Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հաղթանակի և  խաղաղության տոնի առիթով․   «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։   Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին: Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն», - նշված է ուղերձում։
10:49 - 09 մայիսի, 2025
Գարեգին Բ-ն հյուրընկալել է Վրաստանի նախագահին

Գարեգին Բ-ն հյուրընկալել է Վրաստանի նախագահին

Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին, կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ՝ պահպանելով իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանք հայտնեց վրաց իշխանություններին տասնհինգ հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքերին՝ կարևորելով քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման և պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախագահը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման և գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Վերջում Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Մայր Տաճար, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։ Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը և երկու երկրների դեսպանները», - նշված է հայտարարությունում։
19:15 - 29 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։  «Սույն թվականի ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք բարձրացրեց Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը», - նշված է հայտարարությունում։
16:27 - 26 ապրիլի, 2025
Պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք, այն ցուցիչն է ազգային մեր արժանապատվության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք, այն ցուցիչն է ազգային մեր արժանապատվության. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․ «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ․ 9.11): «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Այսօր Հայաստանում և ի սփյուռս աշխարհի ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ խոնարհումով և աղոթքով հիշելով մեր սուրբ նահատակներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված հրեշավոր ցեղասպանությանը զոհ դարձան մեր ժողովրդի մեկ և կես միլիոն զավակներ։ Իրագործված եղեռնի և հայրենազրկումի մեծ ողբերգությունները, սակայն, չկարողացան սպառել մեր ազգի կենսական ուժերը։ «Ճնշված, բայց ոչ՝ ընկճված, կարոտյալ, բայց ոչ՝ հուսահատ, հալածված, բայց ոչ՝ լքված» (Բ Կորնթ. 4․8-9) մեր ժողովուրդը վերապրեց՝ ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին աշխարհի, վերապրեց հանուն արդարության ամենօրյա պայքարով, իր ինքնությանը կառչած և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։ Աստվածպարգև մեր հինավուրց հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունն իր սրբություններին, հավատարմությունն իր պատմությանն ու դարավոր հիշատակներին զորացրեցին ազգիս աշխարհի տարբեր երկրներում նոր կյանք ընձյուղելու, իսկ Արարատի փեշերին՝ Արևելյան Հայաստանում, անկախ պետականություն վերակերտելու։ «Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր»՝ սուրբգրային հուսառատ խոսքի հավատով ազգիս զավակները ամենուր դիմակայեցին ժամանակների փորձություններին, կենարար ավիշ առան՝ ազգային-հոգևոր իրենց կյանքը վերականգնելու, բարձր արվեստ ու մշակույթ ստեղծելու և գիտություն ու կրթություն զարգացնելու։ Հիշատակի այս նվիրական օրը, սիրելիներ, աշխարհում ամեն տեղ մեր ժողովրդի զավակները իրենց քայլերն են ուղղում դեպի եկեղեցիներ և Մեծ Եղեռնի հուշակոթողներ՝ վերանորոգելու հանձնառության սրբազան ուխտը՝ իբրև պետություն, իբրև Եկեղեցի և ժողովուրդ շարունակելու մշտական ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։ Արդարև, մարդկության ու մարդկայնության դեմ գործված ոճրագործությունները չունեն ո՛չ արդարացում և ո՛չ վաղեմության ժամկետ։ Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու համընդհանուր դատապարտումը առաքելություն է մեր ժողովրդի և քաղաքակիրթ ողջ մարդկության համար: Շնորհիվ աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախումբ ջանքերի և միջազգային հանրության աջակցության՝ բազմաթիվ երկրներ ու իրավապաշտպան կազմակերպություններ իրենց ձայնն են բարձրացրել հանուն արդարության և Հայոց Ցեղասպանությունը ճանաչել ու որակել են որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն։ Հայոց Ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով, այլ պիտի գործադրվեն հետևողական քայլեր՝ մեր ժողովրդի հանդեպ արդարությունը վերականգնելու և կանխելու նման ողբերգությունները։ Առանց այսօրինակ հանցագործությունների դատապարտման, առանց պատմական արդարության հետ առերեսվելու՝ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ազգերի և պետությունների միջև և սերունդներին փոխանցել լուսավոր ապագա։ Ապահով ու անվտանգ աշխարհ կառուցելու ճանապարհը բացառումն է բռնությունների, պատերազմների, ատելության ու թշնամանքի հրահրումների։ Մեր արդար դատի պահանջատիրությունը չունի իր մեջ ատելություն ու թշնամանք։ Պահանջատիրությունը ցուցիչն է ազգային մեր արժանապատվության և հարացույցը՝ մեր սուրբ նահատակների նկատմամբ հարգանքի ու նրանց հիշատակի առջև մեր խոնարհումի: Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև։ Սիրելի ժողովուրդ հայոց, մերօրյա ծանր ու դժվարին իրավիճակում, երբ նոր ցեղասպանության իրականացմամբ այլևս բռնազավթված և հայաթափված է Արցախը, և Հայաստանը գտնվում է անվտանգային սպառնալիքների առջև, առավել հրամայական է անսասան պահել հավատարմությունը հավատք, ազգ ու հայրենիք նվիրական արժեքներին, հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի։ Տերը չի լքում Իրեն փնտրողներին՝ այս անխախտ համոզումով շարունակենք արիաբար դիմակայել մեզ բաժին ընկած փորձություններին և համատեղ ուժերով բարեզարդել ազգային և հայրենական մեր կյանքը։ Հակառակ առկա անվտանգային սպառնալիքների և շարունակվող ներազգային պառակտվածության, հակառակ մեր իրականության մեջ տեղ գտնող պատմության ու արժեքային խեղաթյուրումների, քարոզվող այլևայլ կեղծ ընկալումների՝ նախանձախնդիր լինենք հոգևոր ու բարոյական մեր արժեքների պահպանությանը և զորանանք հայրենիքի ու ազգի հանդեպ սիրով։ Հիրավի, մեր նախնյաց ժառանգության նկատմամբ հավատարմությունը, համազգային համերաշխությունն ու հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությունը երաշխիքն են մեր ազգի հարատևության և անկախ պետականության գոյության։ Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր տեսիլքներն ու երազանքները։ Այս հավատով աղոթք վերառաքենք առ Աստված և հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ մարդկության կյանքում տեղ չգտնեն եղեռնական ոճրագործությունները, և հարուցյալ Քրիստոսի շնորհների ներքո խաղաղ ու ապահով լինեն մեր հայրենիքն ու մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի, և հույսով ամուր ու սիրով միասնական՝ ի զորու լինենք հաղթահարելու մեր առջև ծառացած բոլոր փորձությունները: Թող հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունը, օրհնություններն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն»։
12:41 - 24 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։  Լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.  «Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի զավակաց հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում։  Ծեծեռնակաբերդի նվիրական այս բարձունքին մեր հոգևորականաց և մեր ազգի զավակաց հետ միասին աղոթք վերառաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին՝ իր հոգու ցավն ու տրտմությունը և տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերը և ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»։
11:52 - 24 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի մահվան  կապակցությամբ։  Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։  «Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնարհ, քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում և վկայեց Ավետարանը՝ մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության, առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաև՝ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ ․․․Առանձնակի մխիթարությամբ ենք անդրադառնում, որ Սրբազան Պապը մշտապես իր աղոթքն էր հնչեցնում պատերազմներով և անարդարությամբ վիրավորված աշխարհի, ի մասնավորի արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում։  Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ, ինչպես և Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Սրբազան Պապի հոգու հանգստության և խաղաղության, ինչպես և ողջ Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց մխիթարության համար։
14:21 - 22 ապրիլի, 2025
Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների. Վեհափառ

Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների. Վեհափառ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց։ Ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը, որը դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։ Հոգենորոգ այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը մեր մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված հույսի և ամենայն առաքինությունների, որոնցով բարեզարդված իրենց հոգածությունն ու նվիրումը բերեն ընտանիքներում և եկեղեցական, ազգային ու հայրենական մեր կյանքում։ Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը Միածին Որդու առջև, որպեսզի Տերը Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը»։
09:29 - 07 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի նախագահին խնդրել է Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման մասին

Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ապրիլի 1-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:  Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունել է Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում, և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։  Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս է հայտնել, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։ Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու ԼՂ ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն՝ առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորել է կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրել է Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։ Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք է բարձրացրել առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։ Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջել է Մայր Տաճարում, ծանոթացել հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։
10:32 - 02 ապրիլի, 2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության հետ

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությանը։ Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կանխման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցում։ Իր հերթին տիար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ կոմիտեի ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական երկխոսության խթանման հեռանկարներին», - նշված է հայտարարությունում։
22:02 - 31 մարտի, 2025
Գերագույն Հոգևոր Խորհուրդը միջազգային կառույցներին կոչ է անում միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձելու համար

Գերագույն Հոգևոր Խորհուրդը միջազգային կառույցներին կոչ է անում միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձելու համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն, անդրադառնալով ԼՂ նախկին քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես է եկել հայտարարությամբ:  Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի և ագրեսիայի հերթական դրսևորումներն են։ Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունն ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության և պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաև զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։ Շինծու դատավարություններով և հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ և ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների և միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաև հոգևոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների և պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու և գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատև խաղաղություն և սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման և արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի և առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը և ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցն ենք վերառաքում առ Աստված բոլոր գերյալների, նեղյալների և նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին»։
16:16 - 12 մարտի, 2025
Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է՝ առավել զորացնելու մեր հոգիները.  Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի մեկանարկի առիթով

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է՝ առավել զորացնելու մեր հոգիները. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի մեկանարկի առիթով

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Մեծ պահքի մեկանարկի առիթով իր ուղերձում:  «Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։ Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։ Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։ Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,- ասված է վեհափառի ուղերձում:  Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով 2025 թվականի մարտի 3-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Սուրբ Հարության (Զատիկ) տոնը ապրիլի 20-ին է: 
12:01 - 03 մարտի, 2025
Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի վերադարձման խնդրին առնչվող հարցեր

Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի վերադարձման խնդրին առնչվող հարցեր

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Այս մասին հայտնում են «Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ»-ից: «Հայոց Հովվապետը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման առիթով, մաղթեց արդյունավոր գործունեություն՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական հարաբերությունների առավել զորացման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ երկու ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ, որի ամրապնդման գործում այսօր էլ կարևոր դերակատարություն ունեն Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ փոխհարաբերությունները: Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգություններին, Բաքվում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների վերադարձման խնդրին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների դատապարտման և կանխման գործում։ Իր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:02 - 28 փետրվարի, 2025
«Լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը». Գարեգին Բ

«Լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը». Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով։ «Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։ Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող Աստծո խաղաղությունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ. ամեն»։
10:26 - 28 հունվարի, 2025
Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը. Գարեգին Երկրորդի Սուրբ Ծննդյան պատգամը

Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը. Գարեգին Երկրորդի Սուրբ Ծննդյան պատգամը

Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ։  Ամենայն Հայոց կաթողիկոսը պատգամ է հղել տոնի առիթով.   «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսաշող տոնին, համախմբված մեր սուրբ եկեղեցիների կամարների ներքո, փառաբանում ենք Բարձրյալ Աստծուն, որ մարդկության հանդեպ անհուն սիրով ու ողորմությամբ ուղարկեց Իր Միածին Որդուն՝ ազատելու մարդ արարածին մեղքից ու մահվան կապանքներից։ Այսօր Սուրբ Ծննդյան հրաշազարդ իրադարձությունն է վերստին հառնում մեր հայացքի առջև։ Երկնային բարձունքներում գահին բազմող Փառքի Թագավորը ծնվում է աղքատիկ մսուրում։ Փրկչի Ծննդյան հրեշտակաձայն ավետիսին ունկնդիր՝ պարզասիրտ հովիվները խոնարհվում են Մանուկ Աստվածորդու առջև։ Իմաստուն մոգերը երկրպագում են Փրկչին, Ով աստվածային խնամքով մարդկությանը առաջնորդում է դեպի բարիք, հաճություն ու համերաշխություն։  Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը անճառելի խորհուրդ է՝ մտքին անհասանելի, բայց հավատքով ճանաչելի և ընկալելի։ Փրկիչը խոնարհվեց և մարմին առավ նյութականից դեպի հոգևորն ու աստվածայինը բարձրացնելու մարդկային սրտերն ու մտքերը։ Անմահը մահկանացու դարձավ՝ ճշմարիտ կյանքի և հավիտենության ճանապարհը ցույց տալու մարդկությանը՝ համաձայն Իր խոսքի. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6)։ Այսօր էլ բեթղեհեմյան պայծառափայլ աստղը փորձություններով խռովահույզ աշխարհում փրկության հույսի ճանապարհն է ուղենշում։ Սուրբ Ծննդյան գիշերը վկայում է, որ անգամ նեղությունների խավարում փայլատակում է Աստծո լույսը, ծագում է Արդարության Արեգակը, ինչպես անվանվում է Քրիստոս շարականներում և մարգարեության մեջ (Մաղաք. 4.2)։  Քրիստոսին ընդառաջ գնալը, Նրա պատվիրաններով ապրելը վեհացնում և զորացնում է անձերին ու ժողովուրդներին, արժանի դարձնում աստվածային պարգևների և օրհնությունների։ Խանձարուրով պարուրված Աստվածորդուն ընդունելով մարդը զգեստավորվում է փրկության շնորհով, որը հավատացյալի կյանքում բխեցնում է երկնառաք բարիքների աղբյուրը։ Աստվածամերժ ընթացքները, սակայն, մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։  Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը՝ նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր,  տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյականության սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը։ Այս արհավիրքների հետևանքով մարդկությունը հայտնվել է աղետալի իրողությունների առջև՝ պատերազմներ, զոհեր ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների մեջ հասակ առնող որբացյալ և անօթևան երեխաներ, հակամարտությունների դաժան պայմաններում գոյատևող, գաղթական դարձած ընտանիքներ։ Այսպիսի տագնապալի իրավիճակները հրամայական են դարձնում աշխարհի բարեփոխումն ու ժողովուրդների համերաշխ գոյակցությունը, որը մշտապես պատգամվում է Մանուկ Աստվածորդու Սուրբ Ծննդյան՝ «յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2.14) հրեշտակաձայն օրհներգությամբ։ Սիրելիներ, աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց մեր ժողովուրդը՝ բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում Հայաստանի ինքնիշխան տարածքներ, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ, Ադրբեջանի կողմից շարունակում են հնչեցվել նորանոր պահանջներ ու սպառնալիքներ։ Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։ Այս ամենին զուգընթաց քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային-հոգևոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի, հուսահատության որոգայթներ։ Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։ Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին։ Մենք՝ որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին, Նրա վարդապետությանը, ընթանանք Աստծո Խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվենք մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։ Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում։ Երեխաների նոր ծնունդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը։ Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի։  Սուրբ Ծննդյան ուրախալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Մեր ողջույնն ենք հղում ի Քրիստոս Մեր հոգևոր եղբայրներին՝ քույր Եկեղեցիների Պետերին և հավատավոր իրենց հոտին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:  Սուրբ Ծննդյան հոգենորոգ այս օրը միասնաբար աղոթք մատուցենք մարդեղացյալ Աստվածորդուն և հայցենք, որ առատ լինեն երկնահեղ օրհնությունները ազգային ու հայրենական մեր անդաստանում, հաստատուն մնան տերունավանդ հավատքը, հույսն ու սերը մեր կյանքում։ Խնդրենք Երկնավոր Տիրոջ զորակցությունը մեծ կորուստներ կրած և հարազատ բնօրրանից զրկված արցախահայությանը։ Խնդրենք Ամենակալից, որ խաղաղություն ու բարօրություն հաստատվի ողջ աշխարհում և հայրենի մեր երկրում։ Թող Աստծո ամենախնամ Աջը և Սուրբ Ծննդյան կենարար շնորհները մշտապես հովանի լինեն համայն մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։  Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,Ձեզ և մեզ մեծ աւետիս
13:31 - 06 հունվարի, 2025