Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը հյուրընկալվել է «Պատիվ ունեմ» խմբակցությունում

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: ԱԺ հաղորդագրության համաձայն՝ Հայկ Մամիջանյանը, ողջունելով դեսպանին, կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: «Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը: Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին: Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
09:38 - 07 ապրիլի, 2023
ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան
 |news.am|

ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան |news.am|

news.am: ՊՎԾ-ն դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու. քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել երկու անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երբ Հայկ Մարությանին հեռացրին Երեւանի քաղաքապետի պաշտոնից անմիջապես ուսումնասիրություն սկսվեց քաղաքապետարանում, ինչը հետապնդման տպավորություն է թողնում: «Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածի իրավապահներին դաշտում է»,-ասաց Ավինյանը: Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակից Երեւանի ընտրություններում, նա պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»: Ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարությանը հեռանալիս մեղադրեց իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար, Ավինյանն ասաց. «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ  որոշ հարցեր կարողացել ենք լուծել: Կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել  համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումների էր, իսկ  կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է ճիշտ, ոչ է սխալ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ»:
15:47 - 23 սեպտեմբերի, 2022
Ոստիկանության պարզաբանումը Հայկ Մարությանի ահազանգի վերաբերյալ

Ոստիկանության պարզաբանումը Հայկ Մարությանի ահազանգի վերաբերյալ

Հուլիսի 8-ին զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Հայկ Մարությանը և հայտնել, որ Ծովակալ Իսակովի պողոտայում ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան ուղեկցում է մասնավոր անձանց, որոնք կարմիր լույսի տակով են անցնում՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակ, ինչպես նաև ավտոմեքենաներից մեկից հայհոյանքներ են հնչեցրել»:  Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում մասնավորապես ասվում է՝ ուղեկցումն իրականացվել է ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների կողմից՝ ըստ նախատեսված կարգի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի։ «Ավտոմեքենաներից հայհոյանքներ հնչեցնելու մասով Մալաթիայի քննչական ստորաբաժանումում կատարվում է նախաքննություն»,- ասված է պարզաբանման մեջ:  
17:28 - 08 հուլիսի, 2022
Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության

Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում ապրիլի 24–ի կապակցությամբ գրառում է արել, որում ասվում է․ «Այսօր ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը։ Արհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետևում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ և, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետևանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլև հերոսացնում ու պետական պարգևների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող և ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիս»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը աշխատանքային այցով գտնվում է Ուրուգվայում, ծաղրել է Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամներին։ Նա ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը։
19:53 - 24 ապրիլի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել

 |armenpress.am|

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը: Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի  բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար  իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:
19:04 - 12 հունվարի, 2022
«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին

«Հեղափոխության արժեք» բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում․ Գալջյանը անդրադարձավ Մարությանի ելույթին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը քաղաքապետին անվստահություն հայտնելու նիստի ընթացքում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին։  «Երբ խոսվում է հեղափոխության արժեքներից և հեղափոխությունից, ես գնում եմ նախորդ տարի այս օրերին և ուզում եմ հիշել հակահեղափոխությունը անել, շենքեր էին գրավում, Ազգային ժողովի նախագահին էին փորձում սպանել, պատգամավորներին էին հետապնդում, այսինքն երբ հակահեղափոխություն էր, որտե՞ղ էր Երևանի հեղափոխական քաղաքապետը, աշխատասենյակում դիմակով փակվա՞ծ, թե՞ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով էր զբաղված։ Կներեք, այդ հեղափոխության արժեք բառը անընդհատ օգտագործելով հեղափոխության արժեքի պահպանող չեն դառնում, կոռուպցիայից է խոսվում, պարգևավճարներ, որ գաղտնի պարգևավճար են տվել, գաղտնի, ոչ գաղտնի, ի՞նչ կապ ունի։ Եթե պրեմիան կամ պարգևավճարը կոռուպցիա է, ինչու՞ էիք տալիս, այսինքն   այստեղ կոռուպցիա չի,  կառավորությունում կոռուպցիա է»։ Գալջյանի խոսքով՝ երբ խոսվում է պաշտոնյաների կողմից զանգերի մասին, պետք է անուններ հնչեցվեն․ «Պետք է անուններ տրվեն, դա ասելով չի, ոչ մի անգամ մեր խմբակցության նիստի ժամանակ կամ որևէ առանձնազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեզ չի ասել՝ բա իշխանական ձեր այս թիմակիցը կամ մեր թիմակիցը զանգել է և սենց հարցով խնդրում է, որ ընդառաջեն օրենքից դուրս գամ չգիտեմ ինչ։ Անուններ պետք է տալ, երեք տարի ասեիք մեզ այդ մասին, մենք էլ միջոցներ ձեռնարկեինք։ Կամ այդ տրամաբանությամբ որ գնաք, այս շենքում էլ և այս շենքի ենթակա հիմնարկներում մարդիկ են աշխատում, ովքեր մերձավոր կապեր ունեն պարոն Մարությանի հետ, ես չեմ ուզում անձնավորել, բայց ստիպված եմ այդ ամեն ինչը ասել։Պրեմիաներից են խոսում, աղբահանության հիմնարկում երկու տարի է լափում են կներեք արտահայտությանս համար, ինչու՞ չէիք բռնում, մինչև ես փաստերը չբերեցի ոչ մի արձագանք չստացավ ու մինչև այսօր այդ մարդիկ աշխատում են այդտեղ։ Նորմա՞լ է դա, թե չի նկատվում»։ Նա նաև անդրադարձավ Մարությանի դիտարկմանը, որ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, ոչ թե «Իմ քայլը» խմբակցությունից․ «Իմ քայլը»-ՔՊ բառախաղի հետ կապված, և ՔՊ անունը հայտնի չէր, դրա համար 2018 թ․-ին այդ անունով չմասնակցեցին։ Այս ամառ այդ անունով մասնակցեցինք 53% հավաքեցինք, այսինքն այն ժամանակ, որ այդ անունով ներկայանայինք, 83% չէինք ստանալու, 8% էինք ստանալու»։Նա նաև նշեց՝ ուրախ է, որ Մարությանը քաղաքական հայտ ներկայացրեց․ «Իհարկե, ձախողված հայտ էր դա  և սկիզբն ու  ավարտը կարող է լինել միաժամանակ, բայց այս ամեն ինչը ես կարծում եմ, որ չպետք է ասվեր, որովհետև մեր տոնայնությունը և մեր դիրքորոշումները լրիվ այլ տոնի մեջ էին և այլ նպատակ էին հետապնդում»։   Նա անդրադարձավ նաև ավագանու որոշ անդամների հայտարարություններին, ըստ որոնց իրենց հասցեին սպառնալիքներ են հնչեցվել․ «Այստեղ գործընկերներ ունենք, ովքեր ինչ-որ հետապնդումներից են խոսում, ճնշումներից են խոսում, ժողովրադավարությունից են խոսում, ու այս պրոցեսը ներկայացնում են հակաժողովրդավարական ու ՔՊ-ն էլ իբր ՀՀԿ է դարձել։ ՔՊ-ն որ ՀՀԿ դառնար, այս անվստահության նիստը չէր լինի, ով որ պետք էր, այս շենքից վաղուց դուրս կգար, դա լավ իմացեք, և այդ համեմատությունը, որ ՀՀԿ եք դառնում․․․այդ մարդը, ով եկել ասում էր՝ ինձ ճնշում են, վեց ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է՝ ես պատրաստ եմ ՔՊ մտնեմ, բայց ինձ անցողիկ տեղում պատգամավորի մանդատ տվեք։ Ես չեմ սիրում անձնական խոսակցությունը հրապարակել, բայց երբ ֆրակցիայի նիստի քննարկումը դուրս է հանվում կամ առանձնազրույցը դուրս է հանվում, կարո՞ղ է չատն էլ պետք է հրապարակենք, որ տնից մարդ չկարողանա դուրս գա դրանից հետո, պետք է սահման ունենալ այդ ամենից առաջ»։
16:53 - 22 դեկտեմբերի, 2021
Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Գործադիրի ներկայացուցիչների՝ քաղաքապետին ուղղված պահանջի՝ սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար աշխատակիցներին աշխատանքից ազատման մասով հանցագործության մասին հաղորդումներ են պատրաստում

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ հեղափոխության արժեքների ու ինստիտուցիոնալության դեմ հաղթարշավը անցել է նաև քրեական օրենսգրքի արգելքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով. 1. Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով: 2. Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով»։
14:20 - 22 դեկտեմբերի, 2021
ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու․ Հայկ Մարությանի ելույթը ավագանու արտահերթ նիստին

ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու․ Հայկ Մարությանի ելույթը ավագանու արտահերթ նիստին

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի շրջանակներում քննարկվում է «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» «Իմ քայլը» խմբակցության նախագիծը։ Մարությանը եւս հանդես եկավ ելույթով, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երեւանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երեւանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, եւ կարծես թե, այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես ելույթներից հասկացանք, այդպիսիները չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը։ Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է, թե ոչ։ 2018-ին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին բոլորս մասնակից ենք եղել, եւ ամեն մեկս մեր լուման ենք ներդրել այդ կարեւոր գործում։ Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երեւանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք՝ որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանելու եւ թղթի վրա հստակ ամրագրելու ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ ԱԺ արտահերթ ընտրություններին եւ ամրագրել այդ հաղթանակն արդեն համապետական մասշտաբով։ Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին ՔՊ կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը, մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։ Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին ՔՊ անդամ, այսինքն՝ ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա, կարծում եմ, շատ հատկնաշնական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրը։ Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը, կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որեւէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի եւ հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, եւ շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին։ Հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո, ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունն արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաեւ նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» անունն այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։ Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդն ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը, որպես անվստահության հիմք, ասում է, որ քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից եւ «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, ես պաշտոնապես ասում եմ՝ դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, եւ անախձեռնող խմբի այս պնդումն ուղղակի կեղծիք է։ Ի դեպ, իրենց փաստարկներում, հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, այս մարդիկ փորձում են սեփականշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։ Ասեմ ավելին՝ ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել։ Նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին, սա նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։ Հետեւաբար, որն է անվստահության հիմքը․ այս օրերին նախաձեռնության հեղինակներն ու նրանց կուսակցական ընկերներն ասում են, որ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։ 2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել, եւ հանկարծ մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ՝ նախարարները 1,5մլն դրամ են ստանում, փոխնախարարները՝ 1մլն, եւ այսպես շարունակ, գաղտնի որոշմամբ, հեղափոխական նախարարները։ Ես չեմ խոսում պետական համակարգի, այսպես կոչված, տեխնոկրատ անդամների մասին, որոնք, անկախ ամեն ինչից՝ պրոֆեսիոնալներ են, եւ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն, ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց, իրականության մեջ, նրանք եկան եւ անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը, այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում։ Կասեք՝ ինչո՞ւ շուտ չէիք խոսում սրա մասին։ Բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում, տարբեր մակարդակներում․ ոչ մի արձագանք, կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։ Բացի դրանից՝ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ «պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ քոմենթ» է գրել կամ վատ ստատուսի տակ լայք է դրել, իրենց պետք է աշխատանքից հեռանան»։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան՝ ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունը նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հանում էին, ես դրա համար չեմ էստեղ եկել, կարճ ասած՝ մերժում էի նման բոլոր առաջարկները։ Բայց սրանք դեռ ծաղիկներն էին։ Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել եւ իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, էս հողն ընդլայնենք եւ այլն։ Եվ, բնականաբար, բոլոր դեպքերում, ստացել են նույն պատասխանը՝ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում, եւ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջեւ աշխարհայացքների խզումը։ Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։  Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, հետո ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում է դա երկրի համար (նկատի ունի ՀՀ ԱԺ նախագահի համար գնվելիք մեքենան- խմբ․)»։ Մի երկիր, որը աղքատության բարձր շեմ ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում՝ իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության «պրիստիժի» համար է։ Ասեմ, հարգելիներս, դա պրիստիժ չէ, հակառակը, սա մովետոն (անկրթություն, անդաստիրակություն- խմբ․) է, սա շատ վատ տպավորություն է թողնում, դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ։ Ու կարծում եմ՝ ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի Նիսսան եմ քշում, ընդ որում՝ առանց վարորդի, երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չէ, սա, ինչպես ասում են, լավ չի, նորմալ ա։ Որովհետեւ դա իմ համոզմունքն է, ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արծեքներից։ Ես մի քանի դրվագ ներկայացրի, բայց դրանք շատ-շատ են։ Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ եւ ՔՊ-ի կապն այդքան կարճ տեւեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ կուսակցությունից։ Ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել եւ հանձնելիս ասել՝ «եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու, ոչ մի դեպքում»։ Ասել եմ՝ «դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի»։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին։ Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ այս ամենի մասին մինչեւ հիմա չես խոսել։ Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ-ի թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար։ Ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին»Ж Վերադառնալով իրեն ներկայացվող անվստահության հիմքերին՝ Մարությանն ասաց․  «Ասում են՝ Մարությանը նախընտրակիան խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարեւոր է երեւանցիների կարծիքը եւ գնահատականը, եւ հատկապես վերջին օրերին երեւանցիներին իրենց գնահատականը շատ հստակ տալիս են, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հետո, նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Ասեմ՝ այս երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին։ Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ, այո կորցրել եմ, հիմա պատմեմ մի դրվագ բազմաթիվ դրվագներից, որ պարզ լինի՝ ինչու է դա տեղի ունեցել։ Անցած տարվանից սկսել ենք համայնքի միջոցներով ավտոբուսներ գնել, տենդեր էինք հայտարարել 8,6մ ավտոբուսների ձեռքբերման համար, որը կայացել էր, եւ ավագանին պետք է գնման համար գումար հատկացնելու որոշում կայացներ։ Դա այս տարվա փետրվարն էր, ահռելի աշխատանք էինք կատարել, եւ ավագանին ընդամենը պետք է գար, քվերակեր։ Եվ ահա, ավագանու նիստի նախորդ երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդմաներ, կառավարության որոշ անդամներ հրահանգել են, որ «Իմ քայլը» քվորում չապահովի, պարզ ասած՝ որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը, մենք մեծ դժվարությամբ, խնդրելով, բացատրելով կարեւորությունը՝ մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց «Իմ քայլը» ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարեւորագույն որոշումն ընդունելու համար։ Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում, եւ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ։ Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների՝ միայն մի բանի համար, որ ասեին՝ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն՝ նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունն ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել․․․ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունեինք, էդ պահին 211-ի գնումն էինք անում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։ Այսքանից հետո խնդրում եմ ասեք՝ ինչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ։  Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում իմպիչմենտի գործընթացը։ Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու՝ չեն նշում, որ դա օրինականցվել է կառավարության 912Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունն այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինակացվեն նաեւ իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհետեւ մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով, այլ տարբերակ չկա։ Այնուհետեւ դեզինֆորմացիայից եւ մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները, ինչպես արդեն լսեցիք, վստահ եմ՝ նաեւ համացանցից եք տեղեկացել՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, եւ այլն, եւ այլն, հին ու բարի մեթոդներով։ Կարճ ասած՝ ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ եւ անարգանք երեւանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ՝ դուք ձեր սկսածը, մեւնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի, քանի դեռ քաղաքապետ եմ, քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին խնդրում եմ՝ ձեր ծառայությունն իրակաանցնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով, դուք պարտավոր եք ապահովել երեւանցիների անվտանգությունը եւ կոմֆորտը»։ Մարությանը շնորհակալություն հայտնեց աշխատակազմի բոլոր անդամներին՝ համատեղ աշխատանքի համար, իր թիմի անդմաներին եւ երեւանցիներին՝ վստահության համար, եւ ներողություն խնդրեց, եթե ինչ-որ բան չի հասցրել անել։
13:54 - 22 դեկտեմբերի, 2021
Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու |1lurer.am|

Կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար իմ համաձայնությունն եմ տվել. Երևանի քաղաքապետի թեկնածու |1lurer.am|

1lurer.am: Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ քաղաքապետի և ավագանու, Կառավարության միջև ճգնաժամ կա: Նա հայտնեց նաև, թե ինչու է համաձայնել ստանձնել քաղաքապետի պաշտոնը: «Այս պահին կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ գործող քաղաքապետի հետ խնդիրներ չի ունեցել:  Հարցին ի պատասխան՝ եթե գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից, ինչպե՞ս է համաձայնել քաղաքապետի թեկնածությանը և ինչո՞ւ է մասնակցում գործընթացին, Սարգսյանը նշեց. «Մեր քաղաքական համակարգը, ինստիտուտը ձևավորված է այդ տրամաբանությամբ, կարծում եմ՝ եթե դժգոհություն կա, մենք պետք է մտածենք սրանից հետո, որ փոփոխության ենթարկենք, որ ոչ թե կուսակցությամբ ներկայանա քաղաքապետը, այլ իր անհատականությամբ ներկայանա, որպեսզի այդ խզումը չլինի: Եթե օրենսդրության տրամաբանությունը տանում է դրան, ապա ունենք այն իրավիճակը, ինչ հիմա ունենք»:   
13:52 - 22 դեկտեմբերի, 2021
«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով

«Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները ավելի արդարացում էին, քան հիմնավորում․ Էռնեստ Ավանեսով

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը այսօր՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ այս գործընթացը, որքանով ինքն է տեղեկացված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշումն է։ «Ես շատ կուզեի՝ վարչությունը որոշում կայացներ մի շարք օրենսդրական փոփոխությունների առումով՝ կապված համատիրությունների հետ, խնդիրները, որոնք ծառացած են այսօր մեր քաղաքացիների առջև, կապված նաև ապօրինի առևտուրը բացառելու առումով, ապօրինի շինարարությունը բացառելու առումով, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ սա է ամենալուրջ խնդիրը և փորձում են քաղաքապետից՝ Հայկ Մարությանից, հրաժարվել»։ Ավանեսովն անդրադարձավ  նաև ավագանու արտահերթ նիստի ընթացքում հնչած ելույթներին․ «Ի դեպ՝ այստեղ շատ ելույթներ եղան նաև, գուցե հետագայում ավելի այլ բնույթի կլինեն, հիմնականում «Իմ քայլը» խմբակցության անդամների ելույթները արդարացում էին, քան հիմնավորում։ Խնդրում եմ, ոչ թե արդարացեք, արդեն բերել եք այդ նախագիծը, հիմնավորեք քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչու եք դուք ուզում փոխել Հայկ Մարությանին պարոն Հրաչյա Սարգսյանով, որի հանդեպ նույնպես ունեմ դրական վերաբերմունք, ինչպես այստեղ ցանկացածի մասին»։ Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը շատ է շեղվել հեղափոխության արժեքներից։
13:22 - 22 դեկտեմբերի, 2021
Շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, սակայն այսօր դա գոյություն չունի․ Մարատ Թոխյան

Շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, սակայն այսօր դա գոյություն չունի․ Մարատ Թոխյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված նիստի ընթացքում անդրադարձավ գործընթացի իրավական հիմքին։ «Մեր ժողովրդի մեջ այսպիսի թյուր կարծիք կա ստեղծված, որ քաղաքապետն է միանձնյա ղեկավարում քաղաքը, կառավարում քաղաքը, բայց դա բնավ այդպես չի։ Օրենքը ասում է, որ ընտրությունների արդյունքում 50+տոկոս ստացած քաղաքական ուժի առաջին համարը ավտոմատ դառնում է քաղաքապետ։ Բայց նույն օրենքը նաև լիազորում է այդ ավագանուն վերահսկել, գնահատել քաղաքապետի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում հայտնել իրեն անվստահություն։ Սա առաջինը․ ավագանին քաղաքի բարձրագույն  իշխանությունն  է, առանց ավագանի չի կարող լինել քաղաքապետ։ Խնդրում եմ սա ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում, չի կարող լինել քաղաքապետ, ուստի շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, և ինչպես ասում են մի առվով հոսեն։ Սակայն այսօր դա գոյություն չունի։ Ես, իհարկե, խոսում եմ ավագանու անդամների մեծամասնության մասին։ Եթե ավագանին չի գալիս նիստերի, դա ահազանգ է, ինչու՞ չի գալիս, այդ չգալու հետևանքով ստեղծվում է ճգնաժամ, իսկ չի գալիս հենց այդ պատճառով, հարաբերությունների ընդհանուր գոյության պակասի պատճառով»։ Նրա խոսքով՝ ավագանու 87% կազմող խմբակցության կողմից մի քանի անգամ եղել է կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանցից ազատվելու պահանջ․ «Այդ հարցը այդպես էլ լուծում չէր ստանում։ Երբ «Իմ քայլը» դաշինքը մտավ քաղաքապետարան, առաջին հարցը, որ նա ուզում էր լուծել, դա էր։ Դա էր նաև մեր հասրաակության սպասելիքները, սակայն  մենք չէինք կարողանում դա հասցնել մեր քաղաքապետին, որը ուղղակի ակնարկում էր մեզ, որ դա իր պոզիացիան է, կադրերով միայն ինքը պետք է զբաղվի, միգուցե բառերը լավ չեմ արտահայտում, բայց իմաստը դա էր՝ ինձ ի խանգարեք, դա խնդիր էր ստեղծում»։ Նա հիշեցրեց նաև, որ 2019 թ․-ի մայիսին եղել է առաջին լուրջ տարաձայնությունը․ «Շատ հրատապ կերպով պարոն քաղաքապետը բերեց նախագիծ քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր մոտ 2000 հոգու աշխատավարձների բարձրացման մասին։ Խոսքը գնում էր 10-20% մինչև 200% բարձրացման մասին։ Այդ արատավոր պրակտիկան, երբ ժամանակը շատ քիչ էր տրվում՝ թե՛ հանձնաժողովներին, թե՛ ընդհանուր ավագանիներին ծանոթանալու, հասկանալու, բերելու իր առաջարկությունները մինչև այսօր էլ շարունակվում էր։ Դա մեծ խնդիր էր, որովհետև իմ կարծիքն է, որ խմբակցության հետ պետք է այդ հարցը քննարկվեր և խմբակցության մի քանի անդամներ, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական հարցերով, պատրաստել էին իրենց ալտերնատիվ ծրագիրը բոլորս հասկանում էինք, որ դա այսպես թե այնպես պետք է կատարվի, պետք է լինի, բայց ոչ այդպիսի հրատապ»։ Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած քաղաքապետի թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, ամենալավն է տիրապետում քաղաքի կառավարմանը։
13:16 - 22 դեկտեմբերի, 2021
Քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել․ Վահե Գեւորգյան

Քաղաքապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել․ Վահե Գեւորգյան

Մի քանի կետ կա, որոնց համար ես կատեգորիկ մերժում եմ այս պրոցեսը․ Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը բացառապես չի բխում Երեւանի եւ ժողովրդավարության շահերից, երկրորդն այն գործիքակազմն է, շանտաժի ու սպառնալիքի այն լեզուն, որն օգտագործվել է ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար։ Այս մասին այսօր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գեւորգյանը՝ նշելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում․ «Այս քվեարկության արդյունքների օրինականությունը կասկածի տակ է դրվում, քանի որ երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի եւ սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կամ վկայություններ կորզել, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հարգելի՛ երեւանցիներ, այս ոչ լեգիտիմ պրոցեսի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը՝ ավագանու անդամների վրա տարբեր լծակներ կիրառելով՝ ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,- ասաց Գեւորգյանը՝ շեշտելով, որ ինչպես այս երեք տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, նրանք ունակ չեն եղել պարզ քաղաքական հաշվարկներ իրականացնել․ «Նրանք չէին հաշվարկել, որ գուցե հաջողվի որոշ մասին շանտաժի ենթարկել, բայց ոչ բոլորին։ Այս մարդիկ թրծվել են տարիների պայքարի մեջ։ Մասնավորապես, Լուսինե Մխոյանը եւ Գրիգորի Երիցյանը երեկ բարձրաձայնել են, որ Արմեն Գալջյանը («Իմ քայլը» խմբակցության ղեկավար,-խմբ․) եւ Լեւոն Հովհաննիսյանը («Իմ քայլը» խմբակցության քարտուղար,-խմբ․) իրենց շանտաժի են ենթարկել։ Պարզ դարձավ, որ նրանց միակ մտավախությունը քաղաքապետի աճող, եւ ՔՊ-ի նվազող վարկանիշն է, պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են ճնշման տարբեր լծակներ կիրառելով՝ ավագանու անդամներին դրդել բոյկոտի, ազդել նրանց ազատ կամարտահայտման վրա եւ զրկել երեւանցիներին նոր տրանսպորտային համակարգից՝ միեւնույն ժամանակ վտանգի ենթարկելով նույն տրանսոպրտային համակարգը։ Պարզ դարձավ, որ նրանց համար անձնային շահը, կարիերան, պաշտոնը վեր են դասվում հանրային շահից»։ Գեւորգյանը շեշտեց՝ հաշվի առնելով ավագանու անդամների հայտարարությունները, թե ինչպես են իրենց շանտաժի ենթարկել, ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել այն պարզ պատճառով, որ ավագանու անդամների որոշման վրա ազդելու նպատակով անօրինական գործիքակազմ է կիրառվել։ Վահե Գեւորգյանն ավագանու անդամներին կոչ արեց քվեարկել իրենց խղճով եւ համոզմունքներով։ Ի դեպ՝ Գեւորգյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին․ «Դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի կամ այլ սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»։ Գալջյանն էլ արձագանքեց՝ ասելով․ «Ոչ, չեմ ընդունում»։ Հիշեցնենք, որ երեկ Infocom-ի հետ զրույցում Երեւանի ավագանու նախկին անդամ Արփենիկ Մարությանը հայտնել էր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Նարեկ Բաբայանն իրեն հաղորդագրությամբ հորդորել է չմասնակցել ավտոբուսների գնման համար գումար հատկացնելու հարցով նիստին, քանի որ ավտոբուսների գնման ընթացակարգը եւ վճարումը չէր համաձայնեցվել կառավարության հետ։
12:24 - 22 դեկտեմբերի, 2021
Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․ քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն․ Իզաբելլա Աբգարյան

Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․ քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն․ Իզաբելլա Աբգարյան

Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պիտի ունենա, որպեսզի մեկ անձի վրա չբարդի բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ է պատասխանատու։ Այս մասին այսօր  քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը․ «Քանի՞ նախագիծ է բերվել մեր նախընտրական ծրագրին ուղղված, որը քաղաքապետը մերժել է։ Երկու տարի եղել եմ խմբակցության անդամ, քաղաքապետը գալիս էր խմբակցության նիստերին, նիստերին չկար քվորում․ մարդիկ չէին գալիս խմբակցության նիստերին»,- ասաց Աբգարյանը՝ հայտարարելով՝ Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․ «Քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետեւողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի», հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում մեքենաների տակ պառկողները։ Այդ մարդկանց այսօր փոխարինել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ ՔՊ-ական են։ Դա՞ է քաղաքական գիծը։ Հայկ Մարությանը ընդամենը դարձել է անկուսակցական, նա չի լքել քաղաքը դժվար պահին, նա ընդամենը դուրս է եկել կուսակցությունից, եւ որեւէ մեկն այդ մասին չգիտեր։ Ես չէի ների Հայկ Մարությանին, եթե նա դեկտեմբերին հրաժարվեր քաղաքապետի պաշտոնից, ինքս էլ չէի հրաժարվում մանդատիցս՝ հասկանալով, որ Հայաստանի շահից բխում էր համայնքային եւ պետական ինստիտուտների ամուր մնալը, որովհետեւ ձեր ընդդիմությունը, որով վախեցնում եք ժողովրդին, հենց դրանով էր սպառնում, որ կքանդվեն այդ ինստիտուտները»,- ասաց ավագանու անդամը։
11:47 - 22 դեկտեմբերի, 2021
Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան

Համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով․ Լևոն Հովհաննիսյան

Երեք տարի առաջ, երբ ստանձնեցինք մեր լիազորությունը՝ որպես ավագանու անդամներ, և ընդհանրապես քաղաքային իշխանություն, քաղաքի սեփական եկամուտները այդ ընթացքում աճել են մոտ 12 միլիարդ դրամով։ Քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված նիստի ընթացքում ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Ֆինանսավորակյին և տնտեսական հարցերի մշատական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։ «Եթե չեմ սխալվում, հիմա նաև այս բյուջեի պատկերի մեջ կա այդ դինամիկան, որ սեփական մուտքերը աճում են, և դա, իհարկե, համայնքի անկախության տեսանկյունից շատ լավ ցուցանիշ է, բայց նաև մենք պետք է որակական առումով հասկանանք, թե ինչու են աճում, և այդ աճման գործընթացի մեջ որքան լումա ենք մենք դրել, որքան է դա մեր անձնական ձեռքբերումը կամ մեր աշխատանքը։ Հիմնականում համայնքի սեփական եկամուտները աճել են գույքային մուտքերի աճման պատճառով։ Այսինքն բոլորդ տեղյակ եք, որ մեքենաների բում էր տեղի ունեցել Հայաստանում, գրեթե կարելի է ասել կրկնապատկվել են մեքենաների քանակը այս տարիների ընթացքում, մանավանդ՝ 2019 թ․-ի, 2020 թ․-ի սկզբին շատ մեծ քանակի մեքենաներ են բերել, և մեքենաների մասով գույքահարկի մուտքը կրկնապատկվել է։ Նույնը կարող եմ ասել վերջին օրենքի փոփոխությունից հետո նաև անշարժ գույքի սեփականության մասով, որ այդտեղ էլ մենք ունենք բավականին մեծ մուտքերի աճ, և աճը շարունակական է լինելու»։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե հանում են այդ երկու գործոնները, սեփական եկամուտների մասով մնում է 2 միլիարդ դրամի աճ․ «Այդտեղ եթե մենք փորձենք մանրանալ, հասկանալ, օրինակ, հողի օտարումների կադաստրային գները բարձրանալու հետևանքով և այլն, ինչ ազդեցություն է ունեցել գործոնները այդ աճի վրա, կարծում եմ, որ էլի կառաջանան հարցեր, բա ի վերջո Երևանի քաղաքապետարանը ի՞նչ ինստիտուցիոնալ փոփոխություններ արեց, որ սեփական եկամուտները աճեց։ Այսինքն՝ այդ գործընթացի ամենամեծ բաժինը, ամենագերակշռող բաժինը կապ չունի մեր գործառույթների հետ, և հենց դա է խնդիրը, որ եկամուտների հավաքագրման մասով ես կարծում եմ, որ որևէ ինստիտուցիոնալ փոփոխություն չի արվել։ Կան ինչ-որ առանձին կետեր, օրինակ Parking city սերվիսի հետ կապված, գիտեմ, որ բաներ կան, որ ավտոմատացվել են, որ հետագայում բավականին լավ և դրական փոփոխություններ է բերելու, բայց այստեղ մենք ունենք այդ հարցերը»։ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև համայնքային հիմնարկներին, որոնցում, ըստ նրա, ամենացավոտ խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են․ «Մենք այս ընթացքում ունենք բավականին լուրջ ձեռքբերումներ, ստեղծել ենք երեք համայնքային հիմնարկ՝ աղբահանությունը, կանաչապատումը, շների ստերջացման ՀՈԱԿ-ը, և կարելի է ասել, որ քաղաքը կոլապսի առջև չկանգնեց։ Այդ հիմնարկները, իհարկե, մենք ստեղծել ենք բավականին արագ տարբերակով, որովհետև դա է թելադրում այդ պահին իրավիճակը։ Սակայն համայնքային հիմնարկների մասով ամենացավոտ և խոցելի խնդիրը կոռուպցիոն ռիսկերն են և հաշվի առնելով, որ նույն Կանաչապատման հիմնարկում ունեցել ենք տնօրենի փոփոխություն, աղբի վերամշակման պրոցեսի հետ կապված կային խնդիրներ՝ հաշվի առնելով, որ աղբահանությունը հիմնարկում հիմա կա խնդիր և այդ ամենի մասին նաև մամուլում են գրում և կան լուրջ կասկածներ, որ այնտեղ կան կասկածելի գործարքներ։ Մենք հասկանում ենք, որ դեռ անելիքներ ունենք այս հիմնարկների կայացման հետ կապված, և իհարկե, պետք է վերահսկողությունը ավելացնենք այդ հիմնարկների և ընդհանրապես քաղաքապետարանի բոլոր ստորաբաժանումների նկատմամբ»։
11:44 - 22 դեկտեմբերի, 2021