ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Արթիկի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2020-2024 թվականներին Սևան համայնքի կատարած գնումները և պարզել, որ Արթիկի համայնքապետարանի՝ ճանապարհաշինությանն ուղղված գնումների շուրջ 40%-ն իրականացվել է համայնքի ավագանու անդամին փոխկապակցված ընկերության հետ։

Ուշագրավ է այն, որ «Ճանշին» ՓԲԸ-ն Արթիկ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել դեռ 2017 թվականից՝ մինչև Տիգրան Բաղդասարյանի ավագանու անդամ դառնալը։ Միայն 2022-2024 թվականներին, երբ Տիգրան Բաղդասարյանն արդեն ավագանու ընտրված անդամ էր, ընկերությունը մասնակցել է գնման 10 ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։

«Ինֆոքոմին» ուղղված գրության մեջ Անանիկ Ոսկանյանը ոչ առարկայական պատասխան էր տվել՝ նշելով միայն, որ ընթացակարգերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այդ թվում շահերի բախման բացակայության մասին արձանագրությունը հրապարակված են Ֆինանսների նախարարության՝ Գնումների էլեկտրոնային հարթակում։ 

Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս բոլոր դեպքերը, արձանագրել է, որ Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իրեն փոխկապակցված անձի հետ գործնական հարաբերություններ ունեցող անձի ընկերության հետ՝ առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։

Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։

Այսպիսով, հաշվի առնելով, որ Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, ինչպես նշված է ԿԿՀ որոշման մեջ, «կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, միաժամանակ որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում շահերի բախման առկայության մասին գրավոր հայտարարություն չի ներկայացրել Հանձնաժողով՝ խախտելով օրենքով սահմանված շահերի բախմանը վերաբերելի իրավակարգավորումների պահանջ», Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է 300 000 դրամի չափով տույժ։

Ի դեպ, ԿԿՀ-ի նախաձեռնած վարույթի շրջանակում համայնքապետը հնարավորություն է ունեցել ներկայացնել դիրքորոշում եւ պարզաբանում։ Համայնքի ղեկավարը նշել էր, որ տեղեկացված չի եղել «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներից։

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ստեփանավան, Քաջարան, Գավառ, Սևան, Իջևան, Աշտարակ և Վանաձոր համայնքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter