photo_2026-05-27_21-43-16

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 20-րդ օրը

Այսօր հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 20-րդ օրն էր։ Քարոզարշավի ավարտին մնաց ուղիղ տասը օր։

Ընտրական հանցագործությունների մասին նոր հայտարարություններ եղան այսօր։

Մասնավորապես, Իրավապահները գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում այսօր գործողությունների վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 10 անձ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գառնիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ Ժողովուրդն ինքն է որոշելու՝ լինել ԵՄ, թե ԵԱՏՄ կազմում։

Փաշինյանի խոսքով՝ անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ։ Ըստ նրա՝ նման սպառնալիքին կա պատասխան՝ մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ համար շատ թանկ չթվա։

«Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է լինելու, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը»,- ընդծել է Փաշինյանը։ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար՝ այն անվանելով «լրտեսական գործունեություն»։

«Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման և դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես՝ 300 000 ադրբեջանցիների վերադարձի՝ գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար։ Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը»,- ասել է Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում։

Նա նշել է, որ Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից, և նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում «որպես լրտես, որպես հոսանքի գող և որպես փող լվացող»։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստանի» 8 ներկայացուցչի ընտրակաշառքի մեղադրանքով, իսկ փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել ներս՝ պաշտպանելու ձերբակալվածների իրավունքները:

Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը՝ նշելով, որ ավելի ուշ կարձագանքեն: 

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով` TRIPP նախագծում պետք է ընդգրկված լինի նաև երկիր, որի նկատմամբ Իրանն ունի լիարժեք վստահություն։ 

Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Մեղրիում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը։ 

Նրա համոզմամբ՝ TRIPP-ը Միացյալ Նահանգների ծրագիրն է Ադրբեջանի ու Թուրքիայի համար և ոչինչ չի տալու Հայաստանին․ «Ես չեմ տեսնում նաև Միացյալ Նահանգների ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը։ Այդ տեսանկյունից սա պրոբլեմային է»,- ասել է Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այն հանգեցնելու է Իրանի հետ լրջագույն խնդիրների։ Այդ պատճառով, ըստ նրա, ծրագիրը պետք է համալրվի այլ պետություններով, որոնց նկատմամբ առկա է Իրանի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն աշխարհաքաղաքական շահերի բախման առումով խնդրահարույց կարող է լինել։ 

Քոչարյանն անդրադարձել է նախօրեին Մարկո Ռուբիոյի Երևան այցին՝ ասելով, որ այն կարելի է դիտարկել որպես միջամտություն ընտրություններին։

«Իհարկե, ընտրություններից մի քանի օր առաջ նման շտապ, չհայտարարված այցը, որի օրակարգն ու նպատակը հանրությանն անհայտ են, նման գնահատականների տեղիք է տալիս։ Մանավանդ որ վերջին շրջանում տեսնում ենք, թե ինչպես են եվրոպական որոշ երկրների պատվիրակությունների այցերը դարձել նախընտրական քարոզարշավի մաս։

Երբ նայում ես ստորագրված փաստաթղթերի բովանդակությանը, արտառոց ոչինչ չկա, բայց այցն, անշուշտ, քարոզչական բնույթ է կրում։ Իսկ ի՞նչն է դրանում վատ. դառնում ենք աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն»,- լրագրողներին ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։ 

«Միասնության թևեր» դաշինքից պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն էլ այն կարծիքին է, որ Ռուբիոյի այցը վերաբերում էր ոչ այնքան Հայաստանի ներքաղաքական օրակարգին, որքան ԱՄՆ գլոբալ ռազմավարական շահերին Հարավային Կովկասում․ՆԳՆ

«[Այցի տևողությունը և ձևաչափը] ցույց են տալիս՝ Վաշինգտոնի համար այս փուլում առաջնայինը տարածաշրջանային աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության արագ ամրագրումը։ Իսկ Հայաստանի իշխանությունները տվյալ գործընթացում դիտարկվում են առավելապես որպես այդ ռազմավարության իրականացման ներկայիս գործառնական գործընկեր։ Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում այսօր ընթանում է շատ ավելի մեծ խաղ, քան սովորական նախընտրական քարոզչությունն է»,- գրել է Անանյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ հայկական ընտրություններին կոպտորեն միջամտում են Արևմուտքն ու Ռուսաստանը՝ Հայաստանը դարձնելով ազդեցության համար կռվադաշտ:

«Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու նպատակով Հայաստանին ներքաշում է այդ պատերազմի մեջ: Արևմտամետներն ու ռուսամետները պառակտում են մեր երկիրը: Հայ ժողովուրդը պետք է տեր կանգնի սեփական ճակատագրին և քվեարկի Հայաստանում միակ անկախական ուժի` Հայ Ազգային Կոնգրեսի օգտին»,- գրել է նա՝ հավելելով, որ իրենք չեզոքություն կպահեն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, երկիրը հեռու կպահեն պառակտումից և համագործակցություն կկառուցեն և´ Արևմուտքի, և´ Ռուսաստանի հետ:

Կոնգրեսն այսօր քարոզարշավ է արել Սյունիքի մարզում։

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժ» կուսակցությունն անդրադարձել է Хроника Кавказа անունով կայքի հրապարակմանը, որում անդրադարձ կա նաև «Նոր ուժ»-ին։

«Միակ «փաստաթուղթը», որը դրված է հոդվածի հիմքում, ռուսալեզու մի PDF է, որտեղ երևում է՝ ինչ-որ անհայտ կազմակերպություն մեզ համար իբր սոցհարցում է կատարել ապրիլի 29-ից մայիսի 1-ը, և էդ «հարցման» մասնակիցներին ցույց են տրվել մեր նախընտրական պաստառների էսքիզները, որպեսզի նրանք գնահատեն դրանք։ Էսքիզների վրա երևում է մեր քվեաթերթիկի համարը՝ 5: Իսկ մեր քվեաթերթիկի համարը ԿԸՀ նիստում հայտնի է դարձել մայիսի 3-ին։ (…)

Զրպարտագրում նշվում է, թե իբր ինչ-որ ռուսական կազմակերպության փող են տվել, որ Հայկ Մարությանի նախընտրական PR-ստրատեգիան։ Պատկերացնում եք, չէ՞՝ ինչ-որ մեկը պետք է խորհուրդ տար Մարությանին Կարգին հաղորդման ոճի մեջ ռիլեր նկարել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ, խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։

«Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։

Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները»,- նշված է ԼՀԿ-ի հաղորդագրությունում։

«Հանրապետություն» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Դիլիջան քաղաքում։

Կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք մասնակցում են ընտրություններին՝ ՀՀ տնտեսությունը ոտքի հանելու, հայոց բանակը սպառազինելու համար։

Նա հայտարարել է՝ որտեղ գնում են հանդիպումների, լսում են ժողովրդի խնդիրները, որպեսզի իշխանության գալու պարագայում փորձեն լուծում տալ դրանց։

«Հանդիպումների ընթացքում մեզ մի բան են հարցրել՝ խաղաղության համաձայնագիրը, որ ստորագրեն․ խաղաղությունը կմնա հավերժ, թե կխախտվի խաղաղությունը։ Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ որևէ փաստաթուղթ խաղաղություն չի ապահովելու։ Փաստաթուղթը լավ բան է, խնդիր լուծում է, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթից հետո կրակոց չի եղել։ Բայց որպեսզի խաղաղությունը հարատև դառնա, պետք է սպառազինենք մեր բանակը, հզորացնենք տնտեսությունը»,- ասել է Արամ Սարգսյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Շիրակի մարզի բնակիչների հետ։

«Գյումրին մեր պետության ամենակոլորիտային քաղաքն է, անունը դրել են հայրաքաղաք, բայց այդ հայրաքաղաքի մասին ոչ ոք չի մտածել։ Զարգացնելու ենք Շիրակի մարզի տնտեսությունը, 5 տարվա ընթացքում կտեսնեք լուրջ փոփոխություններ։ Առաջին հերթին՝ մենք վերացնելու ենք աղքատությունը մարզում, վերացնելու ենք տնակները։ Նորակառույց ոչ մի շենք դեռ Գյումրիում չի կառուցվել»,- ասել է Կարապետյանը։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «զահլեն տանելու» ակցիա է իրականացրել Հայաստանի հանրային ռադիոընկերության դիմաց. նրանք «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձան են տեղադրել Ռադիոտան մոտ։

Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ իրենց արձանի ծանրությունը ցույց է տալիս, թե գործող իշխանություններն ու ընդդիմությունը որքան են տարել ժողովրդի «զահլեն»։

«Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջին զահլեն, որ կտանեն։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,- ընդգծել է Կարապետյանցը։ 

«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլի դիտարկման արդյունքները։

Տեղեկանքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր՝ կապված վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և սուր հռետորաբանության հետ։

Մասնավորապես, դիտարկվել են կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման դեպքեր քարոզարշավին, ինչպես նաև աշակերտների դասերից ազատման առանձին օրինակներ։ Անչափահասների մասնակցության դեպքեր են գրանցվել մի շարք քաղաքական ուժերի միջոցառումներում։

Տեղեկանքում արձանագրվել են նաև գործատուների կողմից հնարավոր ճնշումների դեպքեր, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող և ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ․ 

«Քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ,  որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում։

ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, ըստ որի՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․

«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն