photo_2026-05-16_21-28-52

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 9-րդ օրը

Մայիսի 16-ը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 9-րդ օրն էր։ Մարզերում և մայրաքաղաքում քաղաքացիների հետ շփվելիս ու ելույթներ ունենալիս քաղաքական ուժերն անդրադարձան Հայաստանի ներքին քաղաքական և արտաքին քաղաքական հարցերին։ Շատ կուսակցություններ իրենց նախընտրական ծրագրի վերաբերյալ տեղեկություններ հաղորդեցին սոցիալական ցանցերով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջեց մայրաքաղաքում և շփվեց քաղաքացիների հետ։ Վարչապետը Հանրապետության հրապարակում հանդիպեց ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների հետ։

Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։
«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ՝ 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում, եթե վարորդական իրավունքից չզրկվեք, հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց․ եթե այդ բալերը ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց Փաշինյանը։

Մեկ այլ հայտարարությամբ՝ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցին․ «Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել՝ Արծվաշենը չկա։ Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»,- ասաց Փաշինյանը։

ՔՊ-ից մեկ այլ խումբ՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, գտնվում էր Լոռու մարզում։ Ըստ «Ազատության»՝ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին: Նրանք, Ներքին գործերի նախարարության խոսնակի փոխանցմամբ, կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ:
Տաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում՝ Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, միջադեպ է տեղի ունեցել: Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ՔՊ-ական ավտոերթին մի խումբ մարդիկ դիմավորում «Սամվե՛լ, վարչապե՛տ» վանկարկումներով ու երգով: Միջադեպի պատճառով 10 քաղաքացի ձերբակալվել է քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Արագածոտնի մարզում։

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանազատման մասին ավելի վաղ կատարած հայտարարությանը․ «Փաստացի Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ […] Սա իսկապես ցավալի է, որովհետև նույն Տիգրանաշենի հանձնումը սարսափելի հետևանքների է հանգեցնելու, որովհետև փաստացի մեր հանրապետությունը կիսելու է երկու մասի»,- նշել է նա։

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին։ «Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը»,- նշել է նա։

ԲՀԿ այսօրվա քարոզարշավի ժամանակ նաև առաջարկել է համաներման հնարավորություն շնորհել կալանավորներին, քանի որ կալանավայրերն, ըստ նրա, բավականին ծանրաբեռնված են։

«Ուժեղ Հայաստանն» իր հերթին քարոզարշավ է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։ Նա ընդգծել է, որ այսօր Սամվել Կարապետյանը, որը երբեք կյանքում ներգրավված չի եղել քաղաքականության մեջ, պատրաստակամություն է հայտնել զբաղվել իր երկրի զարգացմամբ։

Ավելի վաղ՝ Կենտրոն հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի: «Ուղղակի էլի իրենք իրենց գործերն են անելու, իրենց պարգևավճարներն են վճարելու, դուք էլ մնալու եք նույն իրավիճակում՝ մի քիչ ավելի շատ ասֆալտով, շուկաներում թանկ գների մթերքով և բերքի իրացման խնդրով, աշխատատեղերի բացակայությամբ, արդարության զգացումի վերացմամբ»,- ասել է նա:

Հատկանշական է, որ այսօր հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ «Հետքը» հաղորդել է, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026 թ. մայիսի 15-ին, և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։

«Հայաստան» դաշինքն այսօր Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված աշխատավորների շահերի պաշտպանությանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը տեսանյութում նշել է, որ «Հայաստան» դաշինքն առաջարկում է, որ տաքսու վարորդների աշխատանքը պաշտոնապես համարվի ստաժ։ «Ամսական շրջանառությունը պետք է համարվի եկամուտ, որ տաքսու վարորդ մեր հայրենակիցները հետագայում կարողանան օգտվել ֆինանսական ծառայություններից»,- նշել է Մանուկյանը։

Օրվա ընթացքում կուսակցության անդամները վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գտնվում էին Վեդիում։ Անդրադառնալով ՔՊ անդամ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքին, թե ընդդիմադիրները ուռճացնում են պատերազմի զոհերի թիվը, Քոչարյանը նշել է․ «Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե ոչ, մարդիկ անուն-ազգանուն ունեցե՞լ են, թե ոչ, դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել, հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան՝ ինչ է եղել։ Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք։ Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։ «Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել»,- ասաց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Նա նաև ասաց, որ մինչև սահմանի ֆիզիկական բացումը պատրաստվում են Ազգային ժողովում ներկայացնել օրենսդրական փաթեթ, որով բազմաթիվ հարցերում պաշտպանելու են ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի անշարժ գույքի շուկան, Հայաստանի ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Աջափնյակ վարչական շրջանի քաղաքացիների հետ։ «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։ «Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,- ասել է Բաբաջանյանը։

«Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է արգելել առցանց խաղատները։ Այս հարցին Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում անդրադարձել է կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։ «Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ: Մարդիկ պարտվում են ամեն ինչ՝ սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր: Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ: Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի՞: Վստահեցնում եմ ձեզ՝ այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն և հարկերի տեսքով կվերադառնա պետություն»,- նշել է Մարությանը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագրի՝ Ֆեյսբուքում մայիսի 16-ին հրապարակված հատվածում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային հարցերին։ Ըստ դրա՝ խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու և Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից և Թուրքիայից:

«Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արևմուտք-Արևելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ Այդ հանգույցի կարևորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի և նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ և փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»,- նշված է ծրագրում։

«Միասնության թևեր» կուսակցությունը հրավիրել էր հանրային քննարկում Երևանում։ Ելույթ ունենալիս կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարեց, որ իրենց համար ընտրակաշառք բաժանելը բացարձակ անընդունելի է, քանի որ դա այդ վախի համակարգը ստեղծելու բաղադրիչներից է: «Այդ սխեման գործում է բարձրագույն մակարդակով և իջնում է մինչև ներքև: Թե՛ ընտրակաշառք տալը, թե՛ վախեցնելով ձայնը գնելը նույն բանն են, և դա բացարձակ անընդունելի է, քանի որ քայքայում է երկրի քաղաքական համակարգը»,- ասաց Թաթոյանը: Ըստ նրա՝ քաղաքացին ինքը պիտի ձևավորի պետական համակարգը:

Կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր քարոզարշավին՝ նշելով, որ այն քաղաքական ուժի իրական դեմքը բացահայտող կարևոր գործընթաց է։ «Եթե դու այսօր ճղճղան ես, հայհոյող ես, կենցաղային վիրավորանքներով ապրող ես, քաղաքական խոսքը փողոցային լեզվի վերածող ես, ապա վաղը՝ նույնիսկ եթե իշխանության գաս, հանրային ենթագիտակցությունը քեզ շարունակելու է ընկալել նույն կերպ, այսինքն` ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես պատահական աղմկոտ դերակատար կամ պարզապես՝ ծաղրածու»,- նշել է Անանյանը։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Երևանում։ Լրագրողների հետ զրույցում կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ առաջինը քաղաքացին պիտի հասկանա, թե տվյալ քաղաքական ուժը որքանով է կարող զբաղվել քաղաքականությամբ։ Նրա խոսքով՝ պետք է տեսնել, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչ հետագիծ ունի, արդյոք այնտեղ ներգրավված են մարդիկ, ում խոստումներն արժեք ունեն։

«Ազգային ժողովրդավարական բևեռում ներգրավված են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր երկրի համար, հալածվել են, բանտարկվել են, ընդհուպ մինչև մահափորձեր են եղել մեր նկատմամբ, սակայն մենք չենք նահանջել և դրանով իսկ ապացուցել ենք մեր հանրությանը, որ մեր պայքարը հանուն իշխանության կամ հանուն խոստումների չի․ մեր պայքարն ունի բացառապես գաղափարական հենք և մեր պայքարը մեր երկրի և ժողովրդի համար է»,- նշել է Սաֆարյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն