«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռոբերտ Կադարյանը 2025 թվականի մարտի 5-ին 2 մլն դրամի նվիրատվություն է կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025 թվականի տարեկան հաշվետվությունից։
Կադարյանը Սամվել Կարապետյանի ընտանիքին փոխկապակցված «Տ-էլեկտրո», «Կասկադ-էներգո» և «Կասկադ-միրտեկ» ընկերությունների նախկին տնօրենն է։ Այս ընկերություններն, ի դեպ, ՀԷՑ-ի գնումների ակտիվ մասնակից են եղել։ Նա նաև «Կոնստանտ դիվելփմենթ» ընկերության՝ ներկա, «Կոնստանտ փարթներս» ընկերության նախկին համասեփականատերն է։
Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր նույն կուսակցության մեկ այլ անդամի՝ Ալեքսան Ալեքսանյանի՝ ՔՊ-ին կատարած նվիրատվության վերաբերյալ։ Ալեքսանյանը նույնպես նույն ժամանակահատվածում` 2 օրվա տարբերությամբ 2 մլն դրամ է փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
«Ինֆոքոմի» հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ նվիրատվությունները կատարվել են «Իմ քայլը» հիմնադրամին, այլ ոչ թե Քաղաքացիական պայմանագրին․
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչպես է դա արտացոլվել «Քաղաքացիական պայմանագրի» հաշվետվության մեջ, բայց փոխանցումը եղել է «Իմ քայլը» հիմնադրամին, եթե ճիշտ եմ հիշում՝ կրթական ծրագրի համար»,- ասաց Ալիկ Ալեքսանյանը։
Վերջինս հավելեց, որ իր այս նույն մեկնաբանությունը վերաբերում է նաեւ Ռոբերտ Կադարյանի նվիրատվությանը։
Հարցին՝ չի՞ պատրաստվում ճշտել, թե ինչպես է «Իմ քայլը» հիմնադրամին կատարված փոխանցումն արտացոլվել կառավարող կուսակցության հաշվետվությունում, Ալեքսանյանը պատասխանեց՝ «այս փուլում զբաղված ենք ուժեղ Հայաստան ունենալու գործով և հետաքրքվելու ժամանակ չենք ունեցել»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը մեր զրույցում նշեց, որ, ըստ օրենքի, կուսակցությանը նվիրատվություն կատարելու համար քաղաքացին պարտավոր է բանկում կամ բանկային հավելվածում ֆիզիկապես լրացնել կուսակցության ամբողջական անունը, հաշվեհամարը, իր անունը, անձնագրային տվյալները և իր հանրային ծառայությունների համարանիշը․
«Չի կարող պատահել, որ մարդը հասցեատեր բաժնում լրացնի այլ կառույցի անուն, բայց նվիրատվությունը հասնի մեկ այլ կառույցի։ Դա ֆիզիկապես անհնար է։ Այսինքն՝ պնդումը, թե այլ հիմնադրամի է փոխանցել, բայց գումարը ՔՊ-ին է փոխանցվել, կատարյալ անմտություն է և սուտ։ Կարող եք ինքներդ փորձել լրացնել ՔՊ-ի հաշվեհամարը, իսկ հասցեատեր բաժնում գրել կամայական հիմնադրամի անուն ու տեսնել՝ գումարը կհասնի՞, թե՞ ոչ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
«Ինֆոքոմը» շարունակում է ուսումնասիրել կուսակցությունների հաշվետվությունները, որոնց մասին առաջիկայում հանդես կգա նոր հրապարակումներով։
Թարմացում՝ 01․05․2026
Հրապարակման պահին հոդվածը ունեցել է ««Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Կադարյանը՝ ՔՊ նվիրատուների ցանկում» վերնագիրը, իսկ առաջին պարբերությունում Ռոբերտ Կադարյանը ներկայացվել է որպես դաշինքի պատգամավորի թեկնածու։ Ավելի ուշ Կադարյանը հստակեցրել է, որ ինքն ընդգրկված է եղել միայն նախնական ցուցակում։ Այժմ Կադարյանը միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է։