Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթն ու Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» պահանջը ժամանակ առ ժամանակ քաղաքական քննարկումների առարկա են դառնում Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները չեն քննարկում արցախահայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի հարցեր։ Ընդդիմադիր մի շարք գործիչներ, իրենց հերթին, պնդում են, որ Հայաստանի առջև լուրջ սպառնալիք կա, և իշխանության քաղաքականությունը «կարող է հանգեցնել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցմանը»։
Ի՞նչ վտանգներ են տեսնում գիտնականներն ու փորձագետները տարածաշրջանային անվտանգության համատեքստում: «Ինֆոքոմը» գիտական հետազոտությունների և պաշտոնական դիրքորոշումների համադրմամբ փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները։
Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանն ուսումնասիրել է Ադրբեջանի հետպատերազմական նարատիվները միջազգային հարաբերություններում հայտնի վրեժխնդրության ֆենոմենի համատեքստում։ Մեզ հետ զրույցում Վահրամ Տեր-Մաթևոսյանը մեջբերում է քաղաքագետ Լոուրենս Բրոերսին՝ այս քաղաքականության գաղափարական նախադրյալները կապելով Հեյդար Ալիևի՝ 1998թ. մարտի 26-ի հրամանագրի հետ:
2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի նախագահական աշխատակազմի ուղղակի ֆինանսավորմամբ և Իլհամ Ալիևի հռետորաբանությամբ այս նախագիծն ինստիտուցիոնալացվեց կազմակերպված մեդիաարշավներով և պետական կառույցների ստեղծմամբ։
Պետական աջակցություն ստացող ադրբեջանական քարոզչական հարթակներում, ինչպիսին է Virtual Qərbi Azərbaycan կայքը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը փորձ է արվում ներկայացնել իբրև «հնագույն թյուրք-օղուզական հայրենիք» կամ Ադրբեջանի «պատմական հողեր»։ Այս նարատիվի շրջանակում պնդում է արվում, թե խորհրդային իշխանությունների «հայամետ քաղաքականության» հետևանքով «Արևմտյան Ադրբեջան» անվանվող տարածքներն «ապօրինաբար փոխանցվել են հայերին»։
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի տարածմանը զուգահեռ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն է իրականացնում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ «Ինֆոքոմ»-ի հետ հարցազրույցներից մեկում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից նպատակաուղղված մշակութային ցեղասպանության քաղաքականության վառ օրինակներն են Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության համատարած ոչնչացումը, ինչպես նաև 2020թ․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի թիրախավորումը։
Բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ պատերազմից հետո Ադրբեջանը Արցախում վերացնում է հայկական ինքնության մասին վկայող օբյեկտները։ Մինչդեռ մշակութային յուրացման և ապահայկականացման այս գործողություններին զուգահեռ, Ադրբեջանի պետական աջակցություն ստացող լրատվամիջոցներում և քարոզչական հարթակներում ձևավորվում է բոլորովին հակադիր տեղեկատվական օրակարգ։ Virtual Qərbi Azərbaycan հարթակը, մասնավորապես, «Մեր մասին» բաժնում գրում է․ «Հայերի շովինիստական և էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում Ադրբեջանի հետքը ոչնչացվել և ջնջվել է «Արևմտյան Ադրբեջանի» երեսից, հայերի կողմից իրագործվել է ադրբեջանցիների ոչնչացման քաղաքականություն»:
«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության միջոցով Բաքուն առաջ է մղում այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստան «վերադարձի» օրակարգը։ Այն պետական մակարդակով ներկայացվել է առնվազն 2022 թվականից։ Դեկտեմբերի 24-ին Իլհամ Ալիևը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մտավորականության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց․ «Կգա այն օրը, երբ «Արևմտյան Ադրբեջանից» գաղթած մեր հայրենակիցները, նրանց հարազատները, զավակներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող»:
Այս ելույթին անդրադարձավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (այժմ՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն)՝ նշելով. «Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ»:
OC Media–ի ուսումնասիրած՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։ Այս արշավը, ըստ լրատվամիջոցի, թեև ներկայացված է որպես մարդասիրական, հիմք է դնում հայկական տարածքի նկատմամբ իրեդենտիստական (դիրքորոշում, որն ընդհանուր ազգապատկանելիության կամ պատմական հիմքերով արդարացնում է այլ պետության տարածքի անեքսիան) պահանջների։ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի համար Բաքուն միջոցներ չի խնայում՝ ստեղծելով կառույց, համայնք, հեռուստատեսություն։ Մասնավորապես, ըստ OC Media-ի, միայն 2023թ․ միջազգային համաժողովի կազմակերպման վրա Բաքուն պետական միջոցներից հատկացրել է ավելի քան 109 հազար մանաթ (65 000 դոլար)։ Արշավը ներկայացվում է որպես «մարդասիրական ջանք՝ աջակցելու Խորհրդային Միության փլուզման ժամանակ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման մեկնարկից 12 օր անց` 2022թ. դեկտեմբերի 24-ին էր մտավորականության հետ հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերոնշյալ թեզն օգտագործեց և Հայաստանն անվանեց «պատմական ադրբեջանական հող»։
Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Լևոն Հովսեփյանը և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Արտյոմ Տոնոյանը հետազոտություն են իրականացրել, ըստ որի՝ Արցախի հարցը տարիներ շարունակ գլխավոր առաջնահերթություն էր Ադրբեջանի համար, դրա հիման վրա կառուցվում էր ինքնութենական ազգակերտման գործընթացը։ Հակամարտության ավարտից հետո «Արևմտյան Ադրբեջանը» դարձավ նոր թիրախ, որպեսզի Արցախից հետո առաջացած վակուումը խնդիրներ չառաջացնի երկրի ազգակերտման գործընթացում։
Հետազոտության համահեղինակներից Լևոն Հովսեփյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նշել էր՝ Ալիևի ելույթներից պարզ է դառնում, որ «Արևմտյան Ադրբեջան» թեզը ստեղծվել և կարևորության առումով հավասարեցվել է Ղարաբաղյան խնդրին, քանի որ բազմազգ պետության համար ընդհանուր թշնամին կարող է լինել միավորող և համախմբող գործիք։
Ենայի համալսարանի գիտաշխատող Էրիկ Դավթյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ ներկա փուլում Ալիևի վարչակարգին անհրաժեշտ է արտաքին թշնամու կերպար սեփական իշխանությունը լեգիտիմացնելու համար։ Ըստ նրա՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզն առանձնահատուկ նշանակություն է ստացել հատկապես Արցախի հարցի փակումից հետո, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը պահպանի իշխանությունը և ապահովի քաղաքական լեգիտիմություն։
Գիտնականի խոսքով՝ նման քաղաքականությունն, իհարկե, նոր չէ, և փոխվել է միայն թշնամու կերպարի օբյեկտը. մինչև 2023թ․ այդ դերը կատարում էր Արցախը։ Ադրբեջանական իշխանությունների ուղերձը սեփական հանրությանը, պարզեցված ձևակերպմամբ, նախկինում հետևյալն էր. «Բնակչության կենսամակարդակը չի բարելավվի, քանի դեռ Ղարաբաղը գտնվում է Հայաստանի «օկուպացիայի» տակ»։ Ըստ գիտնականի՝ պետական քաղաքականության ցանկացած ձախողում՝ տնտեսական, էներգետիկ թե այլ ոլորտներում, վերագրվում էր Ղարաբաղյան չլուծված հակամարտությանը։ Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո այդ օբյեկտը փոխվում է. թշնամու կերպար ձևավորելու անհրաժեշտությունն այժմ ուղղվում է Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայ ժողովրդի դեմ։ Ըստ Էրիկ Դավթյանի՝ Ադրբեջանի ղեկավարության համար Արցախի հիմնախնդիրը մշտապես եղել է հանրությանը մոբիլիզացնելու և ներքին դժգոհությունը դեպի դուրս՝ Հայաստանի ուղղությամբ, վերահղելու գործիք։
«Ինֆոքոմ»-ի հետ զրույցում Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը նշել է, որ Արցախի վերաբերյալ քաղաքագիտական վերլուծությունների համաձայն՝ ընդհանուր թշնամի ստեղծելու երևույթը վերածվում է պետության կողմից ուղղորդվող «վրեժխնդրության մոդելի», որտեղ էլիտաները էթնիկ սիմվոլիզմի միջոցով սնում են «ղարաբաղյան սինդրոմը» և օգտագործում Հայաստանից եկող «գոյութենական վտանգի» թեզը։ Ըստ նրա՝ ստեղծելով «արտաքին թշնամու» կերպար՝ նրանք սեփական հանրությանը համոզում են, որ լեգիտիմ իշխանություն են։
Եթե նախկինում Հայաստանը պաշտոնական մակարդակում բարձրաձայնում էր Արցախի ինքնորոշման, դեօկուպացիայի և արցախահայության վերադարձի մասին, ապա հետագայում պաշտոնական խոսույթում տեղի ունեցան փոփոխություններ և ավելի մեծ շեշտադրում ստացան խաղաղության գործընթացի և տարածաշրջանային կայունության պահպանման հարցերը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը չի դադարեցնում քարոզչական ճնշումը և շարունակում է շրջանառել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» կեղծ թեզը։
Պաշտոնական Երևանը «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը գնահատել է որպես Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություն։
2023թ․ Ադրբեջանի կողմից ակտիվորեն առաջ տարվող «արևմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստան վերադառնալու նարատիվի և բանակցությունների օրակարգում դրա հնարավոր ներառման վերաբերյալ «Ինֆոքոմ»-ի հարցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց այսպես․ «Հայաստանի Հանրապետությունն այդ նարատիվը համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նա պնդում էր, թե Ադրբեջանը կարող է տարբեր թեզեր ու նարատիվներ առաջ մղել, բայց Հայաստանում չպետք է տարածվի այդ նարատիվը, քանի որ հայկական կողմն ունի իր հստակ, լեգիտիմ և հիմնավոր դիրքորոշումը։
2025-ի հունվարի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս այս թեզը որակելել է Հայաստանի դեմ սպառնալիք․ «Ադրբեջանական կողմից շարունակում ենք ստանալ ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվն ուղղակիորեն տարածքային պահանջ է, կա՛մ հավակնություններ է, կա՛մ ենթադրում է ոտնահարում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ»:
2025թ․ փետրվարին հրապարակված հոդվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ նշելով, թե Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հովանավորությունն ունեցող հայտարարություններից հասկանալի է դառնում, որ «Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»:
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, 2025թ․ մայիսին, երբ դեռ ԱԺ նախագահ էր, կարծիք էր հայտնել, որ Ալիևի՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին հայտարարությունները «արցախցիների քայլերի հայելային պատասխանն են»:
Մի քանի ամիս անց՝ 2025թ․ դեկտեմբերի 11-ին, Գերմանիայում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ տեսնում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, մի կողմից, շարունակում է կիրառել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը, մյուս կողմից էլ բողոքում է, որ ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի փաստաթղթում ներառվել է «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» ձևակերպումը։ ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ղարաբաղյան շարժումն ավարտվել է, և այն սկսելու փորձերը օգտակար չեն, բայց, մյուս կողմից, «Հայաստանում տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը»։
Արդեն 2026թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ադրբեջանցիների վերադարձի հարց չենք քննարկել և չենք քննարկում, նաև չենք քննարկում Ղարաբաղի հայերի, Բաքվի հայերի վերադարձի հարց, մնացած տեղերի հայերի վերադարձի հարց: Երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և մեկը մյուսին թեժացնում են»։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026թ․ զեկույցում «Արևմտյան Ադրբեջան» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձ» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները գնահատվում են որպես երկարաժամկետ խաղաղության համար ռիսկային գործոն։ Ծառայության տվյալներով՝ Վաշինգտոնյան հռչակագրից հետո Ադրբեջանն ակտիվացրել է այդ քարոզչությունը։ Միաժամանակ ծառայությունը 2026թ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված ռազմական էսկալացիան համարում է գրեթե անհավանական։ Ծառայության առաջնահերթ խնդիրներից է գնահատել՝ վերադարձի օրակարգը հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելու մտադրությա՞ն, թե՞ արտաքին քաղաքական սակարկության գործիք է։
Ըստ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի «Հայաստան 2026. ռիսկեր» զեկույցի՝ չնայած 2025թ․ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը և Թրամփի ուղու շուրջ հուշագրի ստորագրմանը, Ադրբեջանը շարունակում է «Արևմտյան Ադրբեջանի» պետականորեն ֆինանսավորվող քարոզարշավն ու Սահմանադրության փոփոխության պահանջը, ինչը, հնարավոր հանրաքվեի տապալման դեպքում, ռազմական ագրեսիայի նոր սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:
2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտի առանցքային թեզերից մեկը վերաբերում էր ժողովրդագրական և անվտանգային սպառնալիքներին։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը և թիմի այլ ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում էին, թե «Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում Հայաստանը կարող է բնակեցվել շուրջ 300 հազար ադրբեջանցիներով»։ Հակառակ այս պնդումների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար»՝ այն անվանելով «լրտեսական գործունեություն»։
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ևս նշել էր․ «Մենք ձեզ ասում ենք՝ եթե 2026թ. Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն է»»։
«Ինֆոքոմ»-ի հետ զրույցում Էրիկ Դավթյանը նշում է, որ Հայաստանում այդ թեզի շուրջ տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում։ Հատկապես վերջին ամիսներին այն ակտիվ քաղաքական շահարկումների թեմա է եղել, քանի որ ընդդիմադիր ուժերը ժամանակ առ ժամանակ բարձրացնում են այդ հարցը։ Գիտնականն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է այսպես. «Սա դասական իրեդենտիզմի դրսևորում է։ Այսինքն՝ նրանք [ադրբեջանցիները] չեն ընդունում Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի՝ պետություն ունենալու լեգիտիմ իրավունքը»։
Գիտնականն անդրադառնում է նաև այն տարածված մեկնաբանությանը, թե Ալիևի հայտարարությունները միայն ներքին լսարանին են ուղղված և զուտ ներքին քարոզչական բնույթ ունեն։ Ըստ նրա՝ այս երկու նպատակները չեն բացառում իրար. ռեժիմը միաժամանակ մոբիլիզացնում և համախմբում է հանրությանը իր շուրջ՝ ատելությունն ուղղելով Հայաստանի դեմ և ձգտում է իրականություն դարձնել իր առավելապաշտական գաղափարները։ Հետազոտողն այս տրամաբանությամբ է բացատրում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի ձևավորման, զարգացման և միջազգային լսարանին որպես «ճշմարտություն» կամ «լեգիտիմ հայեցակարգ» ներկայացնելու աշխատանքը։ Էրիկ Դավթյանն ընդգծում է, որ կարևորն այն չէ՝ այդ հայեցակարգին որևէ մեկը լո՞ւրջ է վերաբերվում, թե՞ ոչ, այլ այն, որ Ադրբեջանն ինքն է այն լուրջ ընդունում և շարունակաբար զարգացնում։
«Ցանկացած բան, որ Ադրբեջանը կամ ընդհանրապես որևէ պետություն սահմանում է որպես նպատակ և վերածում է ռազմավարության, դրա մեջ մտնում է նաև այդ քաղաքականության տեղեկատվական սպասարկումն ու քարոզչությունը»։
Էրիկ Դավթյան
Գիտնականն ընդգծում է, որ Ադրբեջանի պահանջներն անընդհատ փոխվում են. մինչև 2020թ․ պահանջը եղել է հայերի՝ Արցախի տարածքներից դուրս գալը, իսկ դրանից հետո հնչել են ադրբեջանցիների վերադարձի պահանջներ։ Նրա համոզմամբ՝ այսօրվա բանակցային հարցերի շուրջ համաձայնության գալու դեպքում անգամ վաղը կարող են ի հայտ գալ նոր պահանջներ՝ սահմանադրական փոփոխություններից մինչև Հայաստանի զինված ուժերի թվի կրճատում։
«Ադրբեջանի երևակայությունը սահմաններ չունի. երկրի գլխավոր նպատակը Հայաստանը թույլ պահելն է, որպեսզի այն որևէ կերպ չկարողանա դիմադրել Ադրբեջանին թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով»։
Էրիկ Դավթյան
Էրիկ Դավթյանը կասկածում է, թե տասնյակ, առավել ևս հարյուր հազարավոր ադրբեջանցիներ ինքնակամ կցանկանան բնակվել Հայաստանում, քանի որ անձնական մակարդակում մարդիկ ավելորդ ռիսկերից խուսափում են։ Սակայն, նրա գնահատմամբ, քանի որ Ադրբեջանում բռնապետություն է, երկրի ղեկավարությունը տեսականորեն կարող է փոքր թվով մարդկանց ստիպել, համոզել կամ ֆինանսապես խրախուսել։ Որպես համեմատություն նա նշում է Արցախում իրականացվող վերաբնակեցումը, որն ուղիղ պետական վերահսկողության տակ է և ուղեկցվում է ֆինանսական մոտիվացիայով։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է Հայաստանում խոսել «Արևմտյան Ադրբեջան» և «ադրբեջանցիների վերադարձ» թեզերի մասին, գիտնականը նշում է՝ սխալ է քննարկումների ուշադրությունը կենտրոնացնել «300 հազար» թվի վրա։
«Եթե թեկուզ ադրբեջանցիներով բնակեցված մեկ գյուղ լինի Հայաստանում, նրանք դա կարող են որպես պատրվակ օգտագործել մեզ նորից հարվածելու և նոր տարածքներ օկուպացնելու համար»։
Էրիկ Դավթյան
Նման պարագայում, ըստ գիտնականի, որպես վատագույն սցենար Ադրբեջանը կարող է նշել, որ «Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել ՀՀ-ում բնակվող ադրբեջանցիների անվտանգությունը, և Ադրբեջանը՝ որպես պետություն, պարտավոր է ապահովել իր հայրենակիցների անվտանգությունը»։ Այս պատրվակի ներքո Ադրբեջանը կարող է զորքեր մտցնել Հայաստան։
Գիտնականի խոսքով՝ դժվար է ասել, թե այս սպառնալիքը մոտակա ամիսներին կամ մեկ-երկու տարում կվերածվի՞ իրական գործողությունների կամ վերջնագրերի, թե՞ ոչ։ Սակայն նա համոզված է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը զգալիորեն ինտենսիվացել է, և Ադրբեջանը սպասում է կտրուկ գործողությունների համար հարմար պահի։ Նա նշում է, որ 21-րդ դարում նման լայնամասշտաբ էսկալացիան մարդկայնորեն դժվար է պատկերացնել, բայց հիշեցնում է, որ Հարավային Կովկասը կոնֆլիկտային տարածաշրջան է, որտեղ պատերազմներ ու ցեղասպանություններ են եղել։
Գիտնականի դիտարկմամբ՝ այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին մերն է, և հատկապես Ադրբեջանի պես պետության պարագայում, որտեղ հայատյացությունն ու հայերի ապամարդկայնացումն ընդունել են ծայրահեղ դրսևորումներ, դժվար է խոսել խաղաղ գոյակցության մասին։ Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է բարձրացնի նաև Ադրբեջանից և Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների ու վերադարձի հարցը։
«Ինֆոքոմ»-ի հետ զրույցում գիտնական Լևոն Հովսեփյանը ևս նշել է, որ քանի դեռ չկա բացահայտ պահանջ հայկական հողերի նկատմամբ, թվում է, թե ամեն ինչ սահմանափակվում է միայն հռետորաբանությամբ։ Գիտնականի խոսքով, սակայն, իրականում սա նպատակաուղղված քաղաքականություն է․ այսօր կեղծ պատմագիտական թեզեր շրջանառելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ պաշտոնական հավակնություններ ներկայացնելու համար։
Հետևաբար, ըստ նրա, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի ներդրումը հատուկ մշակված ռազմավարություն է, և Բաքուն, թիրախավորված տարածքը հանրային գիտակցության մեջ ամրագրելով որպես «պատմական հայրենիք», ստեղծում է լեգիտիմ հիմք ապագայում քարոզչական թեզերը բացահայտ տարածքային հավակնությունների և պաշտոնական պահանջների վերածելու համար։ Լևոն Հովսեփյանը կարծում է, որ հենց Բաքվի վարչակարգը համոզվի, որ այս նարատիվը վերջնականապես արմատավորվել է հանրային գիտակցության մեջ, քողարկված հավակնություններին կփոխարինի պաշտոնական տարածքային պահանջը։
Էրիկ Դավթյանի դիտարկմամբ՝ առաջնահերթ է առերեսվել առկա իրական սպառնալիքի հետ և դրա լրջությունը հասցնել հանրությանը։ Ըստ նրա՝ պարտադիր չէ սոսկ վերարտադրել ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները․ դրանք անհրաժեշտ է համադրել պատմական և իրավական փաստերի հետ։
Գիտնականը շեշտում է, որ հանրությանը պետք է պարբերաբար հիշեցնել Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության մասին՝ սկսած Ռամիլ Սաֆարովի հերոսացումից մինչև 2020 և 2022 թթ․ ռազմական ագրեսիան, Արցախի շրջափակումը, պատերազմական հանցագործություններն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները։ Նման գործողությունների ֆոնին նա քիչ իրատեսական է համարում այդ ռեժիմի հետ համագործակցությունը կամ խաղաղության հաստատումը։
Գիտնականի դիտարկմամբ՝ խաղաղությունը ենթադրում է երկկողմանի ցանկություն և զիջումների շուրջ ստանդարտ բանակցային գործընթաց, մինչդեռ Բաքվի կողմից խաղաղության հաստատման իրական ցանկությունը բացակայում է։ Գիտնականի ընդգծմամբ՝ Բաքվի գործողություններում առկա է իրական սպառնալիք, որը դուրս է գալիս լոկ հայտարարությունների շրջանակից։ Ըստ նրա՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում այդ թեզը սեփական հանրությանը հրամցնելու, ընդունելի դարձնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ։ Գիտնականի դիտարկմամբ՝ դրանով նրանք պարարտ հող են նախապատրաստում, որպեսզի հետագայում կարողանան Հայաստանից ուղղակիորեն պահանջել ադրբեջանցիների, այսպես կոչված, «վերադարձ» կամ ներկայացնել որևէ այլ քաղաքական փաթեթավորում։
Ներկայացված հետազոտողների գնահատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ծառայում է ինչպես Ադրբեջանի ներքին քաղաքական համախմբմանը, այնպես էլ Հայաստանի նկատմամբ ճնշմանը։ Նրանք դրանում տեսնում են նաև հետագա տարածքային պահանջները հիմնավորելու փորձ։ Պետական աջակցությունն ու միջազգային տարածման ուղղությամբ քայլերը փաստագրված են, իսկ հնարավոր ռազմական հետևանքները մնում են ռիսկերի գնահատման և կանխատեսման դաշտում։