Խուռհատ սարի գործով տուժողի իրավահաջորդ Արկադի Ադոյանի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որ տեղյակ են եղել Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի անձնակազմի՝ շրջափակման մեջ ընկնելու հանգամանքին, զինծառայողների ծնողներին սին հույսեր տալով եւ խաբելով՝ չեն կարողացել եւ չեն ցանկացել որեւէ բան անել նրանց փրկելու համար։
Արկադի Ադոյանը 5-րդ գումարտակի շարքային զինծառայող, զոհված Դավիթ Ադոյանի հայրն է, որը նման ցուցմունք է տվել 2021 թ․–ին՝ քրեական գործի նախաքննության ընթացքում՝ հիշատակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՊԲ եւ ՊՆ միջին եւ բարձրագույն սպայակազմի, մի շարք այլ պաշտոնյաների անուններ։
2021 թ․ սեպտեմբերի 7-ին Արկադի Ադոյանը մահացել է։
Այժմ նրա կինը՝ Լիլյա Սարգսյանն է հանդիսանում որդու՝ Դավիթ Ադոյանի իրավահաջորդը։ Սարգսյանը երեկ հարցաքննվեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ հրապարակելով ամուսնու ցուցմունքն ու պատմելով որդու եւ նրա ծառայից ընկերների մարտական պատմությունը։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Գումարտակի հրամանատարի ենթադրյալ փախուստից հետո նորակոչիկների անձնակազմը մի քանի սպաների հետ չկանոնակարգված նահանջ է իրականացրել, ինչի արդյունքում անձնակազմը կիսվել է․ մի մասին հաջողվել է փրկվել, մյուսին՝ ոչ․ որոշ զինծառայողներ, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել են այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել, որոշներին էլ հաջողվել է թաքնվել անտառներում, հարակից գյուղերի տներում, բայց ցավոք՝ ժամանակավորապես։
Դավիթ Ադոյանը Վանք գյուղի տներից մեկում թաքնված խմբի զինծառայողներից է եղել։
Լիլյա Սարգսյանը դատարանում պատմեց, որ իր որդին բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 17–ին, ծառայությունից երբեք չի բողոքել․ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ ժամը 6։41–ին, ես խոսել եմ հետը, եւ մտքովս անգամ չի անցել, որ դրանից 20-30 րոպե հետո պատերազմ է սկսվելու»։ Այդ օրը որդուն որքան զանգել են, անհասանելի է եղել, հաջորդ օրը նա է զանգահարել այլ համարով, բացատրել՝ իր հեռախոսը դրել է լիքցավորման եւ այդպես էլ չի վերցրել․ «Օրը մեկ անգամ զանգել է ինձ, եղբայրներին, հորը, ասել՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ է, չանհանգստանաք, բայց մարտական ուղու մասին ընդհանրապես ոչինչ չենք իմացել»։
Լիլյա Սարգսյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 8-ին որդին հերթական անգամ զանգահարել է, հեռախոսի էկրանին գրվել է Հադրութ․ այդպես են իմացել նրա Հադրութ տեղափոխվելու մասին․ «Այսինքն՝ դա բջջային հեռախոսի համար չէր, Հադրութի դպրոցի համարն էր, հարցրի՝ Հադրութո՞ւմ ես, ասաց՝ քեզ ո՞վ է ասել, ասացի՝ գրել է հեռախոսիս վրա»։
Դրանից հետո մինչ հոկտեմբերի 13-ը մայրն անհանգիստ է եղել․ որդու հետ կապը դարձյալ կորել է։ Հետագայում պարզվել է, որ այդ ընթացքում՝ հոկտեմբերի 10-ին է Դավիթը վիրավորվել, ծառայակից ընկերների հավաստմամբ՝ այդպես դիմանալով մոտ 18 օր․ «Վերջին անգամ ես իր հետ խոսել եմ հոկտեմբերի 13-ին, ասացի՝ վիրավո՞ր ես, ասաց՝ չէ, բայց ես ձայնը չէի ճանաչում, ոնց որ խոսեի ոչ թե 18 տարեկան, այլ 40 տարեկան մեծ տղամարդու հետ»։
Լիլյա Սարգսյանը դատարանում ընթերցեց իր ամուսնու ցուցմունքը (այսուհետ՝ շեղատառերով գրվածը)` հրապարակելով բոլոր այն պաշտոնատար անձանց անուններն ու հեռախոսահամարները, որոնք ծնողներին ասել են, թե զբաղվում են շրջափակումից զինվորներին դուրս բերելով․
«Որդիս ծառայել է Ջրականի զորամասում, կորոնավիրուսի պատճառով չեմ կարողացել մեկնել նրա երդման արարողությանը, հեռախոսակապով կապի մեջ էի, սեպտեմբերի 27–ի առավոտյան զանգել եմ, անհասանելի էր, կապվել եմ Գարիկ Վարդերեսյանի հետ, որը հանդիսանում է 5-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը (պատերազմի ժամանակ նշանակվել է հիշյալ գումարտակի հրամանատար, նույն ընթացքում ազատվել այդ պաշտոնից,–հեղ․), Գարոն ասաց՝ ապահով տեղում են, չանհանգստանաք, հենց հնարավոր եղավ, կզանգեն․․․ Հոկտեմբերի 1-ին դարձյալ կապվել եմ Գարոյի հետ, ասաց՝ ցրված են, բայց չանհանգստանաք, հավաքում ենք ինչ–որ տեղ․․․ Հոկտեմբերի 12-ի երեկոյան տղաս զանգեց շատ կոշտ, մրսած ձայնով, չհասկացա, որ իմ տղան է, հեռախոսը անջատեցի, նորից զանգեց, ասաց՝ պա՛պ, ես եմ, հարցրի՝ ի՞նչ է եղել ձայնիդ, ասաց՝ շրջափակման մեջ են, անտառում են, ինքը եւ իր 4 ընկերները վիրավոր են, ասաց՝ հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն, գնան, չեն համաձայնել, ասաց նաեւ՝ կապվել են հրամանատարների, գեներալների հետ, բոլորը խոստացել են գալ եւ օգնել, բայց արդեն չեն հավատում, արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում, ասաց՝ եթե կարող եմ, կապվեմ, որ ինչ–որ բան անեն։
Խառնված զանգել եմ Վարդերեսյան Գարիկին, անհասանելի էր, հաջորդ օրը հավաքել եմ այն համարը, որով զանգել էր տղաս, կեսօրին կապի է դուրս եկել մի տղա եւ ասել, որ անունը Հարութ է, սերժանտ Հարութ Կարախանյանն է եղել (այն սերժանտն է, որը Վանք գյուղ գնացած խմբի հետ է եղել, եւ որի միջոցով են շատ ծնողներ կապի մեջ եղել իրենց որդիների հետ, հետագայում նա նույնպես զոհվել է,–հեղ․), խնդրել եմ հեռախոսը փոխանցի որդուս․․․ Տունը, որտեղ մնացել են, եղել է երկհարկանի, ծանր վիրավորներին պահել են նկուղում, իսկ ոչ վիրավոր տղաները անընդհատ հսկողություն են սահմանել երկրորդ հարկում, որ հակառակորդը չմոտենա․․․ Սերժանտը փոխանցել է որդուս, որդիս ասել է՝ ամեն բան կարգին է, եկել ենք Վանք գյուղ, կապվել հրամանատարների հետ, գաղտնաբառ փոխանցել, խոստացել են գալ, փրկել, բայց․․․»
Լուսանկարում՝ Լիլյա Սարգսյանը, նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը
Ընդհատելով ցուցմունքը՝ Լիլյա Սարգսյանն իր կողմից ավելացումներ արեց․
–էրեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզնից, որովհետեւ․․․ Ես հիշում եմ՝ էրեխես ասաց՝ գեներալներին ասում ենք, ասում են՝ ոչինչ չենք կարող անել, դիմեք Կարմիր Խաչին։ Ես չգիտեի, որ հայկական բանակում նման կիրթ գեներալներ ունենք, որ պատերազմի ժամանակ պետք է դիմեինք Կարմիր Խաչին, որ գային, զինվորներին հանեին։ Անընդհատ խաբել են․․․ Երբ ամուսինս հոկտեմբերի 16-ին զանգել է, Հարութը կոպիտ է խոսել, ասել է՝ չեմ փոխանցի, ամուսինս մտածել է՝ Դավոն չկա, նա էլ ասել է՝ որ չլիներ, կասեի։ Էրեխեքն էլ են էդ օրերին ինչ ապրումներ ասես, տեսել, վիրավորված, նեղացած են եղել, իմ որդին, որ կյանքում հոր մոտ հայհոյանք չի տվել, հայհոյանքով ասել է՝ ամեն օր մեզ խաբում են, – հուզված ձայնով պատմեց տիկին Լիլյան, ապա շարունակեց ընթերցել ամուսնու խոսքերը․
«Ռազվետկայից ոմն Էրիկ ասել է, որ իր կարծիքով՝ էրեխեքը թուրքի ձեռքն են եւ խոսում են նրանց հրահանգով, չեմ հավատացել, քանի որ մեկ օր առաջ խոսել եմ որդուս հետ, եւ ամեն ինչ կարգին էր։ Գարիկի ասելով՝ ինքը իբր երեք օր կռվել է հրամանատարության հետ, եւ եթե թույլ տան ու խումբ տրամադրեն, ինքը 100 տոկոսով կհանի էրեխեքին։
Ես, քույրս եւ իմ փեսան գնացել ենք ՊՆ, ԳՇ, որտեղ հանդիպել ենք Ալիկ Բաբայանին, փոխգնդապետ Սլավիկին, նրանք վերցրել են տվյալները, ասել են կկապվեն Գարիկի հետ եւ հետախույզ տղաներ կուղարկեն, որ հարցը լուծեն։ Կես ժամ անց զանգել է Գարիկը, ասել է, որ ԳՇ–ից իրեն զանգել են, եւ էդ հարցը կլուծվի, էրեխեքը դուրս կբերվեն։
Վերջին խոսակցությունը որդուս հետ եղել է հոկտեմբերի 16–ին՝ ժամը 12։30–ին, ասել է՝ լույս է վառվելու, եւ սպասեն լավ բանի»։
Տիկին Լիլյան դարձյալ ընդհատեց ցուցմունքը, շարունակեց պատմել․
–Ոչ մի լուր չունենալով՝ հաջորդ օրը ամուսինս նորից զանգել է Գարիկին, նա էլ ասել է, թե Հարութը կապի է դուրս եկել, ասել՝ հակառակորդի շարժ են նկատել, տներից դուրս եկել, Գարիկը իբր հարցրել է՝ վիրավորներին իրենց հետ հանե՞լ են թե՞ թողել, Հարութն ասել է, որ վերջից ինքն է գնացել, այսինքն՝ էրեխեքը չեն թողել իրենց վիրավոր ընկերներին, էրեխեքը ավելի հայրենասեր են եղել, քան որոշ սպաներ, որ 200 էրեխու թողնում են, իրենք փրկվում․․․ Ես չգիտեի, որ պատերազմում էրեխեքն են ուղեկցում իրենց սպաներին․․․,– վրդովված ասաց մայրն ու շարունակեց կարդալ․
«․․․Հարութը Գարիկին ասել է, որ հրամանատար է ուզել, որպեսզի ուղղություն ցույց տան, հորդորեն գնալ հայկական մոտակա դիրքերը, Գարիկը տվել է Էրիկի համարը, Էրիկը ասել է, թե որ ուղղությամբ գնան, իրենց մարդ է սպասելու անտառում, ասել է՝ դա մի երկու օր կտեւի, քանի որ վիրավորներ կան, կրկին հավատացել եմ, սպասել եմ մինչեւ հոկտեմբերի 19-ը։
Այդքան ժամանակ Գարիկը ինձ չի ասել, որ իրեն ազատել են այդ գումարտակի հրամանատարի պաշտոնից, միայն այդ օրն է ասել, բայց ասել է՝ եթե իրեն հրահանգեն, ինքը կգնա, դուրս կբերի էրեխեքին։ Այդ օրվանից խոսել եմ Հայկազ Գրիգորյանի, Արսեն Ղարիբյանի (նահանջած եւ փրկված սպաներից են,–հեղ․), Նորայր Միրզոյանի հետ (զոհվել է,–հեղ․), վերջինս տվել է Արցախի ԱԱԾ աշխատակազմի ղեկավար Բեջայանի հեռախոսահամարը, հայտնել եմ խնդրի մասին, ասել է՝ տեղյակ են, ում պետք է, կփոխանցի։ Խոսել եմ նաեւ Վահանյան Իշխանի հետ, ով նույնպես ասել է, որ տեղյակ է, գաղտնաբառը փոխանցված է, կատարվում են գործողություններ էրեխեքին փրկելու համար։
Խոսել եմ Արծրուն Հովհաննիսյանի հետ (Պն նախկին խոսնակն է,–հեղ․), ասել եմ, որ էրեխեքը էս վիճակում են, Ձեզ լուրերով տեսնում ենք, հավատում ենք ձեր խոսքին։ Ասել է, որ էրեխեքը ապահով տեղում են, չանհանգստանանք։ Խոսել ենք Կարեն Առստամյանի հետ (դիվիզիայի հրամանատարն էր,–հեղ․), ասել է՝ ամեն ինչից տեղյակ է, դրանով զբաղվում են։ Խոսել ենք նաեւ հարավային կողմի գեներալ Դավիթ Մանուկյանի հետ, որը նույնպես վստահեցրել է, որ տեղյակ է, խումբը կազմված է, ամեն ինչ անելու են, որ էրեխեքին հանեն, բայց բոլորն էլ խաբեցին։
Այդքանից հետո նոյեմբերի 23–ին գնացել եմ ԳՇ, հանդիպել Օնիկ Գասպարյանին, խնդրել եմ կապվի Մուրադովի հետ (Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին ղեկավարն է,–հեղ․), որ նա միջանցք բացի, էրեխեքին հանեն, քանի որ բացի մեր էրեխեքից կային նաեւ այլ զինվորներ։ Կապվել է, ասել այդ մասին, Մուրադովն էլ ասել է՝ ինքը նման իրավունք չունի, պետք է մեր առաջինը, այսինքն՝ վարչապետը, դիմի իրենց առաջինին՝ Պուտինին, որն էլ հրաման տա, որ կարողանան այդ գործողությունը կատարել»։
–Դե երեխա էին էլի, թող զոհվեին,– ասաց ծնողը՝ նկատի ունենալով, որ երեւի այդպես են մտածել պատասխանատուները,– Մեզ էդքան ասում էին՝ մի՛ կապվեք, ես էլ էի մտածում՝ էդ զանգով գուցե հրամանատարներին վնաս տամ, էրեխեքին վնաս տամ, որ հանկարծ էդ տեղանքը հակառակորդը չիմանար, շատ չէինք զանգում՝ հավատալով, որ հեսա հանում են։
«Նոյեմբերի 25–ի լույս 26–ի գիշերը ծնողների հետ գնացել ենք Արցախ, տեսել ենք Սաշային՝ Հարութի հորը, որը պետք է ներգրավվեր որոնողական աշխատանքներում։ 27-ի առավոյան, երբ պետք է շորեր ստանայինք, ԱԻՆ աշխատակիցները մեզ ասացին՝ դիակներ են բերել Ստեփանակերտի մորգ, գնանք, տեսնենք՝ մեր էրեխեքն են թե ոչ։ Գնացինք, տեսանք՝ դիակներից 2-ը թարմ խփված, մյուսները կլինեին 20-25 օրվա, սկզբից նայեցինք, չճանաչեցինք, դուրս եկանք։ Ռուստամն ասաց (զոհված Արտաշես Ռուստամյանի հայրն է,–հեղ․)՝ սպասեմ՝ ծխի, նոր գնանք, 20 րոպե սպասեցի, տեսնելով, որ չի գալիս՝ հետ գնացի, տեսա՝ առաջին դիակը շրջել են, հարցրի՝ այս ի՞նչ եք անում, քննիչներն ասացին՝ Ռուստամը ճանաչել է որդու դիակը։ Երկրորդ զոհվածը ալավերդցի Լուսինե Համբարձումյանի որդին էր։
–Պատերազմից հետո խփված դիակներն են, պարո՛ն դատավոր,– ընդգծեց Լիլյա Սարգսյանը։
«Ռուստամը որդու դիակի հետ եկավ Երեւան։ Ուշանալով որոնողական աշխատանքներից եւ անիմաստ համարելով՝ երեկոյան վերադարձել եմ ՀՀ, ցանկացել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն չի ստացվել, եւ միայն դեկտեմբերի 20–ին եմ հանդիպել, որի ժամանակ նա ասել է՝ ամեն ինչ անում են այդ ուղղությամբ»։
–Ամուսինս չի ասել, ես ասեմ՝ նոյեմբերի 23-ին, երբ նա Օնիկի մոտ է լինում, դուրս գալիս ասում է՝ սպասի–սպասի, էդ պահին զանգ է տալիս, էրեխեքը զանգել են Ղարաբաղ տելեկոմ, ասել՝ մենք կանք, ամուսինս եկավ, մենք էլ ոգեւորված, որ էրեխեքը կան, հույս ունենք, որ պիտի փրկվեն, բայց․․․ էնքան մարդու ենք զանգել, պարո՛ն դատավոր, ես դեռ շատ քչերի անուններն եմ ասում, ես անգամ Վահանյանի հետ եմ խոսել, երբ նա իբր վիրավոր էր, ում զանգում էինք, մեզ թվում էր՝ մեր աստվածներն են, ասաց՝ ես լավ չեմ, բայց ձայնը լավ էլ առույգ էր, կուլտուրայից ելնելով՝ նույնիսկ ասացի՝ հարգելի՛ պարոն սպա, ձեզ առողջություն, մտածում էի՝ մարդը իսկապես հայրենիքի համար վիրավորվել է, պիտի գնա, հասնի էրեխեքին․․․ Ինքը ասաց՝ էրեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, ինքը չի կարող դա հերքել, ասաց՝ որ ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն, ի՞նչի է դա ասել, եթե էդքան հայրենասեր, չփախած տղա է, հիմա էլ․․․ Քոռանամ ես, քոռանա ինքը, սենց նստած է, անմեղ տեղը դատում են․․․– ասաց հուզված ծնողը,– Խոսել ենք նաեւ Ջալալ Հարությունյանի հետ, Պարգեւ Սրբազանի հետ, խոսել ենք Հայաստանի եւ Արցախի բոլոր բարձր պաշտոնյաների հետ, բոլորն ասում էին՝ տեղյակ ենք, հանելու ենք, բայց արդյունքում, էրեխեքին ասում են՝ վիրավորներին գլխից խփեք, գնացեք (թե կոնկրետ ով է նման բան ասել, ծնողը չգիտեր,–հեղ․), իսկ երբ ամուսնուս երկու հետախույզ հեռախոսով ասել են, որ Դավիթս վիրավոր է, մտնենք հանենք, ամուսնուս պատասխանը եղել է՝ կամ բոլորին, կամ ոչ մեկին։
«Նոյեմբերի 13-ին գնացել եմ Արցախ՝ էդ հավատով, որ էրեխեն կա, հանել են, հասել ենք Հերհեր, մեր էրեխեքին տեսել, կապ չունի՝ իմ էրեխեն մեջն էր թե չէ, մեր էրեխեքն էին․․․ Էնտեղ տեսանք, որ Դավիթս անհայտների ցուցակում էր»։
–Այնինչ Վահանյանի ասելով՝ շրջափակումից դուրս են եկել։
Ես իմ մեծ տղայի հետ էի, բա որ հանկարծ էդ էրեխես էլ․․․ Մի ժամ առաջ Գիշի գյուղի մոտ գերի էր վերցրել հակառակորդը, հիմա անընդհատ փառք եմ տալիս, ասում եմ՝ երեւի էդ պահին գոնե Աստված մեր կողմն էր»։
–Երբ այդ 6 էրեխեքը դուրս են եկել շրջափակումից (այդ մասին Արցախի ԱԻՊԾ–ն հայտնել է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին), ամուսինս մեկնել է Ստեփանակերտ, իրենք են Դավիթի մարմնի տեղն ասել․․․ Ողջ ընթացքում Դավիթը չի կարողացել շարժվել, Արսեն Ղարիբյանը, որ նրա անմիջական հրամանատարն էր, ասում էր՝ հրետանի է խփել, ի՞նչ հրետանի, բժշկական թղթերի մեջ կա, որ նռնակից ձախ ոտքը փշրվել է (արյան վարակ է ստացել, ինչից էլ մահացել է–հեղ․), ընկերները ադյալով են տեղաշարժել, ու որ մնացածը փախել են դեպի նեքեւ, որդուս ընկերները՝ Արտաշը, Սուրենը, Կարենը, էն էրեխեքը, որ էդ խմբում եղել են, քաշել են վիրավորներին անտառ, այսինքն՝ չեն թողել վիրավորներին, փախել, ու տենց էդ էրեխեքն էլ մահացան, կարող էին փրկվել, փախչել ոմանց նման, բայց գերադասել են իրենց ընկերների կողքին մնալ ու անընդհատ պահել․․․ Ցավս էն է, պարո՛ն դատավոր ջան, որ եթե էս էրեխեքի գլխին լինեին իրական սպաներ, մենք էդ հողերն էլ չէինք տա, էդքան զոհ էլ չէինք ունենա, ստեղից–էնտեղից, պատի ծակից ընկածները գնացել են ու սահման են պահել, ու մենք մեր էրեխեքին երկու տարով․․․ Հարգելի՛ պետություն, ես իմ էրեխուն քեզ եմ վստահում, եւ թույլ չեք տալիս ծնողը խառնվի․․․ Վստահել եմ քեզ, ու՞ր է էրեխես,– դիմելով Վահանյանին՝ հուզված ասաց ծնողը։
Վահանյանը որեւէ կերպ չարձագանքեց, անգամ հայացքը չբարձրացրեց փաստաթղթերից, որոնք լուռ թերթում էր ողջ հարցաքննության ընթացքում։
Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
«․․․Ես եղել եմ նաեւ Ստեփանակերտում եւ լսել եմ, որ երբ Սաշան Արայիկ Հարությունյանին (Արցախի նախագահ,–հեղ․) ասել է, որ անտառում կա 300 զինվոր, Աղաբեկյան Արթուրը (Արցախի նախագահի գլխավոր խորհրդականն է եղել,–հեղ․) ասել է, որ խոսքը ընդամենը 60 զինվորի մասին է, ինչ եք խառնվել իրար, եղածը 60 զինվոր է, ով զոհվել, զոհվել է, ով էլ ողջ է, կհանենք, կարծես մեր էրեխեքի կյանքը ոչինչ չարժեր նրա համար, եւ երբ ծնողները փորձել են բացատրություն ստանալ այդ խոսքերի համար, նա փախել է։
Այս ամենը հետեւանք էր նրա, որ այսքան գեներալներ, հրամատարներ, պաշտոնյաներ, ԳՇ պաշտոնյաներ, մեկը մյուսին խաբելով, հեռախոսի միջոցով հարցեր էին լուծում, հույս էին տալիս ինձ եւ ինձ նման ծնողներին․․․ Եթե չէին անելու, թող ասեին՝ պատերազմ է, խառն ենք, ձեր գլխի ճարը տեսեք, մենք էլ գիտեինք՝ ինչ կանեինք․․․․ Մեր էրեխեքը տվեցին իրենց ամենաթանկը, կյանքը, բայց մեր պետական պաշտոնյաները եւ պատկան մարմինները, պատասխանատուները ոչինչ չկարողացան եւ չցանկացան անել մեր էրեխեքին հանելու համար, այլ իրենց անպատասխանատու եւ անգրագետ քայլերով մեր երեխաների ճակատագիրը որոշեցին»։
2020 թ․ դեկտեմբերի 25-ին շրջափակումից փրկված սպա Վազգեն Վարդանյանը ռուս եւ ադրբեջանցի զինծառայողների ուղեկցությամբ դուրս է բերել Դավիթ Ադոյանի դին։ Նա հուղարկավորվել է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին․
–Ես չեմ ամաչում ասել՝ ամենամեծ մեղավորը մենք ենք՝ ծնողներս, որ իմ էրեխուն ուղարկել եմ բանակ։
Լիլյա Սարգսյանը դատավորին խնդրեց որպես ՀՀ ազնիվ քաղաքացի Իշխան Վահանյանին դատել «ամենաբարձր ձեւով»։
Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ
Միլենա Խաչիկյան
comment.count (0)