ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|

ՀՀ ԿԳՄՍ նախարարը սարսափելի է համարում Մխչյանի դպրոցում թմրանյութերի կիրառման փաստը. իրավապահները զբաղվում են այդ խնդրով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Ժաննա Անդրեասյանը մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Արարատի մարզի Մխչյան համայնքի Քրիստափոր Ալավերդյանի դպրոցում բարձր դասարանցիների կողմից 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու դեպքին՝ այն սարսափելի համարելով։   Նախարարն ընդգծեց՝ իրավապահ մարմիններն այժմ ամբողջական քննություն են իրականացնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո այդ դեպքի հետ կապված որոշ հարցերի պատասխաններ կլինեն։  «Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի սարսափելի է, ուղղակի բառեր չեմ գտնում ու կարծում եմ, որ նման իրավիճակներն անթույլատրելի են։ Բնականաբար, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է կարևոր, այլև մեր։ Մենք մեր հերթին պետք է մանրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ, և որ օղակն ինչքանով է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել»,-շեշտեց նախարարը։ Նրա հավաստիացմամբ՝ նման դեպքերը մեկ օրում տեղի չեն ունենում. որոշ նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում։ «Եթե լինի արձագանք ընտանիքներից, դպրոցից, այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացումներ ունենալ, խորանալ ու հնարավոր կլինի ավելի վաղ կանխել»,-ասաց Անդրեասյանը։   Նախարարը կարծում է՝ նախարարությունն ընդհանրապես թմրանյութերի տարածումը կանխարգելելու ուղղությամբ շատ անելիքներ ունի։ Վերջերս ՀՀ կառավարությունում քննարկել են այդ ուղղությամբ ռազմավարությունը, որը ներկայացված է եղել ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից։ Անդրեասյանը վստահ է՝ այդ ոլորտում բոլոր գերատեսչություններն անելիքներ ունեն։  «Կրթական հաստատություններում անելիքներ կան մի քանի հիմնական ուղղություններով. մեկն իրազեկումն է, որ երեխաները տեղեկացված լինեն  վնասակար հետևանքների, վտանգների մասին ու հասկանան, թե որ իրավիճակում ով, ինչ կարող է իրենց առաջարկել և ինչպես պետք է արձագանքեն նման իրավիճակներում, ում կարող են դիմել, աջակցություն ստանալ։ Մենք նաև դպրոցներում ունենք անվտանգություն ապահովելու խնդիր։ Նպատակ ունենք կարգավորել  դպրոցներում ելումուտը։ Հատկապես խոշոր ու ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, ավելի լուրջ ռիսկեր կան։ Մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութերը, այլև դանակի գործադրման կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը։ Այս դպրոցների ելումուտը վերահսկելու, կարգավորելու խնդիր կա»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է անչափահասների շրջանում թմրանյութերի, թմրամիջոցների հնարավոր թեստավորման տարբերակը։ ՀՀ ՆԳՆ-ի հետ փորձում են հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր կազմակերպել դա։ «Առկա է անձնական տվյալների հետ կապված հարցը նաև։ Մենք հասկանում ենք, որ բավականին զգայուն ու նուրբ հարց է, բայց մյուս կողմից էլ սա մեր երեխաների առողջության ու անվտանգությանը վերաբերող խնդիր է։ Առաջիկայում կգտնենք ընդունելի կարգը՝ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով։ Մի բան կարող եմ ասել՝ այն, ինչ տեղի է ունեցել, չպիտի կրկնվի, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ստանում է հաղորդագրություններ իրավապահ մարմիններից և փաստում՝ հաճախ թմրանյութերի տարածումը, վաճառքը իրականացվում է տարբեր հարթակների միջոցով, ինչպես օրինակ՝ «Տելեգրամ»-ի ալիքների։ «Ահազանգեր ստացել ենք, որ ինչ-որ կասկածելի բան է տեղի ունենում, օրինակ, դպրոցների մոտակայքում։ Բնականաբար, իրավապահ մարմինների հետ կապի մեջ ենք և փոխանցում ենք այդ տեղեկությունները։ Սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս»,-ասաց նա։  Խոսելով դպրոցի տնօրենի աշխատանքից հնարավոր հեռացման մասին՝ Անդրեասյանը շեշտեց. «Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, խնդիր է։ Բոլոր անձիք, որոնք տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, որը չեմ պատրաստվում քննարկել։ Այդ դիրքորոշումը փոխանցել եմ նաև մարզպետին»։ Ավելի վաղ Արարատի մարզպետարանը խստորեն դատապարտել էր կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարել, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո։  Կառույցը վստահեցրել էր, որ մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով: Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն եւ վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք եւ բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում:
16:44 - 16 մայիսի, 2025
Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքը Արարատի մարզպետարանի «վերահսկողության ներքո է»

Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքը Արարատի մարզպետարանի «վերահսկողության ներքո է»

Արարատի մարզպետարանն արձագանքել է Մխչյանի դպրոցում անչափահաս աշակերտներին թմրանյութ տալու աղմկահարույց դեպքին։ «Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։ Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված»,- նշված է մարզպետարանի հայտարարության մեջ։ Մխչյանի դպրոցում անչափահասներին թմրանյութ տալու դեպքի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շորթման հոդվածով, հայտնում են քննչական կոմիտեից։ Ըստ Քրեական օրենսգրքի՝ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախապես համաձայնեցված, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս անձանց նկատմամբ։ Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից երկուսի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկի նկատմամբ՝ տնային կալանք և երկրից բացակայելու արգելք, իսկ մեկ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներից մեկում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել էին 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել։
11:51 - 16 մայիսի, 2025
Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։ Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյա և հրատապ հարցեր, այդուհանդերձ, կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե՛ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե՛ նաև ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։ Այս օրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության և քայլի համար՝ չափազանց բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը: Այն կրթությունը, որը մրցունակ է և այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը՝ առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որն իրացվելով և ստեղծագործելով՝ իր լավակեցությամբ նաև երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք՝ եղած խնդիրները ձևակերպելու համար և հետևողական ու համբերատար լինենք՝ դրանք լուծելու համար։ Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ, այս օրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների և երիտասարդների օր՝ մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։ Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին՝ հիմնադրման 106-ամյակի առիթով՝ ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների առաջատար՝ նորովի վերահաստատելով իր պատմական և հանրային նշանակությունը»:
11:06 - 16 մայիսի, 2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները պատմական հենք ունեն և լավ հիմք են հանդիսանում կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու համար։ Նա պատվիրակության անդամներին ներկայացրել է կրթության ոլորտում Եթովպիայի բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել դրա շրջանակում երկու երկրների միջև համագործակցության հաստատումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանն ու Եթովպիան ունեն երկարատև պատմական հարաբերություններ: Նա առանձնահատուկ կարևորել է գյուղատնտեսության, բժշկության, ԲՏՃՄ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը և երկկողմ համագործակցության զարգացումը, ՀՀ և Եթովպիայի բուհերի և գիտական հաստատությունների միջև գործընկերության հաստատումը, ինչպես նաև դասախոսների, հետազոտողների ու ուսանողների փոխանակման ծրագրերի, առցանց և առկա ձևաչափերով համաժողովների, փորձի փոխանակման և մասնագիտական աջակցության ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտությունների ոլորտում համագործակցության հարցերին։ Եթովպիայի կրթության նախարարն անդրադարձել է հայկական դպրոցի մասնաշենքին, որը կարող է դիտարկվել որպես կրթամշակութային, թվային կրթության և գերազանցության կենտրոնի ձևաչափով գործունեության հարթակ: Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու համագործակցության հայեցակարգային հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվում են տարաբնույթ նախաձեռնություններ՝ Էրազմուս+ և Հորիզոն ծրագրերի շրջանակում։ Նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ ներկայում Հայաստանում կրթական համակարգն անցնում է վերափոխումների մեծ փուլ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանի պետական և Ադիս Աբեբայի համալսարանների միջև համագործակցության զարգացումը։ Եթովպական կողմը հայտնել է նաև Օրոմիայի պետական համալսարանի հետ փոխհամագործակցության հնարավորության մասին։ Կարևորվել է բժշկական կրթությունը. քննարկվել են կրթաթոշակային և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ունենալով միջազգային հավատարմագրում, պատրաստ է փոխանցել իր փորձը եթովպական կողմին՝ բժշկական կրթությունը զարգացնելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև Ադիս Աբեբայի համալսարանի հենքի վրա հայագիտության ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը խթան կհանդիսանա միջբուհական համագործակցության զարգացման համար։ Համագործակցություն մշակույթի և սպորտի բնագավառներում ԵԴԺՀ այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարար Շևիտ Շանկա Շաշիգոյի հետ՝ քննարկելու համագործակցությունը մշակույթի և սպորտի բնագավառներում։ Մասնավորապես՝ քննարկվել են մշակութային միջոցառումների, ինչպես նաև ստեղծագործական արդյունաբերության, մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով զարգացնելու փոխհամագործակցությունը, որը կներառի նաև փորձի փոխանակում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանի փորձառությունը, որը եթովպական կողմին նույնպես հնարավորություն կընձեռի զարգացնելու միջմշակութային երկխոսությունը երկու պետությունների միջև։ Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարարը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ հնարավորության համար և վստահեցրել, որ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նաև երկու պետությունների հարուստ մշակույթը լավագույնս ներկայացնելուն: Նրա խոսքով՝ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ստեղծումը լրացուցիչ և կարևոր հնարավորություն է մշակութային կառույցների համար։ Կողմերն ընդգծել են հայկական սփյուռքի դերն ու կարևորությունը, որի հետքը մինչ օրս տեսանելի է և բարձր է գնահատվում Եթովպիայում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ֆիլմարտադրության բնագավառին՝ առաջարկելով այս ոլորտում համագործակցությունը նույնպես դիտարկել որպես Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության ուղղություն։ Քննարկվել են նաև մշակույթի թվայնացմանն առնչվող հարցեր, որի բավականին մեծ փորձառություն ունի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է նաև Մատենադարանի հետ համագործակցության հնարավորության մասին, որը պատրաստ է եթովպական կողմին ներկայացնել ձեռագրերի վերականգնման և պահպանման բնագավառում իր փորձը։ Նշվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան նաև սպորտի բնագավառում: Եթովպական կողմը ներկայացրել է աթլետիկայի ուղղությամբ իր հաջողված փորձը՝ պատրաստակամություն հայտնելով զարգացնելու համապատասխան ֆեդերացիաների միջև համագործակցությունը։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է շախմատի ոլորտում Հայաստանի փորձը, որը դասավանդվում է որպես պարտադիր առարկա տարրական դասարաններում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների միջև կապերը զարգացնելու, ինչպես նաև համատեղ մարզական միջոցառումներ, մարզիկների և մարզիչների համար վերապատրաստման ծրագրեր անցկացնելու հարցում։ Աֆրիկյան պետություններում հայկական սփյուռքի մեծ և կարևոր դերակատարությունը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության նախագահ Մահմուդ Ալի Յուսսուֆի հետ։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի և աֆրիկյան պետությունների միջև համագործակցության զարգացումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում։ Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատել Աֆրիկյան միության և դրա անդամ պետությունների հետ համագործակցությունը և կարևորել գործընկերության ամրապնդումը տարբեր ոլորտներում: Նշվել է՝ կարևոր քայլերից է Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական ​​(ռեզիդենտ) դիտորդի նշանակումը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պատմականորեն մի շարք աֆրիկյան պետություններում հայերը մեծ ներկայություն են ունեցել, որոնց ընդունել են՝ որպես հասարակության անբաժանելի մաս: Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և նորարարության բնագավառներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ պատրաստակամություն հայտնելով ձեռքբերված փորձառությունը կիսել աֆրիկյան պետությունների հետ։ Աֆրիկյան միության նախագահը ողջունել է պատվիրակությանը և ընդգծել աֆրիկյան պետություններում հայկական սփյուռքի մեծ և կարևոր դերակատարությունը, որն առանձնահատուկ արտացոլված է Եթովպիայում։ Նա ընդգծել է թվային հարթակների ստեղծման կարևորությունը կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում, որի համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի և աֆրիկյան պետությունների միջև համագործակցության հեռանկարները։ Նախագահը նշել է, որ Հայաստանի և Աֆրիկյան միության միջև փոխհամագործակցությունը հնարավոր է դիտարկել նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում՝ հավելելով, որ Աֆրիկյան միությունը բաց է Հայաստանի հետ ցանկացած համագործակցության համար։ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը, որը հնարավորություն կընձեռի նաև ակտիվացնելու ֆրանկոֆոն երկրների մասնակցությունը փոխհամագործակցության տարաբնույթ ծրագրեր իրականացնելու համար։ Մահմուդ Ալի Յուսսուֆն անդրադարձել է ուսանողների կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու կարևորությանն ու հնարավորություններին։ ՄԿՈՒ ոլորտը և STEM կրթությունը նույնպես կարևորվել են համատեղ ծրագրեր իրականացնելու համատեքստում։ Աֆրիկյան միության նախագահը ողջունել է Երևանի բուհերից մեկում Աֆրիկագիտության կենտրոն ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը՝ նշելով միության հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու կարևոր նախաձեռնությանը։ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջազգային կապերի ղեկավար Քրիս Շահինյանը, «Արմաթ գլոբալ»-ի համահիմնադիր Նունե Հովհաննիսյանը։
12:34 - 15 մայիսի, 2025
Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին

Արմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին

Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։ Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։ Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։ Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։ Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին՝ դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։ Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին: Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
12:13 - 15 մայիսի, 2025
Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Ծնողների մեծ մասը բռնության ամենօրյա քարոզով երեխաներին ուղարկում է դպրոց. ԿԳՄՍ նախարարը՝ Մերձավանի դպրոցի միջադեպի մասին

Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով։ Ամենօրյա էդ քարոզով երեխաներին ուղարկում են դպրոց՝ բռնության, անհանդուրժողականության ու ագրեսիվության խնդրի առաջ դպրոցներին թողնելով միայնակ։ Չեմ չափազանցում․ բազմաթիվ են դեպքերը, երբ դպրոցները ծնողներին ահազանգում են իրենց երեխաների տարբեր խնդիրներ և հանդիպում են տոտալ անտարբերության․ ծնողների մի զգալի մասը չգիտի՝ իր երեխան ինչով է զբաղված, տպավորություն է, որ ոչ էլ ուզում է իմանալ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սրան գումարվում է որոշ ծնողների կողմից ուսուցիչների հանդեպ քամահրական վերաբերմունքը, որը թե՛ իրենց վերաբերմունքն է, թե՛ իրենց կողմից նաև իրենց երեխաներին փոխանցվող վերաբերմունքն է։ Գումարեք սրան ցուցամոլության ու նյութապաշտության էն քաղքենի միջավայրը, որ կա։ Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։ Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, երեկ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչներ պահանջում էին պատմության ուսուցչուհու հեռացումը։ Ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում ուսուցչի հասցեին։ Խաթարված էր դասապրոցեսը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ 
13:58 - 14 մայիսի, 2025
Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

Մերձավանի դպրոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին: Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում: Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի` մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը: Պաշտպանն ընգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում՝ էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից հատկապես հանրակրթական ուսումնական հաստատություններում: Միաժամանակ, Պաշտպանը հորդորում է Մերձավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտել էր Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։
13:53 - 14 մայիսի, 2025
ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը

ԿԳՄՍՆ-ն խստորեն դատապարտում է Մերձավանի դպրոցում պատմության ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին»,- նշված է ԿԳՄՍ նախարարության պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, երեկ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչներ պահանջում էին պատմության ուսուցչուհու հեռացումը։ Ինչպես ծնողները, այնպես էլ աշակերտները տարբեր մեղադրանքներ էին հնչեցնում ուսուցչի հասցեին։ Խաթարված էր դասապրոցեսը։
11:24 - 14 մայիսի, 2025
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:  ԿԳՄՍ նախարարության տարածած մանրամասները ներկայացնում ենք ստորև. 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից «Մայրենի» (գրավոր, թեստ) - 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2025 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2025 թ. Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 թ. «Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում «Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 09.06.2025 թ. «Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2025 թ. «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում: «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում
13:11 - 13 մայիսի, 2025
Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ
 |arm.sputniknews.ru|

Երևանի Պուշկինի դպրոցում դաս չկա. ծնողները ակցիայից հետո հավաքվել են ԿԳՄՍՆ մոտ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում դպրոցի բակում։ Նրանք այստեղից որոշեցին շարժվել դեպի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ: Ինչպես Sputnik Արմենիային ասաց ծնողներից մեկը` այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 8-ից Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել՝ պահանջելով չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը: Այդ նպատակով աշակերտների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել։ Միաժամանակ, ՀՀ ԿԳՄՍՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է դրա արդյունքների բողոքարկման գործընթացը։ «Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարեց ծնողներից մեկը: Նա նշեց, որ ժամը 14:00-ին նախարարությունում կքննարկվի Ստեփանյանի բողոքը: Այդ իսկ պատճառով նրանք գնում են դեպի նախարարություն, շարունակելու ակցիան։ Նրանք պահանջում են, որ ծնողներին ևս ներառեն Ստեփանյանի բողոքարկման դիմումի քննարկման մեջ: Ի դեպ, արդեն ԿԳՄՍՆ հասած ծնողներին հայտնել են, որ 6 հոգանոց պատվիրակությանը կընդունի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
10:54 - 12 մայիսի, 2025
Հարություն Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հարություն Հովհաննիսյանը դարձավ ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հարություն Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիամ։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներն ավարտում են ելույթներն աշխարհի առաջնությունում: Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 81 կգ քաշում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում մեկ մոտեցում կատարեց` բարձրացնելով 95 կգ: Հաջորդ երկու մոտեցումներից Պողոսյանը հրաժարվեց ծնկի ուժեղ ցավերի պատճառով: Հրում վարժությունում Էմման բարձրացրեց 120 կգ ու կրկին վնասվածքի պատճառով չկատարեց մյուս մոտեցումները: Երկամարտի 215 կգ արդյունքով` Էմմա Պողոսյանը երիտասարդների աշխարհի առաջնությունում 4-րդն է:
09:04 - 05 մայիսի, 2025
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարող են դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե: 2025-2026 ուստարվա համար նախատեսվող կրթաթոշակների թիվը 20 է։ Կրթաթոշակին հավակնելու պահանջներն են․ – Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, – բակալավրի կրթական ծրագրերի պարագայում՝ http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում, իսկ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելը․ -գործատուի՝ վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես առնվազն 100 վարձու աշխատող ունեցող ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպություն հանդիսանալու պայմանը, – գործատուի մոտ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը, -գործատուի կողմից սովորողի ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը, -գործատուի և դիմումատուի միջև կնքված ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր՝ ուսման ակնկալվող ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով։ Համաձայն կարգի՝ ուսումնառության ընթացքում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը գործատուն սահմանված կարգով ԲԿԳԿ է ներկայացնում հաստատության կողմից տրված տեղեկանքը տվյալ քաղաքացու՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ: Հարկ է նշել, որ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը: Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N267-Ն որոշման պահանջներին համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց թվային պատճենները քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև պարզ լիազորագիր) պետք է ներկայացնեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի քարտուղարություն կամ էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. փոստի հասցեով: Հարցերի դեպքում զանգահարել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե +010 300109 (+705, +730, +840) հեռախոսահամարներով։ Կառավարության որոշման մանրամասները և հաճախ տրվող հարցերը:  
13:06 - 02 մայիսի, 2025
Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն (անձնական մարզիչ` Գառնիկ Աբրահամյան) աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ և հրեց 155 կգ»,-ասված է հաղորդագրության մեջ։
09:31 - 02 մայիսի, 2025
Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե |hetq.am|

Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե |hetq.am|

hetq.am: Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։ Այս տարվա փետրվարին էր հայտնի, որ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել, չնայած հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու պահանջով։ «Նրանք ամբողջ տարին բանակցել են, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները: Այսինքն՝ քանի որ նախատեսված ժամանակահատվածում համերգը չի կայացել, մենք արդեն գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե»,- ասել է նախարարը։   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:31 - 01 մայիսի, 2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն է դիտարկվում, եթե. հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են հանրակրթական նույն դպրոցում, հայտագրվող երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, հայտագրվող երեխայի ծնողը ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել: Վերոնշյալ ժամկետային սահմանափակումը չի գործում, եթե հայտագրումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող՝ անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխայի կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար: Այս դեպքում երեխային հաստատություն ընդունելու համար ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան հիմքերը: Նշված խմբի երեխաների հայտագրումը կատարվում է՝ համաձայն 2010թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված կարգի: Երկրորդ փուլ Երկրորդ փուլով՝ հունիսի 24–ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի), երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի, որոնք ցանկանում են երեխային հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարանում)։ Երրորդ փուլ Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար. այս փուլը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (նրա օրինական ներկայացուցիչը) կամ ծնողներից մեկն ազգային փոքրամասնություն ներկայացնող ՀՀ քաղաքացի է: Նշենք, որ երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։
14:57 - 30 ապրիլի, 2025