#Կարճասած
#Մանրամասն
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործի քննությունը, որի ժամանակ դատարան ներկայացան եւ հարցաքննվեցին վկաներ Կարեն Աբրահամյանն ու Մստո Մստոյանը։ Վերջիններս 2020 թ․ սեպտեմբերին եղել են ուսումնական գումարտակի շարքային զինծառայողներ։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։
Այժմ Իշխան Վահանյանը մեղադրվում է սարում մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ Խուռհատ սարը բարձրանալուց առաջ Վահանյանն իրենց ասել է, թե գնում են մի հանգիստ տեղ՝ գրեթե 3-րդ գիծ
Վկա Կարեն Աբրահամյանը պատերազմի ժամանակ 2․5 ամսվա զինծառայող է եղել, առաջին իսկ օրից՝ ընդգրկված մարտական գործողություններում։
Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ճանաչում է Իշխան Վահանյանին, իսկ հարցին՝ ի՞նչ է իրեն հայտնի քրեական գործից, վկան պատասխանեց․ «Փախել ա»։ Դժվարանալով ինքնուրույն ներկայացնել մանրամասները՝ վկան խնդրեց իրեն հարցեր տալ։
Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ նա պատմեց, որ Իշխան Վահանյանին հանդիպել է հոկտեմբերի սկզբի օրերին, երբ իրենց վաշտը, Ջրականից նահանջելով, տեղակայվել է Հադրութի դպրոցում։ Արտաքինից Վահանյանի վրա վիրակապ կամ վիրավորված լինելու մասին վկայող որեւէ բան չի նկատել։ Հիշեցնենք, որ հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Վահանյանը նախքան Խուռհատ սարի դեպքերը՝ սեպտեմբերի 29-ին, թեթեւ վիրավորում է ստացել, վիրակապվել եւ շարունակել ծառայությունը։ Վահանյանը դատարանում հայտարարել է, որ երկրորդ անգամ էլ հոկտեմբերի 10-ին` Խուռհատ սարի մարտական գործողությունների ժամանակ է վիրավորվել, սակայն տուժող կողմը այն համոզմանն է, որ նա այդ օրը իր հին վերքը քչփորել է՝ մարտի դաշտը թողնելու պատրվակ ստեղծելով։
Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը
Ըստ վկա Կարեն Աբրահամյանի՝ 300–հոգանոց գումարտակը հրաման է ստացել բարձրանալ Խուռհատ սարը, դիրքավորվել այնտեղ եւ անցնել պաշտպանության։ Թե ում կողմից, նա չգիտեր։ Նրա խոսքով՝ դիրքավորվել են, խրամատների բացակայության պատճառով սկսել բահերով փոսեր փորել, իսկ 2 օր անց թշնամին հարձակում է գործել․ «Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ երեկոյան ժ․ 6-ի կողմերը»,– սկսեց պատմել Աբրահամյանը, սակայն հանրային մեղադրողը ընդհատեց․ «Հոկտեմբերի 9-ի՞ն»։ Նշենք, որ ըստ քրեական գործի եւ դատարանում հարցաքննված մի շարք վկաների՝ հարձակումը հոկտեմբերի 10-ին է եղել․ «Մեկ անգա՞մ է հարձակում եղել»,– ճշտեց մեղադրողը։ Վկան դրական պատասխան տվեց։
Այս եւ հետագա մի շարք այլ հակասություններ հաշվի առնելով՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը ավելի ուշ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ինչը դատարանը բավարարեց։
Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր, որ հակառակորդը հարձակվել է հոկտեմբերի 10-ին, այլ ոչ թե 9-ին, եւ կեսօրին՝ 12-ի մոտակայքում, այլ ոչ թե երեկոյան՝ 6-ի մոտակայքում․ «Դպրոցում գտնվելու ընթացքում՝ հոկտեմբերի 8-ի կեսօրին, Վահանյանը հավաքել է զորքին, ասել՝ գնալու ենք մի հանգիստ տեղ, գրեթե 3-րդ գիծ, եւ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9–ի կեսօրին, նրա ղեկավարությամբ 300 հոգով կամազով բարձրացել են «Վիշկա» կոչվող սարը (խոսքը Խուռհատ սարի մասին է,-հեղ․)»,– նախաքննության ժամանակ ասել է նա։
–Հիմա դատարանը ո՞ր օրը հիմք ընդունի,– հետաքրքրվեց Ավետիսյանը։
–Երեւի ամսի 10-ը,– պատասխանեց վկան։
Շարունակելով իր ցուցմունքը՝ նա դատարանում պատմեց, որ հակառակորդը ե՛ւ օդային ուժ ուներ, ե՛ւ մարդուժ․ «Մենք ընկանք շրջափակման մեջ, ու մեզ հետնահանջ տվեցին»,– պատմեց վկան՝ չկարողանալով կոնկրետացնել, թե ով է տվել նահանջի հրամանը։
Լուսնկարում՝ հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը
Մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային խնդրեց նաեւ մանրամասնել, թե ինչ նկատի ուներ, երբ նիստի սկզբում ասաց՝ փախել է․ «Նկատի ունեի, որ երբ հարձակվել են, Վահանյանը փախել է Հադրութի էդ սարի մոտից, տեսա՝ ոնց է վիլիս նստում»,– ասաց վկան՝ նշելով, որ տեղյակ չէ՝ ինչու էր նա գնում կամ վիրավորների տանում էր իր հետ թե ոչ։ Ի պատասխան Ավետիսյանի հարցին՝ վիրավո՞ր էր, քայլքի մեջ փոփոխություն կա՞ր՝ վկան նախ բացասաբար շարժեց գլուխը, ապա ասաց՝ չգիտի։
Վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքներում մի շարք էական հակասություններ կային
Վկա Կարեն Աբրահամյանի խոսքով՝ նահանջից հետո ինքը գտնվել է կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի հետ։ Հիշեցնենք՝ Մուրադյանն այն սպան է, որը, ըստ քրեական գործի, գումարտակի մի մասի հետ գնացել է սխալ ուղղությամբ, ինչի հետեւանքով անձնակազմը ընկել է շրջափակման մեջ՝ տալով զոհեր եւ վիրավորներ։ Թե ինչպես էր զորքի մոտ 150 հոգին Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ բաժանվել մյուս սպաներից, Աբրահամյանը չկարողացավ պարզաբանել, ասաց՝ վիրավորման հետեւանքով որոշ բաներ չի հիշում․ «Չգիտեմ՝ ոնց եղավ, որ բաժանվեցինք, չեմ հիշում, կեսս ներքեւ ենք իջել, կեսս՝ վերեւ»։
Ավելի ուշ, երբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, այս դրվագի վերաբերյալ որոշ մանրամասներ պարզ դարձան։ Մասնավորապես, նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ սարից գրեթե բոլորով իջել են, եւ քանի որ գումարտակի հրամանատարը փախել էր, խառնաշփոթը եւ խուճապը ավելի էին շատացել․ «Այդ ժամանակ մեզ հետ էին Հայկազ Գրիգորյանը, Վազգեն Վարդանյանը, Հովհաննես Մուրադյանը։ Հայկազն ասաց, որ պետք է գնանք սարից դեպի աջ գտնվող անտառի ուղղությամբ, որտեղ մեր 3-րդ գումարտակն էր, դրանից հետո մենք միաշարասյուն սկսեցինք քայլել դեպի աջ։ Այդ ժամանակ հակառակորդը սկսեց ինքնաձիգներով կրակել մեր ուղղությամբ, որից հետո մենք բաժանվեցինք իրարից, խառնաշփոթ սկսվեց, եւ մեր մի մասը՝ 96 հոգով, գնաց Հովհաննես Մուրադյանի եւ գյումրեցի կամավոր քեռիի հետ, ում անունը Արտյոմ էր, Հովոն կապ հաստատեց Վազգենենց հետ, տեղեկացանք, որ նրանք մեզնից վերեւ են»,– նշել էր նա։ Հիշեցնենք՝ այդ կամավորի մասին իր ցուցմունքում հիշատակել էր եւս մեկ վկա՝ նախորդ նիստին հարցաքննված կրտսեր սերժանտ Սամվել Հովասյանը՝ ասելով, որ նրա ցուցումով են շարժվել Հադրութի ուղղությամբ։
Շարունակելով իր ցուցմունքը՝ Աբրահամյանը դատարանում պատմեց, որ Հովհաննես Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են, ըստ ամենայնի, Տող գյուղի ուղղությամբ, որի ճանապարհին էլ վերջինս զոհվել է։ Կապի միջոց, ըստ նրա, Մուրադյանի մոտ չի եղել, միայն բջջային հեռախոս։
–Երբ գնում էիք Հովհաննես Մուրադյանի հետեւից, ի՞նչ տեղեկություն ունեիք հակառակորդի մասին։
–Գիտեինք, որ քաղաքում են թուրքերը։
–Այսինքն՝ Հովհաննես Մուրադյանը գիտե՞ր, որ Հադրութ քաղաքում են թուրքերը։
–Այո, դրա համար քաղաքի ուղղությամբ չենք գնացել, Տողի կողմ ենք գնացել։
–Մեկ այլ վկա նշել էր, որ Վանք գյուղի կողմ եք գնացել։ Հնարավո՞ր է՝ անվանումը խառնում եք։
– Չեմ հիշում է։
– Լավ, հետո՞։
– Միատողան գնում էինք, մենք ձորի մեջ էինք, հակառակորդը սարի վրայից խփում էր, ամենաառջեւից Մուրադյանն էր գնում, իրեն որ խփեցին, արդեն խուճապ սկսվեց,– պատմեց վկան՝ հավելելով, որ այդ հատվածում այլ զոհեր եւս ունեցել են։
Նշենք, որ այս դրվագի վերաբերյալ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Հովհաննես Մուրադյանն իրենց ասել է, որ պետք է շարժվեն Հադրութ քաղաքի, այլ ոչ թե գյուղի ուղղությամբ․ «Հովոն ասաց, որ պետք է քայլենք Հադրութի ուղղությամբ, դուրս գանք շրջափակումից, եւ որոշվել է, որ անտառով քայլենք եւ դուրս գանք Հադրութ քաղաքի ուղղությամբ, սակայն անտառով մենք իջանք ձորի միջով, ու այդ պահին հակառակորդը սկսեց նռնակներ նետել, կրակ վարել ինքնաձիգից եւ նռնականետից, ինչի հետեւանքով շատերը վիրավորվեցին, շատերը, այդ թվում՝ Հովոն եւ գյումրեցի կամավոր քեռին, զոհվեցին,– դատավորն ընթերցեց նախաքննական ցուցմունքը։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը խնդրեց պարզաբանել այս հակասությունը․
–Եթե տեղյակ լինեիք, որ հակառակորդը Հադրութում է, կշարժվեի՞ք այդ ուղղությամբ,– հարցրեց նա։
–Ուրիշ տեղ չունեինք գնալու, հետ գնալու տեղ էլ չկար,– պատասխանեց վկան։
Վկան պատմեց, որ դատարանում գտնվող տուժողի իրավահաջորդներից մեկի որդին իր ձեռքերում է զոհվել
Սպա Հովհաննես Մուրադյանի եւ հիշյալ կամավոր Արտյոմի զոհվելուց հետո ողջ մնացած անձնակազմը ցրվել է գյուղով մեկ, թաքնվել՝ գյուղի տներում՝ վիրավորներին իրենց հետ տանելով։ Ըստ վկայի՝ իր խումբը այդ տանը մնացել է մեկ օր, որից հետո դուրս է եկել, քայլել ճանապարհի ուղղությամբ, հանդիպել խմբի մյուս անդամներին եւ մոտ 50 հոգով միանալով Վանաձորի ՄՈԲ–ին՝ փրկվել՝ նրանց հետ մեքենաներով դուրս գալով Գորիս, ապա՝ Խնձորեսկ։ Հարցաքննության ժամանակ պարզ դարձավ, որ Կարեն Աբրահամյանի հետ նույն տանը գտնվել է զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Ղազարյանը, որի հայրը՝ տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը, մի շարք հարցեր հղեց վկային․
Լուսանկարում՝ զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Ղազարյանը
–Դուք որ սարից իջաք դեպի Վանք գյուղ, քանի՞ հոգի էիք։
–Ինը։
–Հետներդ վիրավոր կա՞ր։
–Նարեկը․․․ (Նկատի ունի՝ Ղազարյան Նարեկին,–հեղ․)
–Իմ տղան է, հարգելի՛ դատարան։
–Նաեւ Սիրունյան Նարեկը․․․ Մնացածի անունները չեմ հիշում։
–Բայց իմ տվյալներով՝ 9 հոգի չեք եղել, շատ եք եղել։
–Տան մեջ 9 հոգով ենք եղել։
–Բայց գյուղում շատ եք եղել, 32 հոգի, ճի՞շտ է։
–Չգիտեմ՝ կոնկրետ քանի հոգի։
– Ձեր մոտ ցանկություն չառաջացավ, որ էդ երկու ամենածանր վիրավորներին (նկատի ունի՝ երկու Նարեկներին,- հեղ․) հանեք տներից, նման բան անցե՞լ է ձեր մտքով․ իմ տղան 12 ժամ ապրեց, արնաքամ եղավ․․․
–Ո՞վ է ասում, որ չենք հանել, տարել ենք «Դուց»-ի զորքի մոտ։
–Փաստորեն, ես իմ տղայի՞ն չեմ թաղել։
–Ձեր տղան ո՞վ է, ես չեմ ճանաչում։
–Ղազարյան Նարեկը։
–Հա, ճանաչում եմ, ինքը իմ ձեռքերի մեջ է զոհվել․․․ Տան մեջ․․․
–Բայց ես իրեն հանել եմ Վանք գյուղից, ձեր տղերքը տեղն ինձ ասել են, դու ինձ հիմա այլ հասցե ես ասում։
Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ վկան նույնպես այդ ժամանակ նշել է, որ իրենք Վանք գյուղում են մնացել, ուստի ենթադրվում է, որ նա Վանք գյուղի անունը խառնում է Տող գյուղի անվան հետ։
–Կարո՞ղ ես հիշել Նարեկիս վերջին խոսքերը,– տուժողի իրավահաջորդը հարցրեց վկային։
–Մրսում էր, ասեց՝ մի բանով ծածկիր, բուշլաթով ծածկել եմ։
–Այլ արտահայտություն չի՞ արել։
–Չեմ հիշում։
–Կոմպոտը որ բերել եք, խմել է։ Ջուր է ուզել, չի եղել, կոմպոտ եք բերել։
–Հա․․․
–Որ խմել է, ի՞նչ է ասել, չի՞ ասել՝ մորս կասեք՝ ես իրեն շատ եմ սիրում։
–Ինձ չի ասել, ես չեմ հիշում։
Լուսանկարում՝ վկա Կարեն Աբրահամյանը
Տուժողի իրավահաջորդ Գեղամ Ղազարյանը խնդրեց իր վերջին հարցին «տղավարի» պատասխանել՝ համարելով, որ Աստծուն է պատասխան տալիս․
–Ի վերջո, ըստ ձեզ՝ դավաճանություն եղե՞լ է։
–Որտե՞ղ։
–Սպաները դավաճանե՞լ են, որ ձեզ թողել, փախել են։
–Կոնկերտ՝ ով, չեմ հասկանում․․․ Մեզ հետ Հովոն է եղել, զոհվել է, տան մեջ այլ սպա չի եղել,– պատասխանեց վկան։
Մստո Մստոյանի խոսքով՝ հարձակման սկզբում Վահանյանն իրենց չի թույլատրել կրակել
Երեկ հարցաքննված մյուս վկան Մստո Մստոյանն էր, որը պատերազմի ժամանակ եղել է 2 ամսվա զինծառայող՝ ծանր զենքերի դասակից։ Նա եւս նշեց, որ մինչեւ Հադրութ տեղափոխվելը Վահանյանին չի հանդիպել, նրա ենթադրյալ վիրավորման մասին տեղեկություն չունի։
Մստոյանի խոսքով՝ իրենց տարել են Խուռհատ սարը՝ այնտեղ գտնվող ՄՈԲ–ին փոխարինելու։ Խրամատներ փորված չեն եղել, եւ զորքը՝ 3-4 հոգով, 5-10 մետր հեռավորության վրա բացազատվել է ողջ սարով՝ զբաղեցնելով մոտավորապես 450 մետր․ «Հիշում եմ՝ Վահանյանին, մեկ էլ ՄՈԲ–ից մի լեյտենանտ, նրանք էին համակարգում, բաժանվել ենք տարբեր մասերի, որ սարը պահենք, Վահանյանը ինձ ու ընկերոջս ուրիշ զենքի մոտ է նստացրել, ՊԿ է տվել մեզ, որովհետեւ ԱԿ–ով պահել չէինք կարող»։
–Այսինքն՝ ձեր ծանր զինատեսակը չէի՞ք տարել, ուղղակի ինքնաձիգով պիտի պաշտպանեի՞ք,– հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը:
–Այո,– պատասխանեց վկան՝ հայտնելով, որ հոկտեմբերի սկզբի նահանջից հետո իրենց զինատեսակները մնացել էին Ջրականում։
Լուսանկարում՝ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Մստո Մստոյանի խոսքով՝ չնայած հակառակորդի հարձակմանը՝ Վահանյանը սկզբում չի թույլատրել կրակել․ «Ցերեկը շարժը նկատեցինք, մեր մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր, ինքը գնաց ամենադիմացը, անցավ մի քանի րոպե, սկսվեց կռիվը, մենք հարցնում էինք՝ կրակե՞նք, Վահանյանն ասում էր՝ չէ, ես կապ եմ տվել ռազվետկային, մի կրակեք, մեր ռազվետկան է, մինչեւ էնքան, որ շատ քիչ էր մնացել, որ հասնեն մեզ, էդ ժամանակ եղել են կրակոցներ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ, եղել են շատ զոհեր, Վահանյանն ասում էր՝ հետ մի գնացեք, լեյտենանտն ասաց՝ դու ասում էիր՝ ապահով է լինելու, էրեխեքին բերել ենք աղացի բերան, ես քեզ եմ լսել, էրեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, էրեխեքին հետ կտանենք, ու քանի որ արդեն շատ էինք խաբվել հրամանատարության կողմից, ՄՈԲ–ին լսելով, իր պահելով՝ հետ ենք իջել,– ասաց վկան՝ հավելելով, որ իրենցից շատերը կրակած էլ չկային, կռիվ տալ չէին կարող։
Վահանյանի կողմից այլ հրամաններ վկան չմտաբերեց․ «Մենք պիտի պաշտպանվեինք, բայց դրա հնարավորությունն էլ չկար, ամեն ինչ խառնվել էր իրար, շատ վիրավորներ ունեինք, ամենաճիշտ բանը նահանջն էր, երբ լեյտենանտ ասեց՝ նահանջեք, Վահանյանն ասաց՝ չէ, առաջ գնացեք, դրանից հետո նա իջել է, մենք, լեյտենանտին լսելով, իրեն վստահելով՝ նահանջել ենք»։
–Իսկ ձեզ հետաքրքիր չէ՞ր՝ ձեր գումարտակի հրամանատարն ուր է,–հարցրեց մեղադրողը։
–Իսկ մեր գումարտակի հրամանատարին հետաքրքիր չէ՞ր, թե իր զորքը ուր է,– ի պատասխան՝ ասաց վկան։ Նա նշեց, որ զորքը այն հոգեվիճակում էր, որ դժվար թե ենթարկվեր մեկին, ով իրենց արդեն իսկ խաբել է՝ ասելով, թե ապահով տեղ է տանում։
Վկայի խոսքով՝ հակառակորդը հրաձգային զինատեսակներ է կիրառել, հրետանի չի աշխատել։ Ի պատասխան մեղադրողի հարցին՝ այդ պարագայում Վահանյանը կարո՞ղ էր այդտեղ բեկորային վիրավորում ստանալ, վկան պատասխանեց․ «էդ ժամանակ չէ, եթե ծանր զենք չի եղել, գռանատ էլ չի եղել, բայց ես լսել եմ, որ նրա իջնելու ժամանակ սնայպեռ է աշխատել, կրակել է, կպել է ծառին, ու ինքը ծառից է վիրավորում ստացել»,– ասաց նա՝ հավելելով, որ կապի միջոց միայն Վահանյանի մոտ է նկատել։
Ըստ Մստո Մստոյանի՝ նահանջից հետո զորքի մեծ մասը շրջափակման մեջ է մնացել
Ըստ Մստո Մստոյանի՝ մարտը տեւել է մոտ կես ժամ, իսկ երբ նահանջից հետո բոլորով հավաքվել են, եղել են մոտ 250 հոգի, որոնց թվում կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանը չի եղել։ Այդ ժամանակ սպայակազմը որոշում է կայացրել նահանջել Հադրութի ուղղությամբ․ «Միաշարասյուն իջնում էինք դեպի Հադրութ, տեսանք, որ շուռ եկած ավտոներ կան, որոնք հակառակորդը խփել էր, որոշեցիք՝ ձախ սարով բարձրանալ, որովհետեւ Ջաբրայիլի 3-րդ գումարտակը էդտեղ էր, քիչ էր մնացել՝ հասնեինք՝ մոտ 100-150 մետր, երբ մեր զորքը սկսեց կրակել՝ իմանալով, թե թուրքերն են, կապի միջոց չկար, որ կապ տայինք՝ ասեինք մենք ենք․․․ Շատ մարդ կար, որ արդեն չէր կարողանում, ուժը չէր հերիքում, հետեւից էր գալիս․․․ Ու էդտեղ բաժանվել ենք երկու մասի»։
Ըստ Մստոյանի՝ իրենք՝ մոտ 45 հոգով, մնացել են սպաներ Հայկազ Գրիգորյանի եւ Վազգեն Վարդանյանի հետ, իսկ զորքի մնացած մասը սերժանտ Հարութ Կարախանյանի եւ ՄՈԲ–ի լեյտենանտի հետ իջել է Հադրութի գյուղերից մեկը․ «Վազգենը հեռախոսով կապ է տվել Հարութին, ասել՝ այսինչ տեղն ենք, եկեք, հասեք մեզ, բայց 2-3 րոպե հետո Հարութը ասել է՝ շրջափակման մեջ ենք, մեր զորքի մեծ քանակը էնտեղ է մնացել, թուրքերը հարձակվել են, չեն կարողացել գալ»։
–Երբ 250 հոգով հավաքվեցիք, տեղյա՞կ էիք՝ հակառակորդը որտեղ է,- հետաքրքրվեց մեղադրողը։
–Մեր զբաղեցրած տեղն էր արդեն հասել՝ վիշկայի մոտ։
–Տեղյա՞կ էիք՝ Հադրութում է թե ոչ։
–Հա, տեղյակ էինք, սարի վրայից իրենց տանկերը տեսել ենք քաղաքում։
–Էդ դեպքում ո՞նց կբացատերք, որ Հովհաննես Մուրադյանը գնացել է Հադրութ։
–Իրենք շուտ են իջել, ես իրենց չեմ տեսել,– ասաց վկան։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը վկային հայտնեց, որ ըստ քրեական գործի՝ զորքը երկու խմբի է բաժանվել․ մի խումբը իրենց՝ սպաների հետ մնացած խումբն է, մյուսը՝ Մուրադյանի հետ սխալ ուղղությամբ գնացած․
–Ես գիտեմ, որ Հովոն շուտ է իջել՝ 15 հոգու հետ։
–Ըստ քրգործի՝ նա մոտ 80 հոգու հետ է եղել։
–Մենք որ սարից իջել ենք, Հովոն մեզ հետ չի եղել,- պատասխանեց վկան։
Հաշվի առնելով, որ ըստ այլ վկաների ցուցմունքների՝ թե՛ Հովհաննես Մուրադյանը, թե՛ ՄՈԲ-ի հիշյալ լեյտենանտը նույն սխալ ուղղությամբ են գնացած եղել, բացառված չէ, որ նրանք միասին են եղել, եւ վկան Մուրադյանին պարզապես չի տեսել։
Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե սպա Հայկազ Գրիգորյանը ինչ միջոցներ ձեռնարկեց, որ այդ բաժանումը տեղի չունենար, ինչին ի պատասխան՝ վկան ասաց․ «Այդ պահին Վազգեն Վարդանյանը զանգեց, չգիտեմ՝ ում, բայց օգնություն չուղարկեցին, որ գոնե շրջափակման մեջ մնացած տղերքին հանեն, իսկ 3–րդ գումարտակի հետ կապ հաստատել չի հաջողվել, որովհետեւ կապի միջոց չկար, հեռախոսահամար էլ չունեինք»։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն էլ տեղեկացրեց, որ որոշ սպաներ վիճարկում են այն հանգամանքը, որ նորակոչիկները գտնվել են բարոյահոգեբանական այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէին ընկալել հրամանները․
–Հնարավոր էր ղեկավարել էն մարդու կողմից, որը վստահություն է ներշնչում, որը մեզ չի խաբել, ինձ չի թվում՝ նման մարդու զինվորները չէին ենթարկվի,- ասաց վկան։
–Հայկազ Գրիգորյանը այդպիսի՞ անձն էր, խաբե՞լ էր թե՞ ոչ,- հետաքրքրվեց տուժողների փաստաբանը։
–Չէր խաբել, Հայկազը ունեցել է ղեկավարող, ղեկավարողը իրեն է խաբել, ինքը չգիտակցելով խաբել է մեզ։
–Խաբողը խաբել է, Հայկազը մնացել է հրամանատար, նա գիտի զորքը արդեն խաբված է, ինչ–որ բան արե՞ց, որ իրեն լսեք։
–Դե, 40 հոգին որ բաժանվել է, իր հետ է գնացել, իրեն լսելով է գնացել, մնացածը շրջափակման մեջ է մնացել,- ասաց վկան՝ հավելելով, որ միայն զանգել, օգնություն են խնդրել, ուրիշ միջոց չէին կարող ձեռնարկել։
Ըստ վկայի ցուցմունքի՝ նահանջից հետո թշնամու վեցհոգանոց խմբի մոտ սպաներն իրենց միայնակ են թողել
Մստո Մստոյանի խոսքով՝ իրենց խումբը ճանապարհին թշնամու 6-հոգանոց խմբի է հանդիպել․ «Մեզնից աջ 6 հոգու տեսանք, սպաները գոռացին՝ հա՞յ եք, ասացին՝ այո-այո, հասկացանք, որ թուրք են, իրենց կողմ էլ չգնացինք, սարի վրայով բարձրացանք, թուրքերը պտտվեցին, մեր դիմացով հարձակում գործեցին, գռանատ էին շպրտում, էդտեղ էլ ենք ունեցել զոհ ու վիրավոր, Ղարիբը գոռաց (խոսքը սպա Ղարիբ Ջավադյանի մասին է, -հեղ․)՝ հելեք, կփռթենք, մենք հելել ենք, որ հարձակվենք, բայց պտտվել, տեսել ենք, որ 39-40 հոգի սպաների հետ դեպի ներքեւ են գնում․․․ Մնացել ենք 4 հոգով՝ ես, Արթուր Անդրեասյանը, Արմեն Երիցյանը, Խաչատուր Անախասյանը (վերջին երկուսի ցուցմունքները՝ այստեղ,- հեղ․), մեկ էլ վիրավորները․․․ Ասացի՝ կամ պիտի էստեղ մնանք, զոհվենք, կամ զորքի հետեւից իջնենք»։ Վկայի խոսքով՝ ի վերջո որոշել են իջնել եւ մի կերպ հասել են զորքին։
– Բա նրանց միանալուց հետո հարց չեղա՞վ, թե ձեզ ինչու լքեցին։
–Դե մեր միակ հույսը իրենք են եղել,– պատասխանեց վկան՝ հավելելով, որ զորքին միանալուց հետո հադրութեցի ավագի ղեկավարությամբ դուրս են եկել ճանապարհ, հանդիպել հետախույզների խմբի եւ այդպես փրկվել։
–Ո՞րն էր տրամաբանությունը, որ Ղարիբը ե՛ւ կռվելու հրաման է տվել, ե՛ւ նահանջել են,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։
–Երեւի որովհետեւ շատերը վախեցել են։
–Սպանե՞րն էլ։
–Դե որ սպաներն էլ են իջել, երեւի իրենք էլ։
–Ու ձեր մասին էլ չեն մտածել, չէ՞,– լսվեց ծնողներից մեկի ձայնը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 16-ին։ Դատարանը հերթական անգամ որոշում կայացրեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց դատարան չներկայացած վկաներին։
Գլխավոր լուսանկարում՝ վկա Մստո Մստոյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)