Gemini_Generated_Image_d4yqrsd4yqrsd4yq

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 23-րդ օրը

Այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 23-րդ օրն էր։ Հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շրջել են Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում, շփվել քաղաքացիների հետ, ելույթներ ունեցել արտաքին և ներքաղաքական խնդիրների մասին։

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ չի մասնակցի ԱԺ ընտրությունների շրջանակներում անցկացվող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին։ Նրա խոսքով՝ բանավեճի ձևաչափը լավը չէ և իրեն դուր չի գալիս։

Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ընթացքում նա խոսել է պատերազմից և արտաքին քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը չէր միջամտի 44-օրյա պատերազմին, քանի որ ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամների հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի լավ են, քան Հայաստանի։

Արդեն Աշտարակում իր կուսակցության հետ անցկացրած քարոզարշավի ժամանակ Քոչարյանը խոսել է ատելության մթնոլորտից։
«Այս քարոզարշավը Հայաստանի պատմության մեջ իշխանությունը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի։ Սա, կարծում եմ, տեսնում են բոլորը։ Սա մարմնավորում է ստախոսություն, լկտիություն, սպառնալիքներ, հայհոյանքներ, որոնք վայել չեն նորմալ քաղաքական պրոցեսի, նորմալ երկրի համար»,- մայիսի 30-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այդ մշակույթը հաստատել է հենց Հայաստանի Հանրապետության վարչապետը։
«Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում, ոգևորվում է։ Ոգևորվում է նրանից, որ մարդիկ իրար գզում են, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում. սա է իր աշխուժությունն ու իստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա նորմալ չէ, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս առաջ ուղղակի ակնհայտ է։ Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Տավուշում։ Ելույթներից մեկի ժամանակ վարչապետ, կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սպառազինության ձեռքբերման հարցին։
Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականը Հայաստանին զենք չվաճառող երկրները երկու պատճառ են բերել, որոնցից մեկը ՀԱՊԿ-ի անդամ լինելն է։ Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, եղել է ԼՂ կոնֆլիկտը։ Փաշինյանը նշել է, որ 2024 թվականին միջազգային շուկան բացվել է առանց որևէ սահմանափակումների: Սա, նրա համոզմամբ, տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Դրանից հետո միջազգային շուկան ասել է՝ մենք խնդիր չունենք, մենք տեսանք, որ դուք քայլ արեցիք, մենք կսկսենք ձեզ զենք վաճառել։ Իսկ 2024 թվականից հետո, երբ սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգը ստորագրվեց ու վավերացվեց, և Ալմա-Աթայի հռչակագիրը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ստացավ դեյուրե պարտադիր իրավական ուժ, այդ հարցն ընդհանրապես փակվեց: Եվ տեղի ունեցավ զենքի վաճառք այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու»,- ասել է Փաշինյանը։

Նա անդրադարձել է նաև անվտանգությանը և սահմանազատման հարցին։

«Հինգ տարի մեզ մեղադրում էին, որ մենք միջանցք ենք տալու, իսկ ես դեռ 2020 թվականին եմ ասել, որ նման բան չի կարող լինել։ Դեռ 2021 թվականին մենք սեղանի վրա դրած ենք եղել այն փաստաթուղթը, որը նախաստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ։ Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Թրամփը իր գրառման մեջ լավ խոսքեր էր ասել իմ մասին, ինչի համար շնորհակալ եմ, բայց շատ կարևոր է նրա ստրատեգիական տեսլականը, թե TRIPP նախագիծը ինչ է իրենից ներկայացնելու»,- նշել է ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ահռելի մասշտաբի ծրագիր է, որը ահռելի եկամուտներ է բերելու Հայաստանին՝ այդ թվում էներգակիրների մասով։

Փաշինյանը Տավուշի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ. սահմանազատում է տեղի ունենալու։

Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։

«Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Այն հատվածներում, որտեղ ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք»,-նշել է նա՝ հավելելով, որ Բերդավանում նման խնդիր չկա, փոխարենը նման խնդիր կա Արծվաշենում։

«Ուժեղ Հայաստանի» վարչության անդամ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր ասել է, թե «խաղաղությունն անխուսափելի է, ուղղակի մենք կլինենք նորմալ հարևաններ, բայց չենք լինի ընկերներ և չենք ուզում լինել ընկերներ, որովհետեւ մենք ունենք անցյալ և իրենց էլ լավ գիտենք»․ «Միակ բանը, որ մեր անցյալից մեզ մնացել է, դասերն են, որոնք չենք քաղում։ Մի բան են մեծերը մեզ սովորեցրել, մի բան է մեզ պատմությունը սովորեցրել, և այդ դասը փոքրիկ ինչ-որ խումբ մերժում է, որի բոլոր նորարարական մտքերը կոլապսի բերեցին»,– ասել է նա։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Շիրակի մարզում։
Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն իր ելույթում նշել է, որ Շիրակի մարզը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։
«Քաղաքներում չկան աշխատատեղեր։ Չի ստեղծվել որևէ բան, որը մարդկանց լավ կյանքի հույս կտա։ Արթիկի բոլոր գյուղերն այսօր ապրում են «խոպանից» եկած եկամուտով։ Մենք պետք է փոխենք մոդելը։ Այս քաղաքը իդեալական է իր բոլոր հանքային պաշարներով»,- ասել է նա։

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ է արել գյումրեցիներին՝ ընտրել «Ուժեղ Հայաստանին»։
«Իմ ամենաթանկ ազատությունս ես զոհաբերել եմ հանուն երկրիս ազատության։ Ուրեմն լսեք ինձ՝ ոտքի կանգնեք ու գնացեք ընտրությանը հանուն ձեր զավակների հայ մնալուն, հանուն ուժեղ Հայաստանի, մեր ազգի բարերար Սամվել Կարապետյանի հետ»,- ասել է նա։

Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հերքում տարածեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մայիս ամսվա ընթացքում, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ: 5 քրեական վարույթն էլ առնչվում են «Ուժեղ Հայաստանին» և «Մեր ձևով» հասարակական կազմակերպությանը։

Բացի դրանից, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Իսկ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:
Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 22-րդ օրն ընթացել է Սյունիքի մարզում։ Պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը, Շահեն Հարությունյանը, Աստղիկ Մատինյանը, Գոռ Թադևոսյանը և քաղաքական թիմի մյուս անդամները եղել են Գորիս և Սիսիան քաղաքներում, քաղաքացիներին ներկայացրել կուսակցության ծրագրերը և պատասխանել ընտրողների հարցերին։

«Երբ խոսում ես մարդկանց հետ, կիսում ես քո գաղափարներն ու մտքերը, տեսնում ես, որ մարդկանց մոտ հույս է արթնանում։ Մենք գիտենք, որ ամեն ինչի հիմքում դրված է մեր յուրաքանչյուր քաղաքացու քվեն։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են գնալ ընտրությունների և պատրաստ են փոփոխության»,- ասել է պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

«Ձեր որդիները, ամուսինները, քույրերը, ձեր հարազատները կյանք են տվել հայրենիքի համար։ Նրանց զոհողությունը սուրբ է, և պետությունը պետք է ամեն ինչ անի, որ արժանի լինի ամեն օր այդ զոհողությանը»,- ֆեյսբուքյան իր ուղերձում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ դիմելով զոհված զինծառայողների հարազատներին։

«Մենք ձեզ խոստանում ենք երեք բան։ Հարգանք։ Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ու նվաստացնելու զոհվածի ընտանիքի անդամին։ Արդարություն։ Յուրաքանչյուր սխալ որոշում ու սխալ քայլ, որը կյանքեր է խլել, պետք է ունենա հստակ իրավական ու քաղաքական գնահատական։ Հոգատարություն։ Պետությունը զոհվածների ընտանիքներին պետք է հիշի ոչ թե հիշատակի օրերին միայն, այլ նրանց կողքին լինի ամեն օր»,- նշել է Արման Թաթոյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում են եղել։

Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ստեփանավան քաղաքում իր ելույթի ժամանակ նշել է, որ սպորտի ոլորտում մինչ այս մեծ փոփոխություններ արվել են, բայց դեռ շատ անելիքներ կան։

«Հայաստանի բոլոր համայնքներում պետք է սպորտդպրոցներ կառուցվեն, որ երեխաները կտրվեն փողոցից։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդներ, հետևաբար նաև առողջ ապագա»,- ասել է նա։

«Մեղավորները պարտավոր են պատժվելու ամենադաժան ձևով՝ իրենց անուշադրության պատճառի համար։ Անկախ պաշտոնական դիրքից՝ վարչապետ ես, նախարար, դատախազ, թե՝ բանվոր դասակարգ․ որոշակի բարոյական նորմեր կան, որ ոչ մեկ իրավունք չունի ոտնահարի»,- ասել է ԲՀԿ առաջնորդը Ստեփանավանում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 15 զինվորի կյանք խլած՝ Ազատի կացարանի հրդեհը կուսակցության օրակարգում կա, թե՝ ոչ։

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ պետք է հետամուտ լինի գործի բացահայտմանը։

«Ազգային ժողովրդավարական բևեռը» քարոզարշավ է արել Գյումրիում, որտեղ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ասել է. «Այս 35 տարվա ընթացքում ես վերջապես ունեմ համոզում, որ առաջին անգամ լինելով մեր երկրում, հնարավորություն է բացվել ընտրություններով իշխանությունը հեռացնել»։

Նա կարծիք էր հայտնել, որ իշխանությունը գործուն քայլեր է ձեռնարկում ընտրություններին քիչ մասնակցություն ապահովելու համար։

«Նրանք իրենց այս քարոզարշավով նոր ձայն ավելացնելու խնդիր չունեն, իրենք քարոզով ձայն չեն կարող գրավել: Իրենք ի՞նչ ունեն. ունեն իշխանական ռեսուրս, լծակներ, ֆինանս և այլն, կեղծարարություն, ամեն ինչ ունեն: Իրենք գիտեն քանի հարյուր հազար ձայն ունեն, այսպես ասած, և այնքան քիչ է իրենց ունեցածը, նրանք շատ սարսափած են, որ հանկարծ եթե մասնակցության տոկոսը բարձր լինի, շատ վատ է իրենց վիճակը: Իրենք աշխատում են ժողովրդին վախեցնել, ժողովրդին զզվեցնել, որ այս ընտրություններին չգնան մասնակցելու, իսկ մենք հակառակը պիտի անենք»,- ասել է նա։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը մայիսի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում եղել է Վանաձորում։ Արցախ պուրակում քաղաքական ուժը «Դիվան քշելու» ակցիա է իրականացրել։

«Ակցիայի միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին»,- հայտնել են կուսակցությունից։

Կուսակցության անդամները կարմիր բազմոցը դրել են անվավոր ինքնագլորի վրա եւ կոչեր անելով շրջել են քաղաքում։ Կուսակցության անդամ Իշխան Գեւորգյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց անհարմարության համար՝ ասելով՝ «դուք հիմա ականատես եք լինում Հայաստանի վերջին քաղաքական գործչի դիվան քշելուն»։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ են արել Կոտայքի մարզում։
Արգել գյուղում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Սարգսյանը։

Նա նշել է, որ պետության, ժողովրդի պարտության պատասխանատուն ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, այլ այն մարդիկ, ովքեր ընտրություններում նրան իրենց ձայնն են տվել։

«Սամվել Կարապետյանը Պուտինի անձնական օլիգարխն է։ Անլուրջ է, որ մի քանի երկրի քաղաքացի համարվող օլիգարխը ցանկանում է վարչապետ դառնալ։ Այդ մարդը պետությունն ու տունտունիկը խառնել է իրար։ Սա պետություն է, որը պետք է ղեկավարվի չափազանց ծանր աշխարհաքաղաքական իրավիճակների մեջ»,- ասել է նա։

Տավուշում դպրոցների փակման խնդիրին Ֆեյսբուքում անդրադարձել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ տեսաուղերձ հրապարակելով Չինարի գյուղից, որի դպրոցը ևս փակվողների շարքում է։ Նրա խոսքով՝ 14 դպրոց է փակվում, որոնցից 8-ը՝ սահմանամերձ գյուղերում։

«8 սահմանամերձ գյուղերի դպրոցներ փակվում են Տավուշի շրջանում, և էդտեղ ապրում է մոտ 13 հազար մարդ։ Գյուղական բնակչության 17 տոկոսը, որոնց դպրոցները փակվում են, կազմում են էս 14 գյուղերը։ Ուզում եմ հարցնել էս փակողներին. ինչո՞վ եք մտածել, որ էս ձևի գյուղը՝ սահմանամերձ և մնացած 8 գյուղերը պետք է ոչնչանան ձեր որոշումների արդյունքում։
Գյուղը ոչնչանում է, երբ որ արդեն դպրոցում աշակերտ չկա, դպրոցը փակվում է։ Նայեք` ինչ շքեղ վերանորոգված, նորմալ դպրոց է։ Հարցնում եմ՝ ինչի՞ եք փակում էս դպրոցը։ Սահմանամերձ գյուղը ոչնչացնելու ծրագի՞ր ունեք»,- ասել է Մանուկյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր փաստացի մերժել է «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանին դիտորդության իրավունքից զրկելու դիմում՝ համարելով, որ ներկայացված հիմքերը բավարար չեն: Որոշումն այսօր հրապարակեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

Դիմումը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյան՝ պնդելով, որ Իոաննիսյանն անաչառ չէ, հայտարարություններով արատավորել է իր բարի համբավը։

«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը։ Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։ Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- Ֆեյսբուքում գրել է Դանիել Իոաննիսյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ «Իմ քայլը» հիմնադրամի՝ պահանջելով հիմնադրամին վարչական պատասխանատվության ենթարկել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների համար։

Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ պատրաստվում են 14 հայց ներկայացնել՝ Աննա Հակոբյանի դեմ։

 

*Գլխավոր նկարը ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն