Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|
12:55 - 26 դեկտեմբերի, 2019

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին նոր մեղադրանք է առաջադրվել |armtimes.com|

armtimes.com: Տեղեկությունը հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Մեզ մոտ քննվող քրեական գործով Նորայր Փանոսյանի մեղադրանքը փոփոխվել է, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

Օհանջանյանի փոխանցմամբ՝ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Փանոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, անդրադառնալով այս հանգամանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան ` Փանոսյանին կրկին կալանավորելու համար։ Հիշեցնեմ, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։
Հ.Գ. Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ` լրացուցիչ տառապանք մարդուն և նրա ընտանիքին»,-ասել է պաշտպանը:

Նշենք, որ նախկինում Նարեկ Փանոսյանը 2011-2014թթ. զբաղեցրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը:

Նրա վերաբերյալ քրեական գործը սկզբնապես քննվում էր Քննչական կոմիտեում, որտեղից այն ուղարկվել էր ՀՔԾ: Ըստ ՔԿ՝ ավելի վաղ տարածածհաղորդագրության՝ կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Փանոսյանը, 2011-2014 թթ.-ին նույն նախարարության և Երևանի քաղաքապետարանի մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական նպատակներով, ինչպես նաև անձնական այլ շահագրգռությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2013 թթ. ընթացքում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքում իրենց գործունեությունն իրականացնող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, իսկ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 հասցեի տարածքում գործող նոտարին՝ տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին անուղղակի տեղեկացնելով, զրկել են վերջիններիս «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ որպես նախկինում նշանակված և որակավորման քննություն հանձնած նոտարների, իրենց անհատույց օգտագործման իրավունքը գրանցել իրենց միջոցներով վերանորոգված և իրենց կողմից զբաղեցված՝ ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի թիվ 604-Ն որոշմամբ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող վերը նշված տարածքների նկատմամբ՝ նպատակ ունենալով ինքնուրույն ձեռք բերել այդ անշարժ գույքերը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նշված նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Փանոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել