Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|
19:14 - 24 փետրվարի, 2020

Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|

news.am: Կառավարությունը չի միջամտի ոչ պրոֆիլային բուհերում հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը բացառելու հարցին: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ իր տեղեկություններով՝ որ պրոֆիլային բուհերի պրոֆեսորադասախոսական կազմն աջակցում է տվյալ առաջարկին:

«Հարցը, թե արդյոք բուհը կհրաժարվի այդ առարկաներից կամ կթողի դրանք ուսումնական ծրագրում, կորոշի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ղեկավարություն: Մենք դա թողնում ենք բուհերի հայեցողությանը»,- ասաց նախարարը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ այդ բարեփոխման համար ժամանակ է պետք, եւ հիշեցրեց, որ օրենքում տվյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 3 տարի անց՝ 2023 թվականին:   

Հիշեցնենք, որ տվյալ օրինագծի համաձայն՝ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն ներառվի պարտադիր առարկաների ցանկում ոչ պրոֆիլային բուհերում: Աշնանը ՀՅԴ Երիտասարդական միությունը մի խումբ ուսանողների եւ դասախոսների աջակցությամբ պահանջել է նախարարի հրաժարականը՝ բացատրելով, որ ծրագիրը վնաս կհասցնի պետական լեզվին եւ ազգային արժեքներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել