Այսօր ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի նախավերջին՝ 28-րդ օրն է։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ երաշխավորում է՝ պատերազմ չի լինելու․
«Դաշնակիցների հետ հակադրություն չի լինելու։ Հարևանների հետ ավելորդ լարվածություն չի լինելու։ Հենց այդ պատճառով էլ մենք հայցում ենք ձեր քվեն։
Հայաստանում այլևս երբեք չպետք է պայմաններ ստեղծվեն ֆեոդալական կարգերի գոյության համար, որոնք 2018 թվականին մարդկանց ստիպեցին դուրս գալ փողոց։ Ես դա երաշխավորում եմ։ Թե որքանով արդար, զարգացած ու հանդուրժող կլինի հայ հասարակությունը, կախված է միայն մեզնից։ Մեր ամեն մի քայլը պետք է ծառայի մեկ նպատակի. հինգ տարի անց Հայաստանը պետք է լինի ավելի ուժեղ, ավելի անվտանգ և ավելի արդար», – ասված է Քոչարյանի ուղերձում։
Հայաստանի Շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Մերի Աբելյանը կարծիք է հայտնել՝ խորհրդարան կմտնեն, նրա խոսքով՝ քաղաքացիների հետ շփումներն ու սոցհարցումները փաստում են դա․
«Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի։ Մեր քարոզարշավը շատ հանգիստ է անցել, ընթացքում որևէ խոչընդոտ չենք ունեցել։ Մարզային այցելությունների, ինչպես նաև Երևանում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ հետաքրքիր էր, թե ինչպես են մարդիկ դիմավորում մեզ, ինչ քաղաքական կողմնորոշվածություն ունեն։ Մեզ շատ դրական են դիմավորել քաղաքացիները»,- նշել է Մերի Աբելյանը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը։
«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց անձամբ Փաշինյանը մայիսի 18-ին՝ Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու ուղիղ հրահանգով։ Սա իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգված և ուղղորդված քաղաքականություն է՝ երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ ձևավորելու համար։ Չունենալով հանրային աջակցություն և գիտակցելով առաջիկա ընտրություններում իր անխուսափելի պարտությունը, իշխանությունը փորձում է ուժի և բռնության միջոցով լռեցնել ընդդիմախոսներին և կանխորոշել ընտրությունների ելքը։
Մենք խստորեն դատապարտում ենք այս քաղաքական վայրագությունները և պահանջում ենք՝
Իրավապահ մարմիններից՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Արթուր Օսիպյանին։ Զերծ մնալով քաղաքական կողմնակալությունից, բացահայտել բոլոր կատարողներին ու կազմակերպիչներին և նրանց ենթարկել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։ Միջազգային դիտորդական առաքելություններից և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից՝ համարժեք գնահատական տալ ընտրական գործընթացի տապալմանն ուղղված այս բացահայտ ճնշումներին»,- նշված է հայտարարության մեջ։
«Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Վիգեն Եղոյանն այսօր ասել է, թե հարկային համակարգն անհրաժեշտ է փոխել, քանի որ գործողը չի խթանում տնտեսության զարգացումը․
«Մենք առաջարկում ենք նոր հարկային մոդել, որը խթանում է արժեքի ստեղծումը։ Մենք աստիճանաբար փոխարինելու ենք ԱԱՀ-ն 5% վաճառքի հարկով, վերացնելու ենք շրջանառության հարկը, ՓՄՁ-ի համար ներդնելու ենք պարզ և նվազ հարկային ռեժիմներ, անցնելու ենք եկամտային հարկի ու շահութահարկի համաչափ հարկման համակարգերի։ Միաժամանակ խրախուսելու ենք ներդրումները, օրինակ՝ բաժնետիրական ընկերությունների համար շահութահարկը կիրառելով միայն դիվիդենտի բաշխման պահին: Հարկային փոփոխությունները լինելու են փուլային տարբերակով»,- ասել է Վիգեն Եղոյանը։
Իսկ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է՝ հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։
«Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Հստակ է նաև մեկ այլ բան՝ չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- ասել է Թաթոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը համոզված է՝ եթե Նիկոլ Փաշինյանը 3-րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը, կլինի դիկտատուրա։
Կուսակցությունը նախընտրական նախավերջին քարոզարշավն անցկացնում է ՀՀ կառավարության շենքի մոտ:
Մարուքյանի խոսքով՝ 2015թ. փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ ոստիկանապետը վարչապետն է և, ըստ այդմ, նա է թիվ մեկ պատասխանատու անձն այն բռնությունների ու հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տաբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։
ԼՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ համոզմունք է հայտնել, որ իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային խորհրդարան կոմպրոմիսային վարչապետով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, պետական դավաճանության գործով ձերբակալված Անդրանիկ Թևանյանի կինը՝ էլմիրան Ազատության հրապարակում կայացած ԲՀԿ-ի հանրահավաքի ժամանակ ընթերցել է ամուսնու ուղերձը կալանավայրից․
«Հարգելի հայրենակիցներ, ես, ինչպես և մյուս քաղբանտարկյալները, շինծու մեղադրանքով կալանավորվել եմ։ Մենք բոլորս ենք կալանքի տակ, բայց առաջին հերթին, պետք է մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։
Մեր երկիրը զնդանն է նետված, ու բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չի կարող ազատ լինել, մենք պետք է ազատագրական պայքար մղենք։ Մեզ բաժանել են պառակտել են, թուլացրել են, որպեսզի տիրեն ու հայրենազրկեն։ Մենք պետք է միավորվենք, ուժեղանանք և հաղթենք»,- նշված է Թևանյանի նամակում։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է։
«Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնել է, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում Գյումրիում ձերբակալվել է 2 անձ։
Factor.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը լրագրող Արամ Դավթյանն է։ Նրա հայրը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է․ «Յանի ընտրակաշառք բաժնել, տալ-առնել, հեռախոսով խոսալ դրա հիման վրա»։ Նա հավելել է, որ իրենց բնակարանը չեն խուզարկել։
Կոմիտեն հաղորդել է նաեւ, որ փաստական տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Աջափնյակի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Լրատվամիջոցներն այսօր գրել են, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց. Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում:
«Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարկված տեսանյութում նշել է, որ իշխանության ներկայացուցիչները և համակիրները սպառնում են Հայաստան եկող մարդկանց վարժական հավաքներով՝ այդպիսով վախեցնելով նրանց և «արհամարհելով բանակը, մարտական հերթապահությունը»:
Դեռևս երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էր այս թեմայով տեսանյութ հրապարակել՝ հայտարարելով, որ ՌԴ-ից ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին՝ հիշեցնելով, որ հրաժարվողները կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ «ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող վարժական հավաքների ծանուցագիր տալ․ ծանուցման համար կա կարգ․ այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ»։
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՌԴ-ից եկած քաղաքացիներին կարող են ծանուցագրեր ուղարկվել, նախարարն ասել է․ «Ինչպես կարող եմ բացառել, ՌԴ-ից եկած ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի հանդեպ պարտավորություններ չունի՞», – նշել է նա՝ հավելելով, որ նույնը վերաբերում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եկած ՀՀ քաղաքացիներին։
Նա անդրադարձել է նաև սահմանային կետերում Ռազմական ոստիկանության ներկայության հարցին՝ նշելով, որ կառույցը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։
ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ ավելի ուշ հայտարարություն է տարածել․
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»,- նշված է հայտարարության մեջ։
Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ընտրական հանձնաժողովների անդամներին արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը։
Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։
ՏԸՀ անդամները քարոզչական բովանդակությամբ հրապարակումները պետք է հեռացնեն սոցիալական իրենց հարթակներից։
Ավելի վաղ News.am-ը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների մի խումբ անդամներ օրենքի խախտմամբ մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին:
Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր կայանալու է քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների մեծ բանավեճը։ «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ չեն մասնակցի բանավեճին։
Վաղարշակ Հարությունյանն ասել է․ «Վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ առաջարկված ձևաչափը լիարժեք հնարավորություն չի տալիս քաղաքական ուժերին ներկայացնելու իրենց ծրագրերը, տեսլականն ու իրական ասելիքը հանրությանը։
Տարիներ անց սերունդներին չի հետաքրքրելու, թե ով հաղթեց որևէ բանավեճում։ Նրանք չեն հարցնելու, թե ով ավելի գեղեցիկ խոսեց կամ ով էր ավելի համոզիչ քաղաքական վեճերի ընթացքում։ Նրանք մեզ հարցնելու են` ի՞նչ արեցիք դուք Հայաստանի համար, երբ այն ձեր կարիքն ուներ։ Մտածենք այս մասին։ Ես հավատում եմ մեր ժողովրդին։ Հավատում եմ մեր երիտասարդությանը»,- նշել է նա։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը այսօր հայտնել է, որ Ծառուկյանը նախընտրել է «այդ կարևոր օրը լինել իրենց հանրահավաքին, ժողովրդի կողքին, անմիջական շփում ունենալ քաղաքացիների հետ, ներկայացնել կուսակցության ծրագրերը, տեսլականն ու առաջարկվող լուծումները, լսել մարդկանց հուզող խնդիրներն ու հարցերը»։