44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում երեկ ժամեր շարունակ հարցաքննվեցին նույն գումարտակի զոհված զինծառայողների ծնողները։
Ուսումնական գումարտակը, հիշեցնենք, հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին մեկնել է Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ մարտական առաջադրանքի, որտեղ, սակայն, հարձակման է ենթարկվել եւ հարկադրված նահանջ իրականացրել։ Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, դրսեւորելով իշխանության անգործություն, թեթեւ վնասվածքը որպես պատրվակ օգտագործելով, ինքնակամ լքել է մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միակ միջոցը։
Նա մեղադրանքը չի ընդունում։
Վարդուհի Մանուկյանի խոսքով՝ Ջալալ Հարությունյանն է հրամայել նորակոչիկներին հանել Խուռհատ սարը
Տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը պատմեց, որ իր որդին՝ Ռաֆայել Սահակյանը, բանակ է զորակոչվել 2020 թ․ հուլիսի 1-ին։ Սեպտեմբերի 18-ից Մանուկյանը 4 օր շարունակ եղել է զորամասում, տեսակցել որդուն, զինվորների խոսակցություններից լսել, որ Իշխան Վահանյանի հետ կապված խնդիրներ կան․ զինվորներին նեղացնում է։
Պատերազի մեկնարկից հետո Մանուկյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչեւ հոկտեմբերի 12-ը․ «Շատ լավ հիշում եմ մի դրվագ․ ասաց՝ որ ասում էին՝ ապահով տեղում ենք եղել, չի եղել տենց բան, երկրորդ–երրորդ գիծ չի եղել, սաղ առաջին գիծ է եղել նահանջի պայմաններում, խրամատը ծնկներից հետ էր, երբ դիվերսիան ներս էր մտնում, էրեխեքը խուճապար իրար վրա էին կրակում․․․ Ռաֆիս հետ խոսելիս մի անգամ ասաց՝ Խըդըրը տրաքեց, ու էս չակերտավորը (ցույց է տալիս Իշխան Վահանյանին,–հեղ․) էրեխեքին ասել է՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու, էդ լեշը մեզ պետք չի, ու Խըդըրին թողել են էդտեղ, էրեխեքին չի թույլատրել՝ գնան, հանեն, հետո մի կամավորական է նրան հանել»։
Լուսանկարում՝ Վարդուհի Մանուկյանը
Մանուկյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-30–ի սահմաններում Արա լեռի տարածքում են եղել, մարտ վարել, որից հետո մոտ 60 հոգով, առանց սպայակազմի, միայն մի սերժանտի հետ շարժվել են Հադրութ․ «Ասում եմ՝ ճանապարհի տակի հատվածով արի, որ գերի չընկնես, ասում է՝ ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ»։
Մոր խոսքով՝ հոկտեմբերի 3-ին տղաները եղել են Հադրութում․ «Ամսի 8-ին դպրոցը թիրախավորվում է, ունենում են վիրավորներ, Ջալալի հրամանով այդ օրը սա էլ է էդտեղ լինում (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), ու խնդիր է դրվում, որ էրեխեքին հանեն դիրքեր, տղաս ասում է՝ պիտի բարձրանանք, ասում եմ՝ դուք անփորձ եք, ո՞նց են թույլ տալիս․․․ Ռաֆոն ասում էր՝ էդ դիրքերը էլ չունենք, Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, հանում եք բոլորին»։
Վարդուհի Մանուկյանը նշեց նաեւ՝ դպրոցում խոսակցություն է եղել, որ նորակոչիկների բարոյահոգեբանական վիճակը բավականին ծանր է, պատրաստ չեն մարտի, սակայն հրամանատարությունն ասել է՝ պիտի հանենք դիրքեր, Վահանյանին են հարցրել՝ արդյո՞ք կարող է տանել, նա էլ դրական է պատասխանել։
Հոկտեմբերի 10-ի Խուռհատ սարի դեպքերից հետո Ռաֆայել Սահակյանն ընկնել է շրջափակման մեջ․ «Հոկտեմբերի 11-ին ես խոսել եմ 9-րդ եւ 1-ին ՊՇ հրամանատարների հետ, խոսել եմ Արցախի ԱԻՊԾ–ի պետի հետ, որ մարդ ուղարկեն, էրեխեքին շրջափակումից դուրս բերեն, Արցախի ԱԻՆ–ը 2 ուղղությամբ գնում է․ մեկը՝ «9 կմ» կոչվող տարածք, մյուսը՝ Խուռհատ սարի տարածք, առաջին ուղղությամբ որ գնում են, դիվերսիա է լինում, երկրորդով էլ չեն գնում»։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, Ռաֆայելը զանգել է մորը, ասել, որ նույն տեղում շրջափակման մեջ են, իր հետ կան տասնյակից ավելի զինվորներ, որից 7-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Դա եղել է վերջին խոսակցությունը․ «Դրանից հետո ես խոսեցի Գարիկ Վարդերեսյանի հետ, ասաց, որ էլ կապ չունի այդ գումարտակի հետ, Հայրիյան Արոյի հետ խոսեցի, ասաց՝ ես նոր եմ նշանակվել, որեւէ բան չգիտեմ, սրա մոտ էլ է եղել հեռախոս (դարձյալ ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․), կապի մեջ եղել է ու շատ լավ իմացել է՝ էրեխեքին ուր է տանում»։
Նոյեմբերի 11-ից Վարդուհի Մանուկյանը եղել է Արցախի Հերհեր գյուղում, զինծառայողներից հետաքրքրվել իր որդու մասին․ «Հադրութի ու Ջրականի էրեխեքն էին հավաքվել, խոսել եմ իրենց հետ, չեմ ասել, որ Ռաֆոյի մայրն եմ, ասել եմ, որ բարեկամն եմ, որ կարողանամ ինֆորմացիա ստանալ․․․ Վահանյանից էին շատ խոսում, ասում, որ թիվ մեկ մեղավորը ինքն է, իր վիրավորումը ոչ մեկը չի տեսել, ինքը թողեց, փախավ, բայց նաեւ ասում էին՝ արել է էն, ինչ հրամայել են»։
Բենիկ Գալստյանի խոսքով՝ իր որդու դին 6-7 ամիս եղել է Կապանի դիահերձարանում, մինչդեռ նրա զինգրքույկը Խոջալուից է հայտնաբերվել
Բենիկ Գաբրիելյանը զոհված Արման Գաբրիելյանի հայրն է։ Վերջինս պատերազմի ժամանակ եղել է 2 ամիս 10 օրվա զինծառայող։
Նա պատմեց, որ հոկտեմբերի 3-ին է հնարավորություն ունեցել խոսել որդու հետ, որի ժամանակ որդին ասել է՝ նահանջ տալով՝ մեզ բերում են մեր սպաները։
Լուսանկարում՝ Բենիկ Գալստյանը
Հոկտեմբերի 5-ից հետո կապը կորել է․ «Թալինցի մի տղա կար՝ Աշոտ անունով, նրան բերել էին Մուրացանի հոսպիտալ, նա է ասել, որ իմ տղան է իրեն վիրավոր հանել․․․ Ասել է, որ Հադրութի դպրոցից իրենց տարել են դիրքերը քանդած տեղը՝ այդ սարը, դիրքավորվել են, մեր էրեխեքը վիրավոր են մնացել թե զոհվել են՝ չգիտեմ, իրենց հետի տղերքը՝ շարքայինից մինչեւ գեներալ, փախել են, մեր էրեխեքին չեն օգնել, բոլորը պիտի պատասխան տան, միայն ինքը չէ (ցույց է տալիս Վահանյանին,–հեղ․)․․․ Դրանից հետո Հայկազի հետ եմ մի քանի անգամ խոսել, ասաց՝ տղերքը մնացել են շրջափակման մեջ, ի՞նչ անեմ, քաշեմ գրանատը, ինձ պայթացնե՞մ, որ ծնողներից պրծնեմ․․․ Բոլորը պիտի պատասխան տան, դատարանին խնդրում եմ»։
Գալստայնը հայտնեց, որ իր որդու զինվորական գրքույկը գտել է Խոջալուից, մինչդեռ նրա մարմինը 6-7 ամիս մնացել է Կապանի դիահերձարանում․ «Խի՞ պիտի մնար, թող մի հատ թուղթ գրեին, թողնեին վրան, ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»,– հուզված ասաց ծնողը։
–Իսկ տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել, որ Ձեր որդին․․․,– փորձեց հետաքրքրվել հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը։
–Պատերազմ է տեղի ունեցել, եսիմ․․․ Սարից թողել, փախել են, էդ էրեխեքը մնացել են մենակ․․․
«Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է»
Հարցաքննված մյուս իրավահաջորդը Ռուստամ Այվազյանն էր՝ զոհված Արտաշես Այվազյանի հայրը։
Նա պատմեց, որ պատերազմի լուրն իմանալով՝ արտերկրից շտապել է Հայաստան, խոսել որդու հետ։ Ամեն զանգի ժամանակ որդին ասել է՝ ամեն ինչ նորմալ է, շատ բան չի հայտնել։
Լուսանկարում՝ Ռուստամ Այվազյանը
Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է հոկտեմբերի 16-ին․ «Մի րոպե երեւի չենք խոսել, ասաց՝ 6 օր ա՝ ոչ մեկը չի եկել, մենք շրջափակման մեջ ենք, չի ասել՝ որտեղ, հարցրել եմ՝ որտեղ ես, գանք, ասել է՝ չէ, դու դժվար էլ հասնես էստեղ։ Հարցրել եմ՝ քանի՞ հոգի եք, ասել է՝ մոտ 20 հոգի, հարցրել եմ՝ սպա կա՞, ասել է՝ չէ, ունենք մի վիրավոր սերժանտ՝ Հարութը»։
Այվազյանը ցավով հայտնեց, որ իրենք վստահ էին մեր սպաների վրա եւ չէին կարծում, թե նորակոչիկներին կթողնեն բախտի քմահաճույքին․ «Զանգել եմ Քարամյան Արթուրին, ինձ ասել է՝ հարցեր մի տվեք, ես չգիտեմ, զանգեք Հայրիյան Արայիկին, զանգել եմ նրան, չի պատասխանել, հետո զանգել եմ փոխգնդապետ Մկրտչյան Աշոտին, հետո գնացել եմ Հերհեր գյուղ․․․ Ասել են՝ որդիդ անհայտների մեջ է, բայց երկու հոգի դուրս է եկել, հեսա էլի դուրս են գալու, տենց հեքիաթներ․․․»։
Ծնողի խոսքով՝ նոյեմբերի 23-ին Հարութ Կարախանյանը զանգել է «Ղարաբաղ տելեկոմ», ասել, որ օգնություն է պետք, շրջափակման մեջ են, հաջորդ օրը զանգել է իր բարեկամի տուն, ընկերոջն է հարցրել, ասել են՝ ընկերը զոհված է, Հարութն ասել է՝ ուզում ենք Շուշիով դուրս գալ, ասել են՝ Շուշին գրավված է, պատերազմն էլ ավարտված է»։
Նոյեմբերի 27-ի առավոտյան Ռուստամ Այվազյանը գնացել է Արցախ, վերադարձված դիակների մեջ ճանաչել իր որդուն։
Դավիթ Ներսեսյանի խոսքով՝ սպաները զինվորներին ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ
Հարցաքննված մյուս իրավահաջորդը Դավիթ Ներսեսյանն է՝ զոհված Կարեն Ներսեսյանի հայրը․ «Իմ միակ տղան էր, դպրոցն ավարտեց, ընդունվեց համալսարան, ես գրագետ զինվոր ուղարկեցի բանակ, վերջում ապացուցեցին, որ ոչ միայն գրագետ էին, այլեւ հերոսներ են»։
Լուսանկարում՝ Դավիթ Ներսեսյանը
Ներսեսյանը որդու հետ կապի մեջ է եղել մինչ հոկտեմբերի 15-ը, երբ որդին արդեն Հադրութի Վանք գյուղում է եղել՝ շրջափակման մեջ․ «Որ չէին զանգում, մեզ ասում էին՝ էրեխեքին պահել են բունկերում, մալադոյներին չեն տանում պատերազմ, նույնիսկ սպաներն ասել են՝ ձեզ տանում ենք կայֆոտ տեղ․․․ Մինչեւ դեկտեմբերի 27–ը մեր էրեխեքը մնացին շրջափակման մեջ, ոչ մեկը չգնաց օգնության, բա թե ես տեղյակ չէի, այնինչ բոլոր ծնողները տեղյակ էին, խոսում էին, որ անտառներում զինվորներ կան»։
Ծնողի խոսքով՝ եթե Վահանյանը կարողացել է փրկվել, ապա կարող էր նաեւ զինվորներին փրկել․ «Բայց մենակ ինքը չէր կարող մեղավոր լիներ, դժվար թե էսքան զորք իրեն ենթարկվեր»։ Նա դատարանին խնդրեց Վահանյանին դատապարտել կամ ցմահ ազատազրկման, կամ գնդակահարության։
Հարցաքննված մյուս ծնողների ցուցմունքները՝ այստեղ եւ այստեղ
Գլխավոր լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)