ԿԿՀ-ն «Ինֆոքոմի» հրապարակման հիման վրա Աշտարակի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական տույժի է ենթարկել Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա։ 

«Ինֆոքոմը» ուսումնասիրել էր 2022-2024 թվականներին Աշտարակ համայնքի կատարած գնումները և պարզել, որ Աշտարակ համայնքը 735 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանի  կնոջը և հորեղբոր տղային պատկանող ընկերության հետ, որի տնօրենը ավագանու նույն անդամն է։ 

Ուշագրավ է այն, որ «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն Աշտարակ համայնքի գնումներին սկսել է մասնակցել և հաղթել  Արա Բաղդասարյանի՝ ավագանու անդամ դառնալուց հետո միայն։ 2022-2024 թթ․-ին ընկերությունը հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող մասնակից։

Ըստ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի՝ «Աշտարակ համայնքի ավագանու անդամ Արա Բաղդասարյանը «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ում համարվում է վարձու աշխատող, եւ օրենսդրության պահանջների խախտման մասին [շահերի բախման վերաբերյալ] որեւէ խոսք լինել չի կարող»։ 

Հանձնաժողովը, ուսումնասիրելով այս գնումները, արձանագրել է, որ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, որպես պատվիրատուի ղեկավար, համայնքային կարիքների համար գնման պայմանագրեր է կնքել օրենքի իմաստով իր հետ քաղաքական հարաբերություններով փոխկապակցված անձի հետ գործնական հարաբերություններ ունեցող անձի հետ, առանց այդ մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու։

Միաժամանակ, Հանձնաժողովը նշել է, որ համայնքապետն ուներ շահերի բախմանը վերաբերող հանգամանքի մասին Հանձնաժողով հայտարարություն ներկայացնելու պարտավորություն, որը չկատարելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն։

Այսպիսով, հաշվի առնելով, որ Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, ինչպես նշված է ԿԿՀ որոշման մեջ, «չի ներկայացրել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը խաթարել է համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների/կատարված գործողությունների նկատմամբ հանրային վստահությունը և հանգեցրել վարույթի հարուցման»,Հանձնաժողովը նրա նկատմամբ կիրառել է 300 000 դրամի չափով տույժ։

Ի դեպ, ԿԿՀ-ի նախաձեռնած վարույթի շրջանակում համայնքապետը հնարավորություն է ունեցել ներկայացնել դիրքորոշում եւ պարզաբանում։ Համայնքի ղեկավարի ներկայացուցիչը նշել էր, որ համայնքի ղեկավարը տեղեկացված չի եղել «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներից։

«Ինֆոքոմը» համայնքային պաշտոնյաներին փոխկապակցված անձանցից գնումների մի շարք դեպքեր է հայտնաբերել նաև Ճամբարակ, Ստեփանավան, Քաջարան, Գավառ, Սևան, Իջևան, Աշտարակ, Վանաձոր, Արթիկ և Մասիս համայնքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև