Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել տոնական զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել են շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Զորահանդեսը, փաստորեն, համընկավ 2026 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 21-րդ օրվան։
Քաղաքական ուժերը այսօր ուղերձներ են հղել Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաեւ մեկնաբանել զորահանդեսը։
Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի ժամանակ ասել է, որ դրա կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը և ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում։
Նա նշեց, որ կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, որոնք ՀՀ-ն ունի 2022թ․ սկսած ռազմարդյունաբերական համալիրում արված շուրջ 170 մլրդ դրամի ներդրումների արդյունքում։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասել է, թե «հաջորդ իշխանության օրոք Հայաստանին զենքը նվիրելու են, այն գնվելու է շատ էժան, և երկիրը կունենա անվտանգության լուրջ համակարգ»: Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այսօրվա զինվորական շքերթը բացառապես նախընտրական միջոցառում է։
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը մտադիր է ամբողջությամբ վերակառուցել պաշտպանական գնումների համակարգը և խոր դաշնակցային հարաբերությունների վերականգնման հաշվին կառուցել ներդաշնակ ռազմատեխնիկական համալիր։
Իսկ «Ժամը» լրատվականի եթերում հարցազրույցի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել է՝ հայ ժողովրդին պատերազմով սպառնում են Ալիևը, Փաշինյանը և գորշ գայլերը։
«Որ օրը Փաշինյանը հեռացվեց իշխանությունից, ոչ մեկ նույնիսկ չի փորձի Հայաստանին սպառնալ պատերազմով, մենք կվարենք ճիշտ դիվանագիտություն, կունենաք լուրջ երաշխավորներ, և ոչ ոք չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա»,- նշել է նա։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ, շնորհավորելով Հանրապետության տոնը, հայտարարել է՝ «այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները»։
Նրա խոսքով՝ Հայաստանը այսօր մտնում է որոշիչ ժամանակաշրջան․ «այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն, դրանք լինելու են պատասխան մի հարցի՝ արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է նորից վերցնել իր պետության պատասխանատվությունը»։
Նա անդրադարձ է կատարել նաև զորահանդեսին՝ նշելով․ «Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը՝ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ փիառի։ Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ հայտարարել է՝ ընդդիմությունը թիրախավորում է զորահանդեսը, իսկ ինքը շնորհավորում է, քանի որ «այդ Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանն իր հոր տնից չի բերել»։
«Մեր զինված ուժերն են, մեր բանակի մարտիկներն են, զենքերն էլ, որ առել է՝ մեր վճարած հարկերից են։ Կարո՞ղ է ՔՊ-ն է այդ բաները պատրաստել․․․ դրոններ է սարքել Ալեն Սիմոնյանը։ Ինչ կա՝ մերն է, մեր պետությանն է պատկանում, մեր բանակն է»,- ասել է նա։
«Հանուն Հանրապետության» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ «այսօրվա զորահանդեսը պետք է դառնա պատասխանատվության ազդակ»․
«Հայաստանի անվտանգությունը ամենօրյա աշխատանք է, իսկ անկախությունը՝ ամեն սերնդի նորից ու կրկին պաշտպանելու պարտականություն։ Ուժեղ բանակը միայն զենքը չէ։ Ուժեղ բանակը կրթված սպան է, ապահով զինվորը, զարգացած ռազմարդյունաբերությունը, վստահելի դաշնակցային հարաբերությունները և պետության հանդեպ անսասան հավատը», – նշել է նա։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթի ժամանակ, ասել է, որ Սարդարապատը հիշեցնում է, թե ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը, և երբ միասնական է․
«Այսօր մեզնից զոհողություն չի պահանջվում, ինչպես 108 տարի առաջ էր, ընդամենը՝ սթափ որոշում։ Մենք պարտավոր ենք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ երկրում ենք ուզում ապրել և ինչ երկիր ենք թողելու մեր երեխաներին՝ ուժեղ, հայկական, ինքնիշխան պետություն, թե մի տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը ապացուցել է, որ կարող է պահել և փրկել իր պետականությունը։ Վստահ եմ՝ կկարողանա նաև հիմա»,- նշել է Քոչարյանը։
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը իր շնորհավորական ուղերձում հայտարարել է՝ «Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունն արդեն անթաքույց ուղղված է նրան, որ ՀՀ-ն դադարի գործել որպես ազգային պետություն և վերածվի «իրական Հայաստան» նախագծի անվանման տակ խամաճիկային մի միավորման։ Զուրաբյանի խոսքով՝ դրա գործառույթը լինելու է «օտար տերերի շահերի սպասարկումը և Հայաստանի ադրբեջանացումը՝ և´ ժողովրդագրական փոփոխության, և´ ավտորիտարիզմի ներմուծման առումով»:
«Նոր ուժ» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանն իր ուղերձում հայտարարեց՝ «այսօր՝ 108 տարի անց, երբ թվում է՝ կրկին ջրբաժանի առաջ ենք կանգնած, պետք է հիշենք, որ Առաջին Հանրապետության գոյությունը հնարավոր դարձավ «մեծ եղբայրների» ցանկությունից զատ եւ անգամ՝ ի հեճուկս նրանց ցանկության»։
«Հանրապետությունը ծնվեց Սարդարապատի հերոսամարտում, որտեղ մենք ինքներս իմաստ գտանք մեր ինքնուրույն գոյության մեջ ու հաղթեցինք մեր ամենամեծ թշնամուն՝ մեր անզորությունն ու անվճռականությունը»,- նշել է Մարությանը։
«Լուսավոր Հայաստանը» այսօր հայտարարել է նաև, որ իրենց ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա վաղը՝ ժամը 17:00-ին, հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։
Իսկ «Անկախ դիտորդ» դաշինքը դատապարտել է դիտորդական առաքելության թիրախավորումը։
«Անկախ դիտորդը կոչ է անում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին Դանիել Իոաննիսյանի կողմից հնչեցրած հարցի հիման վրա նրա անաչառությունը կասկածի տակ դնելու փոխարեն նպաստել իրականության բացահայտմանը, հորդորում է «Միասնության թևեր»-ի ղեկավար Արման Թաթոյանին չնենգափոխել իր քաղաքական ուժի ֆինանսական միջոցների աղբյուրների վերաբերյալ հարցապնդումները, բացահայտել իր ուժի ֆինանսավորման աղբյուրները և ապացուցել, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ եթե չապացուցեն Թեւանյանի լրտես լինելը, «թող գան, իրենց ոտով մտնեն առյուծի բունը, էն էլ որձ առյուծի»։ Փաշինյանն ասել է․
«Ծառուկյանն օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով ա Անդրանիկ Թևանյանին ներառել իր ցուցակ: Գործակալ ա: Էդ ժարգոնին էլ ասում եմ՝ մի հատ խելքդ գլուխդ հավաքի, քեզ հաշիվ տուր՝ ով ես և ում հետ ես խոսում: Հանցագործ: Քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ: Պատրաստվիր, «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և էդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխան եք կրելու՝ Հայաստանի ժողովրդին թալանելու համար…
Պատրաստվիր՝ դղյակդ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2030 թվականը։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»,- հայտարարել է Փաշինյանը:
ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, արձագանքելով այսօր Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարություններին, ասել է.
«Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»։
Անդրադառնալով կալանավորված Արթուր Օսիպյանի՝ իրենից ներողություն խնդրելու պահանջին, Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե Օսիպյանը պետք է ներողություն խնդրի․
«Գիտեք՝ չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել ա, Ղարաբաղի հարց ա առաջ տանում, որտեղ ա եղել ինքը պատերազմի ժամանակ։ (․․․)
Ինքը և իր նմանները, խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային, նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել մի հատ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ պատանդ են պահում Հայաստանում»,- նշել է Փաշինյանը։
ԴՕԿ կուսակցությունն էլ այսօր հայտարարել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի համար օրենք է ընդունելու՝ արգելելով բազմաբնակարան շենքերի կառուցումը։
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դառնա արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն։
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։
«Ես երաշխավորված ասում եմ, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը լինելու են պետական քաղաքականության առաջնային ուղղություններից։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները Միացյալ Նահանգների և մյուս գործընկեր երկրների հետ»,- նշել է Թաթոյանը։
Հայաստանի շնորհապետական կուսակցության վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, թե որպես մաքուր այլընտրանքային ուժ՝ «չեն միանալու ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, ո՛չ նրանց արբանյակ, սպասարկող քաղաքական ուժերին»։
«Եթե չի ստացվում [հաղթել], Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը 3 կարգավիճակին էլ պատրաստ է՝ և՛ արտախորհրդարանական ուժ լինելուն, և՛ խորհրդարան անցնելուն փոքր քվեներով, և՛ հաղթելուն»,- հավելեց նա՝ ևս մեկ անգամ պնդելով, որ չեն միանալու որևէ ուժի, եթե վարչապետի ընտրությունն իրենցից կախված լինի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր իր «լիակատար և բացարձակ աջակցությունն է» հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը։
2026թ․ հունիսի 7-ի վերընտրության համար Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԲԱՑԱՐՁԱԿ աջակցությունը։ Նիկոլի աջակցությամբ Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան երբևէ չարձանագրված բարձունքների կհասցնենք»,- իր Truth Social սոցցանցում գրել է Թրամփը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ ֆեյսբուքում գրելով. «Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»:
Ընտրությունների վերաբերյալ հայտարարություններ եղան նաև Ռուստատանից. երկրից հայտարարեցին՝ Հայաստանը ոչ պաշտոնապես հայտնել է ՌԴ-ից որոշ դիտորդների ոչ ցանկալի լինելու մասին։
ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին։
Իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ռուսաստանցի դիտորդների ցուցակները սահմանված կարգով ուղարկվել են հավատարմագրման գործընթացի համար, ինչպես պահանջում էր հայկական կողմը։ Ըստ Զախարովայի՝ հայկական կողմը հայտնել է Պետդումայի երեք պատգամավորի և Կարաչայ-Չերքեզիայի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի անցանկալիության մասին։
«Ռուսաստանցիներին հավատարմագրումից հրաժարվելու որոշումն առաջացնում է խոր ափսոսանք և շփոթություն։ Մենք պատրաստ չենք ընդունել այդ տրամաբանությունը և ստիպված կլինենք դա հաշվի առնել Երևանի հետ մեր հետագա աշխատանքում։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչու են նրանց նկատմամբ կիրառվել նման ոչ բարեկամական գործողություններ»,- ասել է նա։