Հաղթողին 3 միլիոն դրամ էինք խոստացել, 5 սարքեցինք. Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի նախագծման մրցույթը չի կայացել
 |armtimes.com|
22:44 - 24 հունիսի, 2020

Հաղթողին 3 միլիոն դրամ էինք խոստացել, 5 սարքեցինք. Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի նախագծման մրցույթը չի կայացել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Ազատության հրապարակի եւ հարակից տարածքի (Մատոցի պողոտա, Կարապի լիճ) էսքիզային նախագծման մրցույթ էր հայտարարել՝ հաղթողին խոստանալով սիմվոլիկ 3 միլիոն դրամ, բայց մրցույթին ոչ ոք չի մասնակցել: Այս մասին ավագանու այսօրվա նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հակ Մարությանը:

Քաղաքապետը կարծիք հայտնեց, որ գուցե լավ չեն իրազեկել, որպեսզի կազմակերպույունները կամ անհատ ճարտարապետներ մասնակցեին մրցույթին, սակայն նաեւ նկատեց, որ պատճառը հավանաբար գումարի քիչ լինելն է եղել: «Այժմ գումարը դարձրել ենք 5 միլիոն եւ մրցույթը հայտարարելիս ավելի լավ կիրազեկենք: Նախորդ անգամ միայն սոցցանցերով էինք արել, բայց չգիտեմ՝ գուցե արժե նաեւ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով էլ հայտարարել, որովհետեւ գուցե ինֆորմացիան տեղ հասցնելու խնդիր է եղել»,- հավելեց նա:

Մարությանը ցավով փաստեց, որ համայնքային գործընթացները շատ հաճախ դանդաղ տեմպով են ընթանում եւ օրինակ, եթե ինքն իր սեփական միջոցներով անելիս լիներ, կգնար միանգամի մի քանի լավ ճարտարապետների էլ, ստուդիաներ էլ կդիմեր: «Կգնայի մի քանի հոգու մոտ, կասեի էսքիզներ կբերեին, կընտրեինք եւ շատ արագ կստացվեր: Իսկ հիմա, եթե գնամ մեկի մոտ կասեն, վայ ինքն է գնացել, ինքն է որոշել, մինչդեռ պետք է հավասար պայմաններ դներ եւ այլն»,- նկատեց նա:

Քաղաքապետը հայտնեց, որ գործընթացը սկսվել է փետրվարին եւ մինչեւ օրս առաջ չի շարժվել, քանի որ մրցույթը չի կայացել: Մարությանը մտավախություն հայտնեց, որ եթե նման տեմպերով գնա, ապա կարող է այս անգամ էլ չկայանալ:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանն էլ նկատեց, որ ինքն էլ է ճարտարապետ, բայց իհարկե մրցույթին չի մասնակցի, որովհետեւ ակնհայտ շահերի բախում կարող է լինել: «Իմ ընկերները չեն մասնակցում, որովհետեւ առաջադրանքը ճիշտ չի ներկայացվել: Բավականին շատ չափորոշինչներ կան, թե ինչպես են մրցույթ անցկացնում: Նաեւ ժյուրիի կազմն է՝ մարդիկ նայում եւ մտածում են, որ անիմաստ է դրան մասնակցել: Խնդիրը միայն գումարը չէ»,- ասաց նա:

Մարությանը շնորհակալություն հայտնեց եւ փոխքաղաապետ Տիգրան Վիրաբյանին հանձնարարեց մրցույթի հետ կապված աշխատանքներում ներգրավել եւ մշտական քննարկումների մեջ լինել Արսեն Կարապետյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել