Միջազգային տպագրությունների աճ և հայերենով տպագրության խնդիրներ․ գիտնականների ատեստավորման նոր կարգը
Հայ գիտնականների միջազգային տպագրություններից թիվը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Եթե 2019-ին Scopus* միջազգային գիտատեղեկատվական հեղինակավոր հարթակում ինդեքսավորված ամսագրերում Հայաստանից հրապարակումների թիվը 1475 էր, ապա 2024-ին՝ 2398, այսինքն՝ մոտ 63%-ով ավելի։
Ստորև կարող եք տեսնել նաև Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում հրապարակումների թիվն՝ ըստ գիտական ուղղությունների։ Ինչպես երևում է, Հայաստանում «Ֆիզիկա և աստղագիտություն» ուղղությունը միշտ առաջատար է եղել։ Վերջին տարիներին աճ են գրանցել նաև հասարակական և հումանիտար գիտությունները։ «Արվեստագիտություն և հումանիտար գիտություններ» ուղղությամբ հրապարակումների թիվը 2024-ին 144 է՝ 2019-ի 85-ի համեմատ։ «Հասարակական գիտություններ» ուղղությամբ հրապարակումների թիվը 2024-ին 233 է՝ 2019-ի 128-ի համեմատ։
Վիզուալում կարող եք տեսնել ինչպես ամեն ոլորտի տվյալներն առանձին, այնպես էլ համեմատել տարբեր ոլորտներ։**
Եթե համեմատենք մեր ցուցանիշները հետխորհրդային այլ երկների հետ, կտեսնենք, որ չնայած վերջին տարիների զգալի աճին՝ Հայաստանը հրապարակումների բացարձակ թվով հետ է մնում։
Սակայն եթե նայենք մեկ գիտնականին բաժին ընկնող հոդվածների միջին թիվը, ապա Հայաստանն առաջատար դիրքերում է***։ Պատճառը, թերևս, այն է, որ Հայաստանում, չնայած վերջին տարիների աճին, գիտնականների թիվը անհամեմատ փոքր է, քան նշված երկրներում։
Գիտնականների ատեստավորման նոր կարգը
Միջազգայնացումը գիտության ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է։ 2023-ի ավարտին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (ԲԿԳԿ) ընդունեց գիտնականների ատեստավորման նոր կարգ, որով գիտական գրեթե բոլոր տարակարգերի համար ներդրվեց միջազգային գիտատեղեկատվական հարթակներում՝ Scopus-ում կամ Web of Science-ում (WOS) ինդեքսավորված ամսագրերում հոդվածների հեղինակության/համահեղինակության պահանջ։
Հաշվի առնելով, որ փոփոխություններն ուժի մեջ մտան 2023-ի ավարտին, իսկ հաջորդ ատեստավորումը սպասվում է 2026-ին (ատեստավորումն իրականացվում է 5 տարին մեկ), հումանիտար և հայագիտական ուղղությունների որոշ տարակարգերի համար մինչև 2027-ը մեղմացումներ մտցվեցին։
Նշենք, որ ատեստավորման նախորդ կարգով գիտական բոլոր տարակարգերի համար՝ կրտսերից մինչև գլխավոր գիտաշխատող, գործում էին միայն որակական (նկարագրական) պահանջներ։ Նոր կարգն, այսպիսով, ի հավելումն որակական պահանջների, նաև հոդվածների տպագրության, գիտական դրամաշնորհների ստացման և ասպիրանտների ղեկավարման քանակական պահանջներ է սահմանում։
Թե ինչպիսին են ատեստավորման նախորդ և գործող կարգերի պահանջները, և ինչ ժամանակավոր մեղմացումներ են առկա, կարող եք կարդալ ստորև։ Ինչպես երևում է, բնագիտամաթեմատիկական ու հասարակական գիտությունների համար ատեստավորման կարգով սահմանված են նույն պահանջները։ Հումանիտար և հայագիտական ուղղությունների պահանջները կրկնակի քիչ են։
Թերթեք՝ տեսնելու համար բոլոր տարակարգերը:
Ատեստավորման նոր կարգի նպատակը
Արդյո՞ք միջազգային տպագրությունները գիտության արդյունավետության չափման գլխավոր գործիքը պիտի լինեն, և արդյո՞ք կառավարության սահմանած նոր պահանջներն իրատեսական են տարբեր գիտակարգերի համար։ Այս հարցերն, արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում են Հայաստանի ակադեմիական համայնքում։
Մտահոգությունները վերաբերում են հատկապես հումանիտար և հասարակական գիտություններին, որտեղ և՛ հայաստանյան, և՛ միջազգային պրակտիկայում տպագրությունների թիվը, որպես կանոն, այնքան մեծ չէ, որքան բնագիտամաթեմատիկական ուղղություններում, և որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։
Երևանի պետական համալսարանի՝ Սոցիոլոգիայի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, սոցիալական գիտությունների թեկնածու Հարություն Վերմիշյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ ատեստավորման նախորդ կարգը գիտաշխատող կոչվելու համար միայն շեմային չափանիշներ էր սահմանում, և չկային մրցակցային շրջանակներ, որոնք դինամիկա կապահովեին՝ կանխելով լճացումը։
«Հավասար մակարդակի վրա սկսում են գնահատվել երկուսը, ովքեր ունեցել են ինչ-որ շեմային [չափանիշներ], բայց դրանից հետո մեկը բավականին ակտիվ է, ներդրում է անում տեղի և, ընդհանուր առմամբ, գիտության մեջ, բայց անընդհատ կարգավիճակով նրանք նույնական են։ Կարծում եմ՝ այստեղ տարբերակումը ոչ թե խտրական պրակտիկա է, այլ մրցակցային, իսկ մրցակցությունը զարգացման հիմք է»:
Հարություն Վերմիշյան
Հետևաբար՝ գիտությունը դինամիկ զարգացող ոլորտ դարձնելու համատեքստում Հարություն Վերմիշյանը ատեստավորման կարգի փոփոխություններն ու գիտաչափական պահանջները ընդունելի է համարում և ժամանակի առումով պատեհ։ Գիտնականն ասում է՝ միջազգային համագործակցությունների շրջանակում նմանատիպ պահանջների հանդիպում է նաև արևմտյան, օրինակ՝ ավստրիական, գերմանական բուհերում, և մրցակցային շեմերի սահմանումը միջազգային պրակտիկա է։
Միևնույն ժամանակ, նա մի շարք կարևոր խնդիրներ է նշում, որոնց մասին՝ մի փոքր ուշ։
Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի՝ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավար, գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանը ևս «Ինֆոքոմի» հետ զրույցում դրական է գնահատում ատեստավորման նոր կարգի հաստատումն ու գիտաչափական պահանջների ներդրումը։ Նրա կարծիքով ԲԿԳԿ աստիճանական քաղաքականությունն է բերել այս պահանջների ներդրմանը։
Գիտաչափագետը նշում է՝ ձևավորվելով 2007-ին՝ ԲԿԳ կոմիտեն նախ իր ձեռքը վերցրեց ոլորտի կառավարումը, հստակեցրեց ֆինանսավորման մեխանիզմները, ապա գիտական ծրագրերում միջազգային խորհրդատուի կամավոր, հետո՝ պարտադիր պահանջ ներմուծեց, միջազգային գործընկեր-խորհրդատուների համար գիտաչափական նորմեր սահմանեց, հետևեցին տարբեր երկրների գիտնականների հետ համագործակցային ծրագրերը։ Շուշանիկ Սարգսյանի խոսքով այս ամենը տրամաբանորեն բերեց նրան, որ գիտնականների համար միջազգային տպագրությունների պահանջ ներմուծվեր։
Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է՝ անկախ նրանից՝ ատեստավորման պահանջները որակական կլինեն, թե քանակական, առաջին հերթին անհրաժեշտ են ոլորտի բարեփոխումներ։ Գիտնականը կարևորում է նաև այն, թե ինչ նպատակ է ընկած ատեստավորման չափանիշների հիմքում։
«Կառավարության նպատակն ավելի շատ պրեստիժայնության խնդիր է՝ տեսանելի լինել արտասահմանյան ամսագրերում, այլ ոչ թե իրապես որակ բարձրացնել, ոչ թե երկրի մարտահրավերներին պատասխանել։ Ուղղակի մրցույթի մեջ մտնել այլ երկրների գիտնականների հետ, որպեսզի ցույց տաս, որ քեզ մոտ գիտություն կա, և այն մրցունակ է։ Ցույց տալը մի բան է, գիտությամբ ինչ-որ խնդիրներ լուծելը՝ լրիվ այլ»։
Գայանե Շագոյան
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, սակայն, «Ինֆոքոմի» հետ զրույցում շեշտում է՝ այս փոփոխության նպատակն «ամենևին թվեր նկարելը չէ»։ Նրա խոսքով, եթե կառավարությունն այդպիսի նպատակ ունենար, ապա, օրինակ, Ադրբեջանի նման տեղական գիտական անգլալեզու ամսագրերը կառաջխաղացներ միջազգային գիտատեղեկատվաան հարթակներում, դրանցում տպագրություններ կապահովեր։ ԲԿԳԿ նախագահի բնորոշմամբ «թվեր նկարելով կարողություններ չեն զարգացնում»։
«Մենք միշտ նայում ենք տպագրություններին որպես վերջնարդյունք․ դա ցույց է տալիս, որ քո գիտական համայնքն ի վիճակի է գեներացնել միտք, այդ մտքի հետևից գնալ, անել հետազոտություն, այդ հետազոտությունը պաշտպանել լավագույն ամսագրերում և տպագրել»։
Սարգիս Հայոցյան
Սարգիս Հայոցյանն այս համատեքստում խոսում է նաև պոտենցիալ ներդրումների կարևորության մասին։ Նա, մասնավորապես, հիշեցնում է՝ գլոբալ ինովացիոն ինդեքսը, գլոբալ մրցունակության ինդեքսը, ի թիվս այլնի, հաշվի են առնում երկրների՝ գիտության մեջ ներդրումներն ու միջազգային տպագրությունները, իսկ նման ինդեքսները կարևոր պայման են պոտենցիալ ներդրողների համար։
Յուրաքանչյուր ռեֆորմ հետազոտություն է ենթադրում
Հարություն Վերմիշյանը նկատում է՝ այսպիսի փոփոխությունները ենթադրում են կոշտ քաղաքականություն՝ հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է «բավական փակ ոլորտի»։ Նրա խոսքով, չնայած Հայաստանում եղել են անհատ գիտնականներ, որոնք ունեցել են միջազգային համագործակցություններ, տպագրություններ, սակայն, քանի որ չկար պարբերական ինքնառեֆլեքսիայի պահանջ, «լճացումը միշտ ավելի հավանական էր»։
Գիտնականը, սակայն, կարևորում է որոշումների կայացումից առաջ նախ հասկանալ, թե որքանով է ակադեմիական համայնքը պատրաստ փոփոխությունների, ինչ բացեր ու կարիքներ են առկա, ու ինչպես է պետք ներդնել նոր համակարգը։
«Յուրաքանչյուր ռեֆորմ, յուրաքանչյուր փոփոխություն առնվազն հետազոտություն է ենթադրում՝ ոչ միայն փորձի և թվերի վրա կառուցված, որոնց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տիրապետում է, ունի տարիների բազաներ, բավական լավ պատկերացնում է տեղական համայնքը, գիտնականներին, ստանդարտները, թարմ փորձի վրա հիմնված պատկերացում կա։ Բայց ինդիվիդուալ առումով, պոտենցիալի առումով ինչպիսի՞ն է հայաստանյան գիտական համայնքը, ըստ դիսցիպլինների՝ ի՞նչ սպասումներ ունի, ի՞նչ արժեքներ ունի, ակադեմիական բարեվարքության ի՞նչ ստանդարտներ են գործում, ինչքանո՞վ է իրազեկ, ինչքանով է տեղեկացված, ինչքանո՞վ կա գիտական մշակույթ։ Այս ամբողջը հասկանալը, կարծում եմ, որոշումներին և լուրջ փոփոխություններին նախորդող պրակտիկաներ պետք է լինեն»։
Հարություն Վերմիշյան
Գիտնականի խոսքով սովորաբար փոփոխություններից առաջ քննարկումներ են ծավալվում մասնագիտական շրջանակներում, գիտնականները ևս հրավիրվում են, նախագծերի հրապարակման e-draft համակարգում արձագանքման հնարավորություն է տրվում։ Սակայն նա համոզված չէ, որ սրանք ներկայացուցչականության առումով աշխատող մեծանիզմներ են, ու շատ հաճախ մարդիկ փոփոխութունների մասին իմանում են այն ժամանակ, երբ այդ փոփոխությունը սկսում է անմիջապես իրենց վերաբերել։
«Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող էր իրականացնել մրցույթ, որոշակի խմբեր շահեին և իրականացնեին, օրինակ, սոցիոլոգիական հետազոտություն՝ գնահատելով և հասկանալով տեղական գիտական կարիքը, պահանջը, արժեքները, ընդհանրապես գիտական մշակույթը Հայաստանում՝ մեր բուհերում և ինստիտուտներում։ Սա, կարծում եմ, որոշակի շերտեր կբացեր, ինչը փոփոխությունների ուղղորդման առումով ավելի մեծ հնարավորություն և գուցե լեգիտիմություն կարող էր հաղորդել»։
Հարություն Վերմիշյան
Գիտնականը նաև կարևորում է, որ առանձին որոշումներն ու ընդունվող կարգերը մաս կազմեն ավելի մեծ պատկերի․ լինի, օրինակ, գիտության ռազմավարություն, որը ցույց կտա, թե ինչպիսի գիտություն է անհրաժեշտ Հայաստանին։
«Օրինակ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ պետք է շեշտը միանշանակ դնել կենսաբանության վրա, գուցե կենսաբանության կողքին կարևորված է ազգագրությունը։ Սրանք պետք է լինեն հասկացված, հետազոտված ռազմավարություն ու առաջնահերթություններ, որոնք բոլորի համար իրապես լեգիտիմ են, հասկանալի։ Սրա մեջ արդեն հենց գիտնականին ուղղված առանձին ռազմավարությունը կարող է օրգանական մաս դառնալ՝ որպես որոշում, կարգ, դեպի այդ մեծ ընդհանուր գաղափարը տանող ճանապարհ»։
Հարություն Վերմիշյան
Սոցիոլոգի խոսքով նմանատիպ հետազոտության արդյունքները գուցե չհամապատասխանեն կառավարության սպասումներին, և կառավարությանն էլ կարելի է հասկանալ։
«Երբ խոսում ենք հետազոտություն-պետություն փոխհարաբերության մասին, պետությունը անընդհատ իր ուղենիշով գնացող, աշխատող համակարգ է և այդ կանգ առնելու, սպասելու հնարավորությունը, ոչ թե ասենք՝ միշտ չէ, որ ունի, այլ չունի։ Այս առումով նրա որոշումը միշտ գալիս է ինչ-որ պահանջից։ Գիտությունը կարող է ասել՝ սպասիր, իսկ պետությունը չունենա այս հնարավորությունը։ Այս առումով բարեփոխումները իրար ճիշտ կապակցելու և ռիսկերը գնահատելու խնդիրն է կենտրոնական»։
Հարություն Վերմիշյան
Գիտականը նաև կարևոր է համարում հասկանալ, թե մինչ այս փոփոխությունները ինչ այլ փոփոխություններ է պետք կատարել։
«Մենք փոփոխությունը սկսում ենք՝ ընդհանրական գնահատական ունենալով, որ մեզ մոտ ինչ-որ մի բան սխալ է, օրինակ՝ տեղական ամսագրերը որակ չեն ապահովում այս կամ այն պատճառով, գիտական համայնքը թերանում է կամ կոմֆորտ զոնայում վերարտադրում է որոշակի բաներ՝ միջազգայնացման ճանապարհ չբռնելով։ ․․․․ Գիտությունը մաս է ավելի մեծ համակարգի, օրինակ՝ բուհական միջավայրի, կրթական միջավայրի, [կա] հասարակական կոնտեքստ, գիտնականի կերպար, վարկանիշ, գիտությամբ զբաղվելու ընդհանուր տենդենցներ և գիտության դեմոգրաֆիական որոշակի պատկեր։ Գուցե որոշումները կամ դրան ուղեկցող որոշակի բարեփոխումները պետք է ուղեկցվեն՝ ոչ միայն դիպչելով այդ ախտանիշին, այսինքն՝ «այս մասդ կարմիր է, թրջոց դնեմ, կանցնի»։ Այդ կարմրությունը շատ ավելի համակարգային է․ այսօր կանցնի, վաղը կկարմրի նորից»։
Հարություն Վերմիշյան
Հարություն Վերմիշյանը կարևորում է նաև այն հարցը, որ ներդրված փոփոխությունների արդյունքում մրցակցությունից կարող են դուրս մնալ գիտնականներ, որոնք ինչ-ինչ պատճառներով միջազգային ամսագրերում տպագրություններ չունեն։
«Գուցե ինչ-որ համամասնությամբ բոլոր ոլորտներում մենք բաց ենք թողնում մասնագետներ, որոնք շատ կարևոր էին՝ անկախ նրանից, որ սկզբունքորեն կամ տրամաբանորեն չէին ապահովում միջազգային գրախոսվող ամսագրերում հրապարակումներ»։
Հարություն Վերմիշյան
Բացի այդ՝ գիտնականը նշում է՝ կան հետազոտական հաստատությունների աշխատակիցներ, որոնք շատ կարևոր աշխատանք են կատարում, բայց այդ աշխատանքի վերջնարդյունքը գիտական աշխատանքների տպագրությունը չէ։ Այդպիսիք են, օրինակ, թանգարանների, թանգարան-ինստիտուտների արխիվների մասնագետները, և «գիտաշխատող» ընդհանրական եզրույթն, ըստ Հարություն Վերմիշյանի, նրանց վրա չի տարածվում։
«Այդ մարդիկ, չեն հրատարակվում, որովհետև նրանց աշխատանքը հրատարակվել չի ենթադրում։ Այսօր, նոր պահանջներին համապատասխան, նրանք պետք է ունենան միջազգային գրախոսվող ամսագրերում հրապարակումներ։ Արդյո՞ք սա պետք է լինի նրանց առջև դրվող պահանջը՝ շեղելով իրենց բուն գործառույթից, որ իրենք շատ լավ անում են, և առանց որի որոշակի ոլորտ կտուժի։ Ունե՞նք արդյոք ատեստավորման կամ գիտության պոտենցիալ ռազմավարության մեջ նոր անվանումներ, գիտաշխատողների տարբեր, այսպես ասած շերտեր՝ հետազոտողներ, արխիվային աշխատողներ»։
Հարություն Վերմիշյան
Հարություն Վերմիշյանի ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ
Միջազգայնացում և պետության կարիքներ
Գիտության քաղաքականությանը վերաբերող ամենատարբեր քննարկումների ժամանակ հաճախ է բարձրաձայնվել այն հարցը, որ միջազգային տպագրություններն, իհարկե, կարևոր են, սակայն կարևոր է նաև, որ գիտնականները պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնեն, որոնց վերջնանպատակը, պարտադիր չէ, որ միջազգային գիտատեղեկատվական հարթակներում ինդեքսավորված հեղինակավոր ամսագրերում տպագրությունները լինեն (այս հիմնավորումների մասին մանրամասն կարդացեք այստեղ և այստեղ)։
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, ի պատասխան այս դիտարկման, քննարկումներից մեկի ժամանակ նշել էր՝ որպեսզի գիտնականները կարողանան պետության կարիքներից բխող հետազոտություններ իրականացնել, նախևառաջ պիտի կարողանան միջազգային ամսագրերում տպագրվել։ Սա, ըստ կառավարության ներկայացուցչի, գիտության արդյունավետության չափման առաջնային ցուցիչն է։
«Եթե գիտնականն իր հիմնական գործը չի կարող անել, հիմք չկա կարծելու, որ մնացած աշխատանքներն ավելի լավ է անելու։ ․․․․ Ըստ էության, մեզ պետք է ապահովել համակարգի կարողունակությունը, հետո անցնել այդ համակարգից այլ կողմնակի արդյունքներ քաղելուն»։
Սարգիս Հայոցյան
Մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը, սակայն, ատեստավորման պահանջների հարցում կառավարության մոտեցումը համարում է «սայլը ձիուց առաջ դնել»։
«Իմ գործընկերներից մեկը մի անգամ շատ լավ օրինակ բերեց․ ատեստավորման նոր կանոնները շատ հաճախ հիշեցնում են մի իրավիճակ, երբ որ դու դեռ չունես մարզադպրոց, բայց պահանջում ես, որ քո մարզիկները օլիմպիական չեմպիոններ լինեն»։
Գայանե Շագոյան
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում հիշեցնում է՝ մինչև նման պահանջների ներդրումը կառավարությունն ավելացրել է գիտության ֆինանսավորումը։ Հարցին, թե ինչու պահանջները չներդրվեցին այն ժամանակ երբ համակարգը վերջնական բարեփոխված կլիներ, ԲԿԳԿ նախագահը հարցով է պատասխանում՝ իսկ ի՞նչ անեին մինչ այդ։
«Դա ճիշտ կլիներ, եթե այդ ամենը սկսեինք անկախության տարիներից անել, ինչպես Էստոնիան արեց։ Բայց քանի որ մենք երկար ժամանակ դադար ենք տվել, հիմա շատ բան պետք է սկսենք զուգահեռ։ Այնպես չէ, որ մեզ վրա դա մեծ ծանրաբեռնվածություն չէ՝ անել ատեստավորում, բուհական ռեֆորմներ, բայց ցավոք սրտի, հիմա եթե չանես, էլ ժամանակ չունես։ Մենք կորցրել ենք այն ժամանակը, երբ բոլորը երիտասարդ էին ոլորտում»։
Սարգիս Հայոցյան
Գայանե Շագոյանն էլ նշում է՝ ֆինանսավորման աճ, իհարկե, եղել է, սակայն դա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեկ տոկոսին էլ չի հասնում․ «Երկրներում, որոնց հետ մենք մրցում ենք, ՀՆԱ-ի առնվազն մեկ-երկու տոկոսի չափով հատկացում են անում [գիտությանը]»։
Գիտնականը նաև հիշեցնում է, թե որն է հումանիտար ու հասարակագիտական ուղղությունների առաջնային դերը յուրաքանչյուր պետության և հասարակության համար․ նա նշում է՝ այս ոլորտներում աշխատանքներ են գրվում մարդկանց կրթելու, նրանց մտածելակերպի վրա ազդելու համար, հետևաբար, եթե ատեստավորման միակ պահանջը միջազգային տպագրություններն են, իսկ բնակչությունը խոսում և մտածում է հայերեն, ապա հարց է առաջանում, թե ինչպես ազդեցություն ունենալ հանրության վրա։
«Ազգային անվտանգությունից ելնելով՝ դու՝ որպես կարգավորող կառույց, պետք է մտածես այլընտրանքային կամ զուգահեռ, բայց քո ձևաչափի մասին, այլապես կլինի այն, ինչ հիմա է կատարվում․ Նիկոլ Փաշինյանը պիտի խումբ-խումբ մարդկանց հավաքի և նրանք բացատրի, թե ինչ բան են ազգն ու ժողովուրդը։ Դա նա՛ չպիտի անի, դրա համար կա սոցիալ-հումանիտար գիտությո՛ւն»։
Գայանե Շագոյան
Այդ պատճառով մշակութային մարդաբանը կարևորում է, որ միջազգային տպագրությունների պահանջին զուգահեռ պարտադիր լինի նաև հայերեն հրապարակումների պահանջը։
Նշենք, որ ատեստավորման կարգում հայերեն տպագրությունների վերաբերյալ որևէ առանձին կարգավորում չկա․ պահանջվող հոդվածները պետք է հրապարակված լինեն միջազգային գիտատեղեկատվական հարթակներում (WOS, Scopus) ինդեքսավորված ամսագրերում, իսկ մենագրությոնները՝ ինդեսավորված լինեն նույն հարթակներում։
«Արևելյան Եվրոպայի երկրները՝ Ֆրանսիան, նույնիսկ Նորվեգիան, նույն Ռուսաստանը (ես վերցնում եմ ամենազարգացած երկրները) ունեն իրենց լեզվով հրատարակվող համակարգեր։ Դու կարող ես դա (միջազգային տպագրությունները,- խմբ․) որպես խրախուսիչ մի բան բանեցնել, բայց դարձնել միակը, կարևորը․․․ Ես կարող եմ հայերեն գիրք գրել, դա կունենա 0 բալ իմ գիտական գործունեությունը գնահատելիս, և կարող եմ մի գիշերում ռուսերեն կամ անգլերեն հոդված գրել և ստանալ մեծ բալային տարբերություն»
Գայանե Շագոյան
Սարգիս Հայոցյանը, սակայն, հիշեցնում է՝ ատեստավորմամբ դրված են նվազագույն պահանջներ, իսկ հայագիտական ու հումանիտար ուղղությունների պահանջները կրկնակի պակաս են։ Հետևաբար, նրա խոսքով, հետազոտություններ իրականացնող յուրաքանչյուր կառույց ազատ է ցուցակին ավելացնելու սեփական պահանջները, որոնք կարևոր են տվյալ կառույցի համար։
«Ինչո՞ւ է նվազագույն, որովհետև ՀՀ կառավարության որոշմամբ չես կարող բոլոր ենթաշերտերը նախատեսել։ ․․․․ Այո՛, գիտակցելի ընդունելի և հասկանալի է, որ հայերենով հրապարակումներ էլ են պետք, բայց այնուամենայնիվ հասկանում ենք, որ այնտեղ գործունեության մի շերտ կա, որը մոդելավորելի չէ առնվազն մի կարգի շրջանակներում, որովհետև գուցե մարդաբանի համար լրիվ ուրիշ պահանջ գրես, ազգագրագետի համար՝ ուրիշ, պատմաբանի համար՝ ուրիշ»:
Սարգիս Հայոցյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն, օրինակ, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ քննարկումներից մեկի ժամանակ նշել էր՝ իրենք, ի հավելումն կառավարության սահմանացած պահանջների, թանգարան-ինտիտուտի ատեստավորման ներքին կարգում ավելացրել են սեփական պահանջները։
«Հայերեն հուշագրությունները մեզ համար կարևոր են, ավելացրել ենք հուշագրությունների խմբագրության կետը․ եթե ինչ-որ գիտնական պիտի մասնակցի ատեստացիայի, պետք է ունենա խմբագրված հուշագրություն, որպեսզի կարողանա հավակնել որևէ պաշտոնի»։
Էդիտա Գզոյան
Գայանե Շագոյանն ասում է՝ այն, որ հումանիտար և հայագիտական ուղղություններին ներկայացված պահանջները կրկնակի քիչ են, բխում է ոլորտի առանձնահատկություններից․ այս ուղղություններում հոդվածները գրվում են ավելի մեծ ժամանակահատվածում, հետևաբար բնական է, որ ոլորտի գիտնականները չեն կարող ունենալ նույնքան տպագրություններ, որքան բնագիտականները։ Եվ սա, գիտնականի խոսքով, ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին բնորոշ առանձնահատկություն է։
«Սոցիալ-հումանիտար ոլորտում ավելի շատ են մենագրությունները՝ ի տարբերություն հոդվածների։ Հիմա սա բերելու է նրան, որ հիմնարար աշխատանքներ այլևս չեն լինելու մեր ոլորտում։ Հումանիտար միտքը դու կարող ես ձևակերպել և դնել քննարկման մեջ, որպես կանոն, մեծ աշխատությունների միջոցով։ Մեր ոլորտի վրա ազդեցություն և նշանակություն թողած միջազգային գիտնականներ կան, որ կարող են 10-15 տարի մեկուսացված աշխատել նյութի վրա, մշակել ու վերջում դուրս բերել մի բան, որը լինի հասարակական, հումանիտար մտքի համար կարևոր թռիչք»։
Գայանե Շագոյան
Հարցին, թե արդյո՞ք հումանիտար և հայագիտական ուղղության ներկայացուցիչները հասցնելու են և՛ միջազգային ամսագրերում հրատարակվել, և՛ դրամաշնորհային ծրագրեր ղեկավարել, և՛ հայերեն մենագրություններ գրել միաժամանակ, ԲԿԳԿ նախագահը դրական է պատասխանում և խորհուրդ տալիս այս ոլորտներում ուժեղացնել համագործակցությունն ու թիմային աշխատանքը։
«Հինգ տարվա մեջ երկու հոդված ունենալն առհասարակ դժվար չէ։ Մենք համարում ենք, որ հասարակական և հումանիտար գիտություններում հպարտ մենակների խումբ ենք։ Այո՛, մեկ մարդը չի կարող այդքան բան անել։ Ժամանակակից հետազոտությունները և գործիքակազմն ասում են՝ կոլետկիվ ջա՛նք դրեք աշխատանքի մեջ, որովհետև մի հոգին բավարար չէ ժամանակակից հետազոտություն անելու համար։ Մի հոգով կարող ես գրել այն, ինչ հայերենով է, բայց, դիցուք, պետք է գնաս դաշտ, բանահյուսություն հավաքես, այսինքն՝ և՛ խնդիրը դնես, և՛ խնդրի նյութերը հավաքես, և՛ հավաքած նյութերն ինքնուրույն կարդաս, վերլուծես․․․ Ավելի լավ է՝ կոլեկտիվով անել»։
Սարգիս Հայոցյան
Գայանե Շագոյանն էլ ի պատասխան նշում է՝ նման պնդումը ցույց է տալիս, թե որքանով է Հայաստանում որոշում կայացնողների թիմը կազմված ճշգրիտ գիտության ներկայացուցիչներից, «որոնք չեն ընկալում հումանիտար ոլորտի գիտնականների աշխատելաոճը»։
«Նայե՛ք, թե ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես աշխարհում կարևոր աշխատանքները քանի հեղինակներով են գրվում․ մեկ, մաքսիմում՝ երկու։ Որովհետև հումանիտար ոլորտը մարդու մտածելու, ուսումնասիրելու ընթացք է, որը չի ենթադրում մեծ խմբային հետազոտություններ։ Խմբային հետազոտություններ անում ես, եթե ունես միջգիտակարգային խնդիր կամ դաշտային աշխատանք, ու այդ դեպքում, միևնույն է, դաշտային աշխատողները և նյութը վերլուծողը հայտնվում են տարբեր կարգավիճակներում։ ․․․․ Դա ֆիզիկոսի, քիմիկոսի, լաբորատոր աշխատանք չէ, երբ, կոլբա բռնելով, կարելի է դառնալ համահեղինակ»։
Գայանե Շագոյան
Հասարակական գիտությունների առանձնահատկությունները
Գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանը գիտնականներից պահանջվող հոդվածների թիվն այնքան էլ մեծ չի համարում։ Ավելին՝ հումանիտար և հայագիտական ոլորտների համար ժամանակավոր մեղմացումները, համաձայն որոնց՝ գիտաշխատողներից ու ավագ գիտաշխատողներից մինչև 2027-ը պահանջվելու է 1 հոդված կամ մենագրություն, նրա կարծիքով, կարող են «կրկին լճացման տանել ոլորտը»։
Փոխարենը նա տարօրինակ է համարում, որ ըստ ատեստավորման կարգի՝ հասարակական գիտությունները բնագիտամաթեմատիկականի հետ նույն սկզբունքներով են գնահատվելու։
«Գոնե միջին տարբերակ պետք է լիներ, եթե, օրինակ, ավագ գիտաշխատողը ֆիզիկայում էլ պետք է 6 հոդված տպի, սոցիոլոգիայում էլ, բայց հայագիտության մեջ՝ 1, սխալ է․ գոնե պետք է լիներ 6, 4, 2։ Իմ հարցին [կառավարությունից] պատասխանեցին, որ հասարակագիտական մի շարք ամսագրեր կան, ընտրության խնդիր չկա, [հայ գիտնականները] լավ են տպագրվում այդ ոլորտում։ Բայց, ամեն դեպքում, բնագիտական թևի հետ նրանք համեմատելի չեն, որ նույն ձևով են գնահատում»։
Շուշանիկ Սարգսյան
Գիտաչափագետը շեշտում է նաև այն հանգամանքը, որ որոշ գիտակարգեր, ինչպիսին է, օրինակ, ցեղասպանագիտությունը, չեն տեղավորվում միայն մի ուղղության ներքո, կարող են համարվել և՛ հումանիտար և՛ հասարակագիտական, մինչդեռ հասարակագիտականն ու բնագիտամաթեմատիկականը դժվար թե վերադրվեն։
Հարություն Վերմիշյանն էլ հիշեցնում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած՝ հեռավար լաբորատորիաների ստեղծման մրցույթը, որում կա առնվազն 15 Հիրշի ինդեքսով**** արտասահմանցի համաղեկավար ունենալու պահանջ և՛ հասարակագիտական, և՛ բնագիտամաթեմատիկական ուղղությունների համար։
«Հասարակագիտության մեջ, օրինակ՝ սոցիոլոգիայում, 15 Հիրշի ինդեքսը միջազգային պրակտիկայում իրապես լուրջ ինդեքս է։ Բնական գիտությունների պարագայում սա միջինացված, բավական առաջավոր, ինչու չէ, շատ հրապարակվող և շատ որակյալ գիտնականի շեմ է, բայց թոփերին հասնելու համար շատ ավելի բարձր ցուցանիշներ կան։ Հասարակագետը, երբ փնտրում է ղեկավարի, որի հետ կարող է համագործակցել, փաստորեն պետք է բանակցի արտասահմանցի բավական բարձրակարգ գիտնականի հետ։ Իհարկե, սա մեծ հնարավորություն է համագործակցային շրջանակը զարգացնելու առումով, բայց արդեն իսկ, երբ մենք պահանջները տեսնում ենք հոնորարի առումով, Հայաստանում ֆիզիկապես լինելու առումով, թոփ, առաջատար գիտնականների պարագայում այս պահանջները սկսում են սահմանափակումներ մտցնել։ Նման կարգի գիտնականները ռեալ ժամանակ, հնարավորություն չունեն այդքան անցկացնելու Հայաստանում։ Այսինքն՝ պետք է խաղանք արժեքների հետ, մոտիվացիան պետք է լինի այն, որ այդ գիտնականն ուսումնասիրում է Հայաստանը կամ հայազգի է, հետաքրքրված է ռեգիոնով և իր հրապարակումների համար կարող է օգտագործել տեղական ռեսուրսը»։
Հարություն Վերմիշյան
Մրցութային հենց նման պահանջներով է գիտնականը պայմանավորում այն, որ հասարակագիտական և հումանիտար ուղղություններով խմբեր անհամեմատ քիչ են ձևավորովում։ Մյուս կողմից՝ նա հարց է բարձրացնում՝ գուցե Հայաստանին այս պահին հասարակական գիտություններում ավելի շատ թիմեր անհրաժեշտ չե՞ն, և եղածը բավարա՞ր է, ապա հավելում՝ այս հարցի պատասխանը կարող է տալ միայն գիտության ռազմավարությունը։
Իսկ գիտության ռազմավարությունը, հիշեցնենք, դեռևս չի հրապարակվել՝ ի տարբերություն կրթության ռազմավարության։ Պատճառն, ըստ կառավարության, այն է, որ դեռևս 2021-ից պատրաստ, բայց չհրապարակված ռազմավարությամբ սահմանած նշաձողերին հասել են, և այժմ նոր ձևակերպումների կարիք կա։
Այն որ հասարակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների դեպքում մոտեցումները նույնն են, ժամանակավոր մեղմացումներն էլ միայն հումանիտար և հայագիտական ուղղությունների համար են, Սարգիս Հայոցյանը բացատրում է հետևյալ կերպ․ հասարակագիտական ոլորտի գիտնականները տպագրությունների խնդիր չունեն, և այստեղ «աճն էական է»։
ԲԿԳԿ նախագահի խոսքով մեղմացումն արել են հումանիտար և հայագիտական ոլորտներում՝ «հնարավոր ռիսկերը կանխելու համար»։
Հայաստանյան ամսագրերը և հայերեն տպագրությունները
Կառավարությունը պիտի խթանի տեղակա՞ն, թե՞ միջազգային տպագրությունները․ ըստ գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանի՝ այս հարցի պատասխանը կախված է ատեստավորման նպատակից, իսկ նպատակն, իր տպավորությամբ, միջազգայնացումն է, միջազգային գիտական համակարգին ինտեգրումը։ Այս համատեքստում նա բնական է համարում ատեստավորման կարգի պահանջները։
Նա հիշեցնում է, որ այս պահին Հայաստանում գործում է ավելի քան 120 տեղական ամսագիր, որոնք քիչ ընթերցումներ ունեն, և որոնց որակական չափանիշների մասով խնդիրներ կան։ Շուշանիկ Սարգսյանի ղեկավարած թիմը զբաղվում է Հայաստանի գիտական համակագրին, գիտաչափական տվյալներին վերաբերող հետազոտություններով։ Նա հիշում է՝ իրենց ուսումնասիրություններից մեկը ցույց էր տվել՝ տեղական ամսագրեր կան, որոնցում հիմնականում ասպիրանտների աշխատանքներ են տպագրում, և տպագրությունների քանակը կտրուկ մեծանում է թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության շրջանում։
Հայաստանյան ամսագրերի խնդիրներից խոսելիս գիտաչափագետն առանձնացնում է խմբագրական աշխատանքների ու գրախոսության գործընթացի ոչ հետևողական լինելը, ինչը նա պայմանավորում է ոչ պատշաճ ֆինանսավորմամբ։
Գիտության միջազգայնացման համատեքստում, խոսելով հումանիտար գիտությունների ու մասնավորապես հայագիտության մասին, գիտնականները հաճախ են ասում՝ կարևոր է ունենալ միջազգային տպագրություններ՝ միջազգային լսարանին հասնելու համար։
Հումանիտար և հասարակական գիտություններին վերաբերող քննարկումներից մեկի ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն, օրինակ, նշել էր՝ հայերեն տպագրությունների պարագայում շատ փոքր հավանականություն կա, որ միջազգային գիտնականները կկարդան հայ գիտնականների հոդվածները։
«Երբ գիտնականները սկսում են ինչ-որ նյութ փնտրել, որպեսզի օգտագործեն, նայում են, թե ինչ ամսագրերում են դրանք տպված, և WOS-ն ու Scopus-ը, կարծեք, ֆիլտր են, որոնք տարանջատում են մտցնում ամսագրերի մեջ։ Շատ հավանական է, որ մի գիտնական, որն, օրինակ, չի ճանաչում՝ այս անուն-ազգանունով մարդը ով է, նայում է, թե որ ամսագրում է տպված նրա հոդվածը, և եթե հեղինակավոր ամսագրում է, դա արդեն ավելի շատ հնարավորություն է տալիս, որ մեր խոսքը լսելի լինի»։
Էդիտա Գզոյան
Մյուս կողմից հայերեն տպագրությունների անհրաժեշտություն էլ կա, և թանգարան-ինտստիտուտը գտել է հետևյալ լուծումը․ հետազոտական կառույցն ունի երկու ամսագիր, մեկը՝ հայալեզու, մեկը՝ անգալելու, անգլալեզու ամսագիրն էլ վերջերս ինդեքսավորվել է Scopus-ում։
Միջազգային հրապարակումներին զուգահետ հայերեն տպագրությունների կարևորության մասին է խոսում նաև գիտաչափագետ Շուշանիկ Սարգսյանը։
«Չենք կարող հայկական ամեն ինչը փակել, ասել՝ տպագրվում ենք միայն արտասահմանյան ամսագրերում։ Հայագիտությունն, օրինակ, հայրենանվեր գործ է։ Այս հետազոտությունների մի մասը, շատ լավ կլինի, անգլերենով տպագրվի միջազգային հանրության համար, բայց մենք էլ ենք ուզում կրթվել, իմանալ։ Ես, օրինակ շատ կուզեի՝ մեր 100 և ավել ամսագրերի փոխարեն ունենայինք, ենթադրենք, 10 լավ ամսագիր, որոնց անգլերեն թարգմանությունները կարող են ինդեքսավորվել միջազգային հարթակներում»։
Շուշանիկ Սարգսյան
Սակայն միայն գիտնականները չէ, որ մտահոգված են հայերեն տպագրություններով․ կառավարությունը ևս այդ ուղղությամբ քայլեր է փորձում ձեռնարկել։
«Ամենամեծ պրոբլեմը հենց հայերենը՝ որպես գիտության լեզու, պահելն է,- ասում է ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, ապա հստակեցնում,- Հայերենը՝ գիտության լեզու ասելով՝ նկատի ունեմ, որ հայոց լեզվով մեծ թեմաներից կարողանաս խոսել»։
Այդ նպատակով կառավարությունը նախատեսում է հայերենով տպագրվող մի քանի ամսագրեր առաջխաղացնել՝ ինդեքսավորելով դրանք միջազգային գիտատեղեկատվական հարթակներում։ Սարգիս Հայոցյանն ընդգծում է՝ խոսքը ոչ թե հայկական անգլալեզու, այլ հենց հայալեզու ամսագրերի մասին է։
Գայանե Շագոյանը նշում է՝ որպեսզի որևէ ամսագիր ինդեքսավրովի Scopus-ում կամ WOS-ում, մոտ երեք տարի է պետք, իսկ սպասվող ատեստավորումը 2026-ին է։
«Սա էլի սայլի ու ձիու խնդիրն է․ պահանջում են, որ ես մինչև 2026 թվականն ունենամ իքս քանակությամբ որակյալ հոդված, և 2021-2026 թթ․ կա հայալեզու 0 ամսագիր»։
Գայանե Շագոյան
Այս պարագայում գիտնականը հարց է տալիս, թե մինչև միջազգային գիտատեղեկատվական հարթակներում հայալեզու ամսագրերի ինտեքսավորումը որտեղ պիտի ոլորտի գիտնականները հայերեն տպագրություններ ունենան։
«Դու պետք է ավելի շատ մտածես՝ ինչպես քո սոցիալ-հումանիտար գիտելիքը հասցնես հանրությանը, ավելի շատ ջանք ու եռանդ պիտի թափես հանրամատչելի ամսագրեր ստեղծելու, համապատասխան հաղորդումներ ստեղծելու, նորարար միտքը դրսից բերելու, հայերեն թարգմանելու, տարածելու համար, այլ ոչ թե գիտնականներին պրեստիժայնություն ապահովելու։ Ես իմ խնդիրը կլուծեմ (նկատի ունի միջազգային ամսագրերում տպագրությունները,- խմբ․), բայց դրանից իմ՝ որպես գիտնականի, գործառույթը, առաքելությունը, կլինի զրո»։
Գայանե Շագոյան
Գայանե Շագոյանը ևս մի կարևոր խնդիր է առանձնացնում․ ատեստավորման նման պահանջները դժվարություններ կստեղծեն հատկապես այն գիտնականների համար, որոնք ցանկանում են համատեղել որակյալ դասավանդումն ու գիտական գործունեությունը։ Ինքը՝ Գայանե Շագոյանը, դասավանդմանը մեծ ժամանակ է հատկացնում՝ հասկանալով, որ իր ոլորտում մասնագետների պակաս կա, իսկ ուսանողները պոտենցիալ գիտնականներ են։ Հաշվի առնելով դասախոսների ցածր աշխատավարձերը և դասավանդման ծանրաբենռվածությունը՝ նա մտահոգություն է հայտնում, որ միջազգային տպագրությունների պահանջի ներդրումը հայերենով աշխատանքների համար ժամանակ պարզապես չի թողնի։
Քաղաքականացվածությունը և «մտքի գաղութացումը» հումանիտար և հասարակագիտական ոլորտներում
Հումանիտար ու հասարակագիտական ոլորտներին վերաբերող մյուս կարևոր հարցն այս ոլորտների քաղաքականացվածությունն է։ Տարբեր գիտնականների հետ զրույցներից ակնհայտ է դառնում, որ նրանք երբեմն դժվարությունների են հանդիպում հայկական կամ այլ տեղանուններ գործածելիս, օրինակ՝ որոշ ամսագրերի խմբագրեր կամ գրախոսներ պահանջում են գրել «Շուշա», ոչ թե «Շուշի» կամ չգործածել «Կոստանդնուպոլիս» պատմական տեղանունը, փոխարենն ասել «Ստամբուլ»։
Գայանե Շագոյանը նշում է՝ շնորհիվ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական լոբբիի՝ ինչքան էլ ջանք թափեն հայ գիտնականները, նմանատիպ պահանջներն անխուսափելի են լինելու։ Նա ընդգծում է՝ «սոցիալ-հումանիտար ոլորտը միշտ ենթակա է քաղաքական կոնյուկտուրայի»։
Հարցին, թե արդյո՞ք միջազգային տպագրություններով հայաստանյան գիտական համայնքը հնարավորություն չունի, օրինակ, տեղանունների մակարդակով սեփական օրակարգն առաջ մղելու, գիտնականը բացասական պատասխան է տալիս՝ նշելով՝ որոշ տեղանունների հարցում արդեն Հայաստանում է արտաքին քաղաքական փոփոխություն տեղի ունեցել։
Քաղաքականացվածությունն այս ոլորտների միակ խնդիրը չէ։ Հումանիտար և հասարակական գիտություններին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն, օրինակ, խոսել էր միջազգային ամսագրերում, այպես կոչված, մտքի գաղութացման խնդրից։
«Շատ ամսագրեր քեզ ստիպում են գրել և մտածել հենց այն չափանիշներին համապատասխան, որոնցով, իրենք գտնում են, որ պետք է մտածել։ Երբ դու ինքդ փորձում ես մտածել, կարող են կտրել քո այդ մտքերը, խմբագրել կամ վերջին հաշվով հոդվածը չվերցնել։ Հիմա շատ լուրջ հարց է․ ինչպե՞ս ապահովենք մեր մտքի ինքնուրույնությունը՝ միևնույն ժամանակ նաև մասնակից դառնալով միջազգային գիտական տեսությունների և մտքի ձևավորման գործին։ Սա է, որ քեզ գաղութացումից փրկելու է, այսինքն՝ դու՝ որպես գիտնական, պետք է աճես և կայանաս և ունենաս այնքան ուժեղ ասելիք, որ հետո նաև այդ քո ասելիքը միջազգային լեզվով միջազգային հարթակներում ներկայացնես»։
Աղասի Թադևոսյան
Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանն էլ մեկ այլ քննարկման ընթացքում կարծիք էր հայտնել, որ տարբեր հետազոտական խմբեր ունեն մոտեցումների նուրբ տարբերություններ, և հանուն արտասահմանում հրատարակվելու պետք չէ խուսափել յուրովի մոտեցումից։
«Լինում է՝ երբ գիտնականները, կռահելով տվյալ ամսագրի առաջնահերթությունները, փորձում են իրենց դրույթները, թեզերը, պնդումները համաձայնեցնել խմբագիրների քիմքին և ոչ թե արտահայտել այն մտքերը, այն եզրահանգումները, որոնց իրենք հանգել են, որոնց օգտին ունեն բավարար հիմքեր»։
Արշակ Բալայան
Մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը առանձնացնում է միջազգային ամսագրերին վերաբերող ևս մի խնդիր։
«Ընդհանրապես, երբ որակից անցնում ես քանակի, վտանգ միշտ կա, և դրա ակնառու ապացույցներից է նաև այն, որ միանգամից բուսնեցին հազար ու մի նոր ամսագրեր, որոնք որ նույն Scopus-ում հայտնվում են շատ հաճախ ու երբեմն նույն հաջողությամբ անհետանում են կամ եթե նույնիսկ մնում են, վերածվում են որոշակի կոմերցիոն գործընթացի»։
Գայանե Շագոյան
Գիտնականը նաև նշում է՝ արհեստական բանականության զարգացվածությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ հնարավոր է հոդված գեներացնել, և գրագողության դեմ աշխատող գործիքները չհայտնաբերեն դա ու ճանաչեն որպես հեղինակային տեքստ։ Այս համոզմանը գիտնականը եկել է միջազգային մի քանի ամսագրերում գրախոսության սեփական փորձից։
Սարգիս Հայոցյանը համաձայն է, որ հումանիտար և հասարակագիտական ոլորտներում քաղաքականացվածության տարրեր կան, սակայն նաև նշում է՝ գիտությունը դոգմատիկ չէ, և գրախոսը չի կարող պարտադրել գիտնականներին որևէ բան գրել։
«Որևէ դիսցիպլին չկա, որտեղ գիտական միտքը սահմանափակվում է։ ․․․․ Երբ տենում ես, որ դա քո տեղը չէ, դո՛ւրս արի, գնա՛ մեկ այլ տեղ․ [ամսագրերի] բազմազանությունը, միևնույն է, այնքան շատ է»։
Սարգիս Հայոցյան
Գայանե Շագոյանն էլ նշում է՝ բազմազանությունն, իհարկե, շատ է, ամսագիր էլ կգտնվի, սակայն դա չի փոխում այն, որ սահմանափակումներ կլինեն։
«Իհարկե, կգտնեմ [ամսագրեր] և գտնում եմ, բայց այլևս չեմ գրի «Նախիջևան», կգրեմ «Օրդուբադ», այլևս չեմ գրի «Արևմտյան Հայաստան»՝ անկախ նրանից, թե որ թվականների մասին եմ խոսում, կգրեմ «Արևելյան Անատոլիա», որովհետև սոցիալ-հումանիտար ոլորտը քաղաքականացված է՝ անկախ որևէ բանից, բոլոր երկրներում»։
Գայանե Շագոյան
Սարգիս Հայոցյանն էլ կարևորում է այն, որ գիտնականները կարողանան իրենց առաջ քաշած գաղափարները պաշտանել։
«Գոյություն ունի չոր գիտություն, և գոյություն ունեն սենտիմենտներ, որոնք լծորդված են ինչ-որ բաների հետ, որոնք գուցե քեզ համար շատ մեծ արժեք ունեն՝ որպես անհատի, ազգի, համայնքի։ Բայց գուցե գլոբալ իմաստով դու պետք է առերեսվես նրա հետ, որ գոյություն ունես նաև գլոբուսի վրա, և եթե ուզում ես գլոբուսի հետ խոսել, պետք է, օրինակ, ասես՝ «այսինչը», որին դուք գիտեք այլ անվամբ, ապա սկսես հիմնավորել [ասելիքը]։ ․․․․ Գիտության ոլորտում կարող են լինել քաղաքականացված շերտեր, եթե հասարակագիտական, հումանիտար ուղղությունների մասին ենք խոսում, բայց հաստատ կա դրան առնվազն հավասար ևս մի տեղ, որտեղ ամեն բանից վեր է, առաջնահերթ է գիտական ճշմարտությունը»։
Սարգիս Հայոցյան
ԲԿԳԿ նախագահը հավելում է, որ բնագիտամաթեմատիկական ուղղություններում էլ կան ավելի պահպանողական ամսագրեր, որոնք որոշ գաղափարներ պատրաստ չեն լինի ընդունելու։
«Արտահայտվելու տեղ միշտ էլ կա, պետք է ուղղակի ուշադիր նայել։ Ամեն ինչ գիտության մեջ ենթակա է քննարկման և քննադատության․ ամե՛ն պնդում։ Դու պետք է պատրաստ լինես կռիվ տալու քո մտքի համար»։
Սարգիս Հայոցյան
Ատեստավորումը շրջանցելու նոր պրակտիկաների ռիսկեր
Ինչպես արդեն նշեցինք, ատեստավորման կարգում տարբեր տարակարգերի համար հոդվածների հեղինակության/համահեղինակության պահանջներ կան, սակայն գիտաշխատողի տարակարգի դեպքում հստակեցված չէ, թե նրանք ինչ մասնաբաժին պիտի ունենան հոդվածում։
Ավագ գիտաշխատողներն, օրինակ, ատեստավորման համար պահանջված հոդվածների կեսում պետք է լինեն առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ, ինչը, սովորաբար, նշանակում է աշխատանքում մյուս համահեղինակներից շատ ավելի մեծ ներդրում ունենալ։ Գիտաշխատողի տարակարգի համար, սակայն, նման պահանջներ չկան, այսինքն՝ հոդվածներում գիտաշխատողը կարող է լինել պարզապես հեղինակներից մեկը։
Սոցիոլոգ Հարություն Վերմիշյանը նշում է՝ տեղական ամսագրերում հրապարակումները հաճախ մերժվում են՝ հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են շահերի բախման կոնտեքստը, ոչ բարեվարք պրակտիկաները, օրինակ՝ առանց գրախոսման հոդվածների տպագրությունը։ Նրա խոսքով շատ հաճախ ռեֆորմներն ու նոր որոշումները ուղղված են եղել հենց նմանատիպ պրակտիկաները մեղմելուն կամ արմատախիլ անելուն։ Սակայն իմպերատիվ նոր պահանջների ներդրումն, ըստ գիտնականի, կարող է հանգեցնել նոր պրակտիկաների ի հայտ գալուն։
«Քանակական պահանջը սահմանված է՝ ունենալ հոդված։ Հոդվածն ունեցար՝ դու հաղթողն ես, դու չեմպիոնն ես, դու ապահովեցիր միջազգային գրախոսվող ամսագրում 3-5 հրատարակություն, և այստեղ գլխավոր հարցը դառնում է հետևյալը․ լինել հեղինակ և ունենալ ներդրում գիտության մեջ, արդյո՞ք սրանք լինելու են համարժեք արտահայտություններ, հոդվածում հեղինակ դառնալու ի՞նչ նոր պրակտիկաներ են ձևավորվելու և սկսելու գործել։ Կոնկրետ օրինակի վրա չեմ կառուցում․ որպես հասարակագետ, որպես հասկացող, թե ինչպես են կառուցվում ներհամայնքային հարաբերությունները, ինչպես են գործում մարդկային ցանցերը, հասկանում եմ՝ սրանք ռիսկեր են, որոնք կարող են առաջացնել նոր պրակտիկաներ, որոնք հակասեն ակադեմիական բարեվարքությանը»։
Հարություն Վերմիշյան
Գիտափաչագետ Շուշանիկ Սարգսյանն, օրինակ, մտահոգություններ ունի, որ ատեստավորման կարգում գիտաշխատողի տարակարգի համար պահանջի հստակեցման բացակայությունը կարող է բերել կեղծ համահեղինակությունների, այսինքն՝ ատեստավորումը հաղթահարելու համար լինեն դեպքեր, երբ որևէ հոդվածում որպես համահեղինակներ նշվեն մարդիկ, որոնք իրականում հետազոտությանը մասնակցություն չեն ունեցել։
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոյցանը համաձյայն է, որ նման մտավախություններ իսկապես կարող են լինել։ Սակայն նա նաև հիշեցնում է, որ ատեստավորման կարգը բաղկացած է երկու մասից՝ քանակական և նկարագրական։ Նկարագրական հատվածում նշված է, թե ինչ աշխատանքներ են պահանջվում յուրաքանչյուր տարակարգի գիտնականից, և ատեստավորման ժամանակ լինելու է հանձնաժողով, որը գնահատելու է և խորհրդատվություն տրամադրելու հետազոտություն իրականացնող կազմակերպության տնօրենին տվյալ գիտնականի՝ իր տարակարգին համապատասխանության մասով։ Իսկ վերջնական որոշման կայացման հարցում ԲԿԳԿ նախագահը կարևորում է հետազոտական կառույցների ինքնավարությունը։
«Վերջում, մեկ է, տնօրենի որոշումն է, քանի որ [հանձնաժողովի անդամների] առաջարկը խորհրդատվական բնույթ ունի։ Եթե մարդիկ պայմանավորվել են իրար հետ, որ պետք է խաբեն, նրանք կարող են խաբել․ պետությունն այդքան ներկայություն չունի ամեն տեղ»։
Սարգիս Հայոցյան
Մյուս կողմից ԲԿԳԿ նախագահը շեշտում է՝ տնօրենը հանձնաժողովի խորհրդին չհետևելու համար պետք է ունենա հիմնավորումներ։
«Ակադեմիական ազատությունն այն է, որ ինքնուրույն կարողանաս ստանդարտներդ որոշել։ Պետությունը երբեք չի կարող մշակել իդեալական ստանդարտ, որ բոլորին համապատասխան է։ Կարգերն ընդհանրական են, դրա համար տնօրենի պաշտոն գոյություն ունի․ նա պետության լոկալ ներկայացուցիչն է»։
Սարգիս Հայոցյան
ԲԿԳԿ նախագահը նաև հիշեցնում է՝ չափանիշներն այնպես են սահմանված, որ ամեն մեկը չէ, որ կարողանալու է ավագ կամ առաջատար գիտաշխատող համարվել։
Այսպիսով, Սարգիս Հայոցյանը նման պրակտիկաները տեսականորեն հնարավոր է համարում, բայց գրեթե բացառում է, քանի որ, ինչպես ինքն է նշում, «հանրային վերահսկողությունը մեծ է»։
Հարություն Վերմիշյանն էլ կրկին հիշեցնում է, թե որքան կարևոր է որևէ համայնքում փոփոխություն կատարելուց առաջ այդ համայնքը ճանաչել։
«Արդյո՞ք մենք որոշմամբ և կարգով սկսում ենք ներդնել պրակտիկաներ, որոնք ուզում էինք, թե՞ որոշմանը կամ ստանդարտին հասնելու համար սկսում ենք ունենալ այլ լոկալ, մարդկային, ինդիվիդուալ ստրատեգիաներ, որոնք մենք չէինք ուզում, դրանից կարծես ուզում էինք խուսափել։ Ինչո՞ւ կարող է այս խնդիրը առաջանալ, որովհետև նոր որոշումը, նոր կարգը, նոր քաղաքականությունը գիտնականին ճանաչելուց չի սկսվել, համայնքը ճանաչելուց չի սկսվել, այլ սկսվել է որպես ռեալ բարի կամք՝ ունենալու բարձր որակի գիտություն»։
Հարություն Վերմիշյան
Այդ պատճառով սոցիոլոգը կարևորում է մոնիտորինգի մեխանիզմների առկայությունը՝ հնարավոր վատ պրակտիկաները գնահատելու, բացերը գտնելու և ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու։ Գիտնականն ապա վերադառնում է իր նախորդ պնդմանը, թե որքան կարևոր է նախևառաջ ունենալ ռազմավարություն, որի մեջ որևէ կարգ կամ որոշում կլինի դրան հասնելու օրգանական մաս։
***
Այսպիսով, գիտնականների հետ զրույցները ցույց են տալիս, որ ատեստավորման նոր կարգի ու միջազգային տպագրությունների պահանջի ներդրման անհրաժեշտությունն իսկապես կար՝ հաշվի առնելով տեղական ասմագրերի որակը, միջազգային լսարանին հասնելու կարևորությունը, միջազգային տպագրությունների կարողությունների ձևավորման կարիքը։
Մյուս կողմից ակադեմիական համայնքը բարձրաձայնում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, հայերեն տպագրությունների համար խրախուսման մեխանիզմների բացակայությունը, հումանիտար և հասարակագիտական ուղղությունների որոշ առանձնահատկությունների անտեսումը, ինչպես նաև հասարակագիտական և բնագիտամաթեմատիկական ուղղությունների համար նույն պահանջների սահմանումը՝ չնայած դրանց տարբերություններին։
*Scopus-ի տվյալները «Ինֆոքոմին» տրամադրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն
**Բնագիտամաթեմատիկական ուղղությունները նշված են կապույտի երանգներով, առողջապահական գիտությունները՝ նարնջագույնի երանգներով, սոցիալական և հումանիտար գիտությունները՝ կարմիրի երանգներով, կյանքի մասին գիտությունները և բազմադիսցիպլինար ուղղությունները՝ կանաչի երանգներով․ բաժանումը կատարվել է՝ ըստ Scopus-ի՝ ամսագրերի դասակարգման սխեմայի։ Քանի բաժանումն ըստ ամսագրերի ոլորտների է, իսկ մեկ ամսագիրը կարող է մի քանի ոլորտի պատկանել, տարբեր կատեգորիաների հոդվածների միջև կարող են վերածածկեր լինել, այսինքն՝ բոլոր կատեգորիաների հոդվածներն իրար գումարելու դեպքում ուռճացված թիվ կստանաք։
***Այս տվյալը ստանալու համար 4 երկրների վիճակագրական կոմիտեներից վերցվել են գիտնականների թվի մասին 2023-ի պաշտոնական տվյալները, և Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում 2023-ին ամեն երկրից հրապարակված հոդվածների թիվը բաժանվել է այդ երկրի գիտնականների թվին։
****Սա գիտաչափական ինդեքս է, որով հաշվում են գիտնականների արդյունավետությունը։ Այստեղ հաշվի է առնվում, թե որքան հոդված է տպագրել գիտնականն, ու որքան հղումներ են ունեցել այդ հոդվածները։ Եթե, օրինակ, որևէ գիտնականի Հիրշի ինդեքսը 3 է, նշանակում է՝ այդ գիտնականի՝ առնվազն 3 հղում ունեցող հոդվածների թիվը հասնում է 3-ի, իսկ եթե, օրինակ, 10 է, ապա առնվազն 10 հղում ունեցող հոդվածների թիվն է հասնում 10-ի։