Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
12:29 - 10 մարտի, 2023

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: 
 
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ 
 
Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։
 
335033301_220104090584238_5525987849892895413_n.jpg (177 KB)

Իսկ Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում հանդիպել է առաջին անգամ Սյունիք այցելած՝ ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին։

«Մարզպետը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական ծառայության մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ դա շատ կարևոր է մարզի բնակչության համար։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Ռ․Ղուկասյանին նախորդ օրը դեպի Բերձորի միջանցք այցի ընթացքում իրեն միանալու համար։ Քրիստինա Քվինն ասաց նաև, որ իր համար շատ օգտակար էր Սյունիքում գտնվելու օրերին սովորական քաղաքացիների հետ խոսելը, որոնք իրեն պատմել են պատերազմից հետո այստեղ ապրելիս իրենց զգացողությունների ու հատկապես 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ապագայի հանդեպ ունեցած անվտանգային մտահոգությունների մասին։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրեց 44-օրյա ու 2022թ․ սեպտեմբերի պատերազմներից հետո մարզում ստեղծված իրավիճակն ու պատասխանեց դրա վերաբերյալ դեսպան Քվինի հարցերին։

Զրուցակիցները քննարկեցին նաև թեմաներ, որոնք վերաբերում էին Սյունիքում վերաբնակեցված արցախցիներին, մարզի սահմանային բնակավայրերում պատերազմից հետո ապրող մարդկանց խնդիրներին, այս համատեքստում առաջ եկած սոցիալական, անվտանգային, տնտեսական հարցերին։

Դեսպանը հետաքրքրվեց մարզային իշխանության հետագա անելիքներով ու ծրագրերով՝ ուղղված նոր իրավիճակում բացասական սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ու մարզի դիմակայունության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից (USAID) Սյունիքում իրականացված ծրագրերին ևս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Լաչինի միջանցքը: Չնայած միջազգային հանրության կոչերին և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել