Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն էր։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «գործ կարելու» ակցիա է իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։
Ակցիայի ընթացքում ոստիկանի կեղծ հագուստով մասնակիցը «գործ է կարել» «Սարդ մարդու» հագուստին, ապա ձեռնաշղթաներ հագցրել ու տարել։
«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Սպարտակ Կյուրեղյանը հայտարարել է՝ այս «գործ կարելու» գործողությունը տեսնում են նաև իրականությունում․ «Մենք խիստ անարդար ենք համարում այն, որ Արտուր Օսիպյանին ձերբակալել են․ որևէ պատճառ չկա նրան այսքան ժամանակ պահելու, առավել ևս 14 օր է՝ հացադուլ է անում»։
«Բոլորին դեմ եմ»-ը կարծում է, որ ՀՀ-ում էլի կան քաղբանտարկյալներ բացի Արտուր Օսիպյանից, որոնց գործերը տարբեր կերպ «կարվել են»․ «Կեղծվել են որոշ ապացույցներ, մոտարկվել են։ Այս անարդարությանը չէինք կարող չանդրադառնալ։ Հուսով ենք, որ այս ամենը կտարածվի մարդկանց մոտ, բողոքի ալիք կբարձրանա ու հնարավորություն կընձեռնվի, որ այդ մարդը լինի ազատության մեջ»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր Գեղարքունիքի մարզում է քարոզարշավ արել: Սևանում Փաշինյանը խոստացել է աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել:
«Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ապա ՔՊ վարչապետի թեկնածուն հիշեցրել է, որ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է. «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»:
«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավի 26-րդ օրը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է եղել:
Արման Թաթոյանը ընտրողների հետ հանդիպմանը կոչ է արել գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հանուն երկրի ապագայի. «Քվեախցիկում ամեն ինչ գաղտնի է, և ոչ ոք չի կարողանալու ձեզ ճնշել կամ իմանալ, թե ում օգտին եք քվեարկել։ Դուք մտածեք, թե ով կարող է ձեր երեխաների համար ճիշտ որոշումներ կայացնել ապագայում` մեր պետականության համար կարևոր այս պատմական ընտրություններում»:
Նա շրջել է փողոցներով, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Ագարակում է եղել, որտեղ հայտնել է, որ ՀԱԿ նախընտրական ծրագրի հիմնական կետը դեպի Իրան երկաթգծի կառուցումն է, որը պետք է անցնի Գագարինից Սյունիքով՝ Մեղրիով ու Ագարակով. նախագիծը միանգամայն իրատեսական է կյանքի կոչել 5-7 տարվա ընթացքում։
Ըստ նրա՝ նոր երկաթգիծը Երևանը Սյունիքի մարզով կկապի Իրանի հետ, որտեղ այն այնուհետև կմիանա Թավրիզի կամ Ջուլֆայի ուղղությամբ գնացող գծերին։ Զուրաբյանը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնության իրագործման դեպքում Ագարակը կվերածվի լրջագույն լոգիստիկ կենտրոնի և կդառնա այս տարանցիկ ճանապարհի հիմնական դարպասը:
«Մենք այս նախագիծն անվանել ենք «Խաղաղության երկաթուղի», քանի որ այն կդառնա մեր անվտանգության հուսալի երաշխավորը, և Ադրբեջանն այլևս չի կարողանա ճնշում գործադրել մեզ վրա: Այս ենթակառուցվածքը հզոր գործիք կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման համար. քաղաքացիները հնարավորություն կունենան գնացքով հարմարավետ հա»,- ասել է Զուրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Երեւանի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում:
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Euronews»-ը մի տեղեկություն է տարածում, որն իսկույն որդեգրել են իշխանամետ լրատվամիջոցները։ Ըստ այդմ՝ հարցումներով առաջատարը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը կստանա ընտրողների ձայների 65 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, թե ինքն է հավաքելու 53 տոկոս։
Մարուքյանը կոչ է արել երկու ուժերի ընտրազանգվածին էլ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, որպեսզի երկիրը «գուբերնիա չդառնա»։ Նրա խոսքով՝ խաղն անազնիվ է, անլուրջ ու անարդար՝ փոքր ու ոչ հարուստ կուսակցությունների նկատմամբ, իսկ իշխանություններն ընդհանրապես լայնորեն կիրառում են վարչական ռեսուրսը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստանում է թոշակները հասցնել 100 հազար դրամի։ Այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Մասիսում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանը։
Նրա դիտարկմամբ՝ թոշակառուի նվազագույն ծախսը կազմում է 78 հազար դրամ և թոշակների 10 հազար դրամով բարձրացումը չի կարող լուծել նրանց ապրուստի խնդիրը։
Անդրադառնալով սահմանամերձ գոտու բնակավայրերի համար իրենց քաղաքական ուժի նախատեսած ծրագրերին՝ Ծառուկյանը ներկայացրել է, որ սահմանային գոտում պետք է ամբողջությամբ հանել գույքահարկը․ «Եթե մարդն ուզում է իր տղայի համար տուն կառուցել, պետք է մի երկու միլիոն դրամ էլ տրամադրել, որ գյուղերը չդատարկվեն։ Պետք է դոտացիա, արտոնություններ տալ, որպեսզի մարդիկ, սահմանամերձ համայնքներում ապրելով, որոշ արտոնություններ ու առավելություններ ունենան»,- հավելել է նա։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը կասկածում է, որ գործող իշխանություններին հաջողվելու է ԵՄ երկրների ուղղությամբ արտահանումներ իրականացնել։ Նա այդ մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իրենք 8 տարի ունեին, որ գոնե մի հատ ծիրան տանեին եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել դա անել, ինձ թվում է՝ հնարավորություն չեն ունենա»,- ասել է Կարապետյանը։
Գալիք ընտրություններում հնարավոր սցենարների մասով էլ Կարապետյանը վստահ է՝ հաղթելու է, այլ սցենար չի դիտարկում։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե առաջիկա 10 տարում ոչինչ հնարավոր չէ արտահանել Եվրոպա, քանի որ դա շատ երկար ու բարդ գործընթաց է։ Ըստ նրա՝ եվրոպացի ֆերմերները թույլ չեն տալիս, որ որևէ մեկը մուտք գործի իրենց շուկա։
Պատասխանելով ՌԴ-ի՝ հայկական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների մասին հարցին` Քոչարյանը նշել է՝ «Փաշինյանը գաղափար չունի դեպի ՌԴ արտահանման ծավալների մասին». «Հայաստանը չունի նման փողեր և կորուստները փոխհատուցելու հնարավորություն։ Մի քանի օր առաջ ասում էին, թե հարցը տեխնիկական է, իսկ էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես ասում էր, թե բոլոր հարցերը լուծված են»,- հավելել է Քոչարյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ: Հիմքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելն է։
Այս մասին Factor․am-ին հայտնել են ԿԿՀ-ից՝ նշելով, որ վարույթը, ըստ հանձնաժողովի նախադեպի, դեռ կարող է կարճվել, եթե Կարապետյանը դրա քննության ընթացքում ներկայացնի հայտարարագիրը։
Ավելի վաղ հանձնաժողովից տեղեկացել էին, որ պահանջվող հայտարարագիրը չներկայացնելը պայմանավորված է եղել տնային կալանքի և նամակագրության արգելքի պայմաններում հայտարարագրման էլեկտրոնային համակարգին հասանելիություն չունենալու հետ, մինչդեռ դատարանի կողմից կիրառված արգելքներն արդեն հանվել են:
Քննչական կոմիտեն հայտնել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի բացահայտման մասին, որի շրջանակում ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից Ալիկ Ալեքսանյանը:
ՔԿ-ն պարզել է, որ 2025թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2026թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար:
Ըստ ՔԿ-ի՝ Ալիկ Ալեքսանյանը գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ, ինչպես նաև ծառայությունների մատուցման դիմաց վճարելու քողի ներքո, նյութապես շահագրգռել է՝ ուղղորդելով մասնակցել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի ցույցերին և հավաքներին:
Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։
Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում են «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված կադրերի՝ մի տղամարդ հարվածում է նաեւ կանանց։ Թե ովքեր են նրանք՝ այս պահին հայտնի չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր խուզարկություն է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես՝ Աշտարակում, ինչպես նաև խուզարկություն է իրականացրել Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այդ մասին հայտնել է դաշինքից պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Կոմիտեն նաև հայտարարել է ընտրակաշառքի մասին նոր գործի մասին: Այս անգամ, ըստ կոմիտեի, «Ուժեղ Հայաստան»-ի՝ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի ևս մեկ դեպք է բացահայտել։
Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցության ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։