեջ, ապա՝ զոհվել։
Գեղամ Ղազարյանի խոսքով՝ հին զինծառայողները բարձր հրամանատարությանը փորձել են համոզել, որ նորակոչիկներին Խուռհատ չտանեն
Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանի երկու որդիները մասնակցել են պատերազմին։ Մեծ որդին՝ Սամվել Ղազարյանը, մեկուկես տարվա զինծառայող է եղել, փոքրը՝ Նարեկ Ղազարյանը՝ երկու ամսվա։
Գեղամ Ղազարյանը պատմեց, որ հոկտեմբերի սկզբին եղբայրները Հադրութում հանդիպել են իրար, զանգել տուն, ասել՝ մամ ջան, մենք գտանք իրար, սակայն դա նրանց վերջին հանդիպումն է եղել․ «Իմ մեծ տղան մոտեցել է Գարիկ Վարդերեսյանին (Վահանյանից առաջ նա է եղել գումարտակի հրամանատարը,–հեղ․), ասել՝ իմ ախպերը նորակոչիկ է, կամ գալիս է իմ հետ, եթե զոհվելու ենք, իրար հետ զոհվենք, կամ մեկնումեկս պիտի գնա, հասնի մեր հորն ու մորը։ Գարիկն ու նույն այս սրիկան (ձեռքով ցույց է տալիս Իշխան Վահանյանին,–հեղ․) ասել են՝ չէ, դու գնա, մենք նորակոչիկներին տանում ենք ապահով տեղ, բայց խաբում են․․․ Իմ տղան էդ օրն ասաց՝ պա՛պ, եթե իմ ախպերը տուն չեկավ, ես էս երկուսին էլ գյուլլելու եմ․․․ Եթե ես իմանայի․․․ Հենց էդ օրն էլ կասեի՝ գյուլլի»։
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը
Ղազարյանի խոսքով՝ հին զինծառայողները բարձր հրամանատարությանն էլ են փորձել համոզել, որ նորակոչիկներին առաջնագիծ չտանեն․ «Ասել են՝ ավելի լավ է՝ մենք գնանք դիրքեր, քան նորակոչիկները, որովհետեւ իրենք զենք–զինամթերքի չեն տիրապետում, բայց վերնախավն ասել է՝ տանում ենք ապահով տեղ, հեսա տեխնիկա էլ են բերելու, այնինչ խաբել են, ամսի 9–ին նստեցրել են ավտոները, տարել են սարը, ու գիտեք՝ ինչ է կատարվել»։
Հետագայում Ղազարյանին պատմել են, որ այդ օրը մեծ որդին տեսել է, որ դպրոցին հարակից խանութի պատուհանները ՄՈԲ–ի անձնակազմը ջարդել է, ինչ ուզում, վերցնում է, եւ քանի որ զինծառայողները, մեկ այլ մարտադաշտից վերադարձած, արդեն մաշված հագուստով են եղել, մոտեցել, հարցրել են՝ կարո՞ղ են իրենք էլ զինվորական համազգեստներ վերցնել․ «ՄՈԲ–ն ասում է՝ բա դուք պետք է էս լավ ֆորմեքը հագնեք, տղերք ջան, էրեխեքը իրենց շորերը հանում են, նոր ֆորմաները հագնում, մի քանիսն էլ վերցնում, որ տանեն, տան տղերքին․․․ Էդտեղ գալիս է զամպալիտ Մանուկ Բադալյանը, զանգում է Գայի (Ճանապարհային ոստիկանություն–հեղ․), ասում՝ եկեք զինվորները խանութը թալանում են․․․ Ոստիկանությունը գալիս է, էրեխեքին շորերը հետ հանել է տալիս․․․ Մինչեւ էսօր ես իմ Սամոյի զինվորական գրքույկը գտնել չեմ կարողանում, որովհետեւ էդ նոր շորի գրպանն է դրած լինում․․․ Մանուկն ասում է՝ համբերեք, պատերազմը պրծնի, տեսեք՝ ձեզ ոնց եմ դատելու»,– հուզված պատմում է հայրը։
Փոքր որդու հետ Ղազարյանը վերջին անգամ հոկտեմբերի 9-ին է խոսել, Նարեկն ասել է՝ մեզ տանում են Սամոյենց մոտ։ Իրականում սակայն, եղբայրներն այդ օրը բաժանվել են․ Սամվելը մեկնել է Ջրական, Նարեկը՝ Խուռհատ սար։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, սարից նահանջ իրականացնելիս Նարեկը վիրավորվել է․ «էրեխեքը ուժեղ մարտ են վարել, մեկը մյուսի թիկունքը պաշտպանելով՝ իջել են, նահանջել դեպի Վանք գյուղ, երբ թշնամին նորից կրակել է, ինքն էլ է կրակել, ուզել է թռնել ձորը, չի հասցրել, փամփուշտը որովայնի հատվածում ծակել, դուրս է եկել․․․ 12 ժամ այդպես ապրել է»։
Լուսանկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը
Նահանջած եւ առանց հրամանատար մնացած նորակոչիկները բաժանվել են խմբերի եւ տեղակայվել գյուղի տարբեր տներում։ Նախորդ դատական նիստի ժամանակ հարցաքննված վկա Կարեն Աբրահամյանը պատմեց՝ Նարեկն այդ տներից մեկում իր ձեռքերում է զոհվել։ Ծառայակից ընկերները մատնանշել են, թե որտեղ են թաղել նրան։ Պատերազմից հետո որոնողական աշխատանքներին միացած Գեղամ Ղազարյանը դեկտեմբերի 7-ին որդու մարմինը հանել է Վանք գյուղից։
Հոկտեմբերի 12-ին զոհվել է նաեւ Գեղամի մեծ որդին։ Ամիսներ շարունակ նրան Արցախում որոնող հայրն ի վերջո Աբովյանի դիահերձարանից է որդուն գտել․ ԴՆԹ համընկնում է եղել․ «Հերացու տնօերնն ասում էր՝ վախենում էինք քեզ ասել, քոնն երկու հատ էր․․․Եթե երկու եղբայր գտնվում են ռազմական գործողությունների մեջ, նրանցից մեկը պետք է գտնվի 100 կմ հեռու, այսինքն՝ մեկը պիտի գտնվեր մոտավորապես Գորիսում, ոչ թե առաջնագծում․․․ Բոլորը մեզ խաբեցին, փափուկ բարձ դրեցին մեր գլխի տակ»,– վրդովվեց Ղազարյանը։
Հարցաքննության ավարտին զոհված զինծառայողների հայրը դատարանին խնդրեց՝ Իշխան Վահանյանին կամ դատապարտել ցմահ ազատազրկման, կամ ազատ արձակել․ «Ես իմ վրեժը իրենից պիտի լուծեմ, միայն իրենից չէ, իր պես փախած սրիկաներից», –ասաց նա։
Հրանտիկ Հարությունյանի խոսքով՝ իր որդին ոչ թե պատերազմի ժամանակ, այլ դրանից հետո է զոհվել
Տուժողի իրավահաջորդ Հրանտիկ Հարությունյանը զոհված Հայկ Հարությունյանի հայրն է։ Հայկը բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 22-ին, սկզբում ծառայել է «Մարտունի 2»-ում, հետո տեղափոխվել է Ջրական։ Պատերազմի առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ հոկտեմբերի 6-ը ընտանիքը տեղեկություն չի ունեցել որդուց, դիմել է հնարավոր բոլոր կառույցներին, բայց ոչ ոք ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 6-ին Հայկը կապի է դուրս եկել, ասել, թե ամեն ինչ նորմալ է, իրենց ապահով տեղ են տարել․ թե որտեղ, չի նշել։ Հոկտեմբերի 8-ից կապը դարձյալ կորել է․ «Նորից դիմել ենք բոլոր պատկան մարմիններին, մինչեւ անգամ նախարարություն, ոչ մի օգնություն, մարդիկ չէին ցանկանում օգնել, մի բան գիտեին, թե կապ չկա ու վերջ, բայց թե ծնողները ոնց էին գտնում, կապ հաստատում․․․ Զարմանալու բան է․․․ Երեւի մտածված էին անում»։
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Հրանտիկ Հարությունյանը
Երբ կապը դարձյալ կորել է, Հրանտ Հարությունյանը ծանոթ մարդկանց միջոցով գտել է սպա Գարիկ Վարդերեսյանի հեռախոսահամարը։ Վերջինս էլ նրան է փոխանցել սերժանտ Հարութ Կարախանյանի հեռախոսահամարը։ Կարախանյանը այն սերժանտն է, որն այդ օրերին շրջափակման մեջ մնացած խմբերից մեկի հետ է եղել, եւ շատ ծնողներ նրա միջոցով են կապ պահել որդիների հետ։ Հետագայում Կարախանյանը նույնպես զոհվել է․ «Հոկտեմբերի 16-ին ես գնացի Գորիս, զանգեցի Հարութին, հարցրի՝ Հարությունյան Հայկը քո հե՞տ է, շշուկով ճշտեց, ասաց՝ հա, ասացի՝ ի՞նչ կլինի, տուր, խոսենք հետը, հեռախոսը անջատեց, չխոսեցինք էրեխու հետ»։
Դրանից հետո դարձյալ Գարիկ Վարդերեսյանից ծնողն իմացել է, որ որդին Վանք գյուղի տարածքում շրջափակման մեջ է։ Հարցրել են, թե իրենք ծնողներով ինչ կարող են անել, որ օգնեն տղաներին փրկել, ասել են, թե ամեն ինչ նորմալ է, իրենք զբաղվում են․ «Այդպես՝ մինչեւ հոկտեմբերի 19-ը․ էդ օրը ասացին՝ էրեխեքը զանգել են, ճանապարհ ենք ցույց տվել, որ դուրս գան, ընկել են հրետակոծության տակ․․․ Դե ծնող ես, դիմացիր»։
Ծնողներով հավաքվել են, նորից գնացել Պաշտպանության նախարարություն, որտեղ նրանց դիմավորել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, առաջարկել գրավոր ներկայացնել այն տեղեկությունները, որ ունեն իրենց որդիների մասին․ «Մենք էլ հավատացինք, մի շաբաթ էդպես տարան–բերեցին, ծնողները սկսեցին տվյալները տալ, բայց․․․ Մարդիկ ոչ մի բան չարեցին․․․Մեր էրեխեքին փրկելը խաղ ու պար էր»։
Հարությունյանի խոսքով՝ այդ ընթացքում՝ նոյեմբերի 23-ին եւ 24-ին, հիշյալ սերժանտ Հարութը զանգել է իր հորը, որ օգնություն խնդրի, հայրը տանը չի եղել, «Ղարաբաղ տելեկոմ»–ի օպերատորի հետ է խոսել․ «Ասել է՝ 15 հոգով մի տեղ ենք, 5 հոգով՝ մի տեղ, շուտ հասեք օգնության, պիտի հասնեին, փրկեին, բայց ոչ մի բան չարեցին, մատը մատին չտվեցին, հարգելի՛ դատարան, ոնց որ էդ զինվորները իրենց պետք չլինեին․․․ Հիմա ասում են՝ կապի միջոց չկար․․․ Կապի միջոցն ի՞նչ կապ ուներ, մարդը կապի է դուրս եկել, ինչի՞ չարեցիք ոչ մի բան»։
Դեկտեմբերի 27-ին ադրբեջանական տելեգրամյան ալիքներն են տեղեկություն տարածել, թե իբր Հայաստանից ահաբեկիչներ են մտել Ադրբեջանի տարածք։ Կից հրապարակված լուսանկարներում Հարությունյանը ճանաչել է իր որդուն, դիմել Արցախի անվտանգության խորհրդի՝ այդ ժամանակվա քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Ի վերջո, 2021 թ․ հունվարի 3-ին այլ զինվորների մարմինների հետ որդու մարմինը վերադարձվել է հայկական կողմին։
Սարուբեկ Պետրոսյանի խոսքով՝ իր որդին իրեն ասել է, որ հրամանատարները թողել, փախել են
Հարցաքննված մյուս ծնողը Սարուբեկ Պետրոսյանն էր՝ Սասուն Պետրոսյանի հայրը։ Սասունը Ջրական է զորակոչվել 2020 թ․ հուլիս ամսին։ Հոր խոսքով՝ նա սրտի առիթմիա ուներ, ինչով պայմանավորված՝ պետք է սահմանափակ ծառայություն անցներ։
Պետրոսյանը սեպտեմբերի 27-ին խոսել է որդու հետ, բայց մանրամասն չի իմացել, թե որտեղ են եւ ինչ են անում։ Օրեր անց՝ հոկտեմբերի 11-ին, Հարություն Կարախանյանն է զանգել, փոխանցել որդուն․ «Ասաց՝ պապ ջան, մտել ենք շրջափակման մեջ, հարցրի՝ բա սպա չկա՞ ձեր մոտ, ասաց՝ չէ, բոլորը թողել, փախել են»։ Պետրոսյանի խոսքով՝ կոնկրետ Վահանյանի փախուստի մասին որդին նշել է, Հարութ Կարախանյանն էլ ասել է, թե նրա վիրավորման մասին լուրը սուտ է, որովհետեւ նա ավելի վաղ՝ «9–րդ կմ» կոչվող տարածքում է թեթեւ քերծվածք ստացել․ «Էրեխեն ասաց՝ կածանով իջել ենք ձորը, հիմա չգիտենք՝ դիմացից է թշնամի, թեւերից թե թիկունքից․․․ ՄՈԲ–ը թողել, հեռացել է, երբ իմացել է, որ Հադրութը թուրքերի ձեռքն է եղել, նույնն էլ Հադրութի սպեցնազը․ հրամանատարի հետ փախել է, մեր էրեխեքը մնացել են շրջափակման մեջ»։
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Սարուբեկ Պետրոսյանը
Պետրոսյանի խոսքով՝ Կարախանյանն իրեն պատմել է, որ երբ հավաքվել են Հադրութի դպրոցում, զորքն արդեն հոգնած, տանջված եւ հոգեբանորեն ընկճված է եղել, եւ գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Գարիկ Վարդերեսյանը բարձր ղեկավարությանը, այդ թվում՝ դիվիզիայի հրամանատարին, ներկայացրել է, որ իր զորքը պատրաստ չէ, որ նորակոչիկներ են, որոնց պետք է ապահով տեղ տանել։ Այդ քայլը, ըստ ծնողի, մեկնաբանել են՝ ասելով, թե Վարդերեսյանը զինվորներին հրահրում է առաջնագիծ չգնալ, եւ նաեւ դրանով պայմանավորված են Վարդերեսյանին հեռացրել այդ պաշտոնին՝ փոխարենը նշանակելով Իշխան Վահանյանին։ Նրա տեղեկություններով՝ դպրոցում անգամ վիճաբանություն է եղել, զենք եք քաշել տղաների վրա, ասել՝ ով չգնա առաջնագիծ, ազգի դավաճան է․ «Աղաբեկյան Արթուրն էլ ասել է՝ գառներին տարեք․․․ Մենք ոչխար էինք, մեր 18 տարեկան ոսկե սերունդն էլ՝ գառներ»,– վրդովվեց ծնողը։ Հիշեցնենք՝ դատարանում ցուցմունք տալիս Գարիկ Վարդերեսյանը իր ազատումը պայմանավորել է դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանի հետ ունեցած խնդրով, ասել է՝ Առստամյանը նշել է, որ ինքն ի վիճակի չէ խնդիր կատարելու։ Կարեն Առստամյանը դա պայմանավորել է նրանով, որ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Վարդերեսյանի հրամանատարությամբ առանց թույլտվության նահանջ է իրականացվել։ Դատարանում ծնողները, նաեւ սպա Ռյուրիկ Սեմյոնովը կարծիք են հայտնել, որ այդ նահանջը ճիշտ որոշում է եղել։
Լուսանկարում՝ նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը
Շարունակելով իր ցուցմունքը՝ Սարուբեկ Պետրոսյանը նշեց՝ հեռախոսազանգի ընթացքում ինքն աշխատել է հանգստացնել տղաներին, հուշել, թե ինչպես պաշտպանվեն, ապա փորձել ՊՆ–ի եւ ԱԱԾ–ի միջոցով օգնություն ուղարկել․ «Գնացել եմ Գորիսի զինկոմիսարիատ, որտեղ գնդապետ Հովսեփյանին նկարագրել եմ տեղը, տվել էրեխեքի կոորդինատները, համարները, նա կապվել է ոմն Կոմիտաս Մուրադյանի հետ, սա էլ ասել է՝ բա ես հեսա կկապվեմ, մի քանի ժամից կհանենք էրեխեքին»։ Պետրոսյանը կապ է հաստատել նաեւ Հադրութի քաղաքապետի հետ, նա էլ է խոստացել՝ մի բան անել․ «Հաջորդ օրը ժամը 12-ին էրեխեն զանգեց, ասեց՝ գիշերը քաղաքապետը կապվել, ուղղություն է տվել, դուրս ենք եկել Վանք գյուղ, բայց պարզվել է՝ էդտեղ ոչ մեկը չկա, կողքի գյուղերում էլ թշնամին է»։
Սարուբեկ Պետրոսյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 14-ը։ Ասաց՝ վերջին զրույցի ժամանակ որդին բարկացած էր, ասում էր՝ բարձրաստիճան մի սպա ասել է՝ ձեր գլխի ճարը տեսեք, այ լակոտներ, վիրավորներին գլխից խփեք, թռեք։ Հարցին, թե ում էին մեղադրում զինվորները, Պետրոսյանը պատասխանեց՝ բոլորին՝ Իշխան Վահանյանից, վաշտի հրամանատարներից սկսած մինչեւ դիվիզիայի եւ ՊԲ հրամանատար․ «Ինչքան դռներ ծեծեցինք, ոչ մեկը ոչ մի բան, խաբեցին, ես այն եզրահանգման եմ եկել, որ սրա նման դավաճանները եւ հանձին իրեն մեր երեխաներին տարել են մսաղացի, դա դավաճանություն է եղել»։
Դեկտեմբերի 27-ին ադրբեջանական ալիքներում տարածված լուսանկարներից Պետրոսյանը ճանաչել է իր սպանված որդուն։ Նրա մարմինը նույնպես հունվարի 3-ին փոխանցվել է հայկական կողմին։
Օրեր առաջ ճողվածքի վիրահատություն տարած Ալբերտ Ստեփանյանին ուղարկել են մարտական առաջադրանքի
Տուժողի իրավահաջորդ Գագիկ Ստեփանյանը զոհված Ալբերտ Ստեփանյանի հայրն է։ Ալբերտը պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ճողվածքի վիրահատության է ենթարկվել, գտնվել Ջրականի հոսպիտալում։ Հայրը կամավորագրվել, Ջրական է գնացել, մեկ ամսից ավելի ինքն էլ է մասնակցել պատերազմին․ «Ամսի 28-ին զանգեցի իրեն, Ջրական էի գնում, ասաց՝ ինձ բերել են Հադրութ, հարցրի՝ էդ վիճակում ո՞նց են բերել, տեղդ ասա, չասաց, ասացի՝ տեղդ ասա, որ քեզ գտնեմ հետո, ասաց՝ Տող գյուղում ենք, հոսպիտալի պես մի տեղ։ Ամսի 29-ին ես հասա Հադրութ, երեկոյան ինձ զանգեց, ասաց՝ մեզ տարան Ստեփանակերտ, ես էլ մտածեցի՝ տարել են թիկունք, ես կմնամ, կկռվեմ։ Մի գիշեր Ստեփանակերտում մնալուց հետո տեղափոխել են Խոջալուի հոսպիտալ, երկու օրից նորից բերել Տող գյուղ, ես էդ ժամանակ արդեն դիրքեր բարձրացած եմ եղել»։
Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 6-ին, երբ նա դեռ Տող գյուղում էր։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 8-ին, թարախակալած վերքով Ալբերտին տարել են Հադրութ․ մորն է զանգել, այդ մասին ասել․ «Ամսի 12-ին էլ զանգել է Հարութի համարով, ասել՝ Վանք գյուղում ենք, շրջափակման մեջ, ամսի 15-ին նորից զանգել ենք, Հարութն ասել է՝ էլ էս համարին չզանգեք․․․ Մարդ եմ ճարել, որ կապվի Հարութի հետ, ասել են՝ շրջափակման մեջ են, բայց ամեն ինչ լավ է, էդ է եղել վերջին խոսակցությունը»։
Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Գագիկ Ստեփանյանը
Դրանից հետո՝ նոյեմբերի 2-ին, հայրը վերադարձել է ՀՀ, ընկել նախարարությունների դռները, հիվանդանոցներով ու դիահերձարաններով անցել, որդուն չի գտել։ Դեկտեմբերի 10-ին վերադարձել է Արցախ, ընդգրկվել որոնողական աշխատանքներում․ «65-70 մարմին իմ ձեռքերով հանել եմ, բոլորն անճանաչելի էին, նույնիսկ 2 ողջ մարդ ենք հանել․․․ Դեկտեմբերի 27-ին ես ԼՂ–ում էի, ինձ զանգեցին, հարցրին՝ էդ ի՞նչ կրակոցներ են Հադրութում։ Ասեցի՝ ես Ղարաբաղ եմ, տենց բան չկա։ Սպայակազմին հարցրի, ասեցին՝ թուրքերն են խմել, ուրախությունից կրակել, բայց փաստորեն, ամսի 25–26–27-ին էրեխեքը մարտի են բռնվել, մենք թուրքական կայքերից ենք իմացել․․․ Անտառներով քիչ–քիչ նահանջել են Հադրութի Հակակու գյուղ․․․ Տան մեջ սնայպերով խփել են էրեխուն, բեկորային վնասվածքներ էլ կային, բայց հիմնականում սնայպերի խփած էր»։
2021 թ․ հունվարի 3-ին Ալբերտի մարմինը նույնպես փոխանցել են հայկական կողմին։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 9-ին։
Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)