Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»

Արցախի թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Մայր տաճարում՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։ Սրբազան Հայրն իր քարոզում խոսեց մերօրյա դժվարությունների մասին՝ անդրադառնալով նաև անազատության մեջ գտնվող հայորդիներին։ «Քրիստոնեության հազարամյա պատմական փորձառությունը հստակորեն ցույց է տալիս, որ բանտը, գերությունը և նեղությունը անբաժան ուղեկիցներն են արդարության ճանապարհի՝ լինի դա որպես հանցանքի արդար հատուցում, թե որպես արդարությունը լռեցնելու գործիք: Բանտարկվել են առաքյալները, նրանց աշակերտները, հազարվոր քրիստոնյաներ, և վերջիվերջո նաև մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պողոս Առաքյալի Եբրայեցիներին ուղղված թղթում կարդում ենք. «Հիշեցե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշեցե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք» (Եբր. 13։3)։ Քրիստոնյան երբեք չպետք է մոռանա, որ բանտարկումը և գերությունը հաճախ այս աշխարհի անարդարության և ոչ թե արդարադատության արդյունք է, և որ ազատության մեջ գտնվողները հաճախ պակաս հոգևոր ու բարոյական պատասխանատվություն չեն կրում, քան բանտերում գտնվող իրենց եղբայրները», - նշեց Վրթանես Սրբազանը։ Արցախի թեմի առաջնորդը, խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական ղեկավարության և ռազմագերիների մասին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության։ «Թշնամին նրանց դատում է, որովհետև նրանք իրենց անձով վկայում են Արցախի անկախության իրավունքի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ անկախ ամեն ինչից, ցանկացած հայ, ով ապրել և գործել է հանուն Արցախի, այսօր կարող էր հանգամանքների բերումով լինել ապօրինի բռնադատյալների փոխարեն», - ասաց Սրբազանը և հավելեց, որ Հայոց Եկեղեցին բազմիցս տարբեր միջազգային և միջեկեղեցական հարթակներում իր արդարացի բողոքի ձայնն է բարձրացրել պատանդառված հայորդիների ապօրինի գերության առնչությամբ։ «Խոր Վիրապի գբում 13 տարի բանտված էր նաև մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գիրգոր Լուսավորիչը, ում նշխարների գյուտին նախորդող շաբաթապահքն է սկսվել այսօր: Այս օրերին, երբ բարեպատեհ առիթը ունենք շաբաթապահքի ամեն օրը ամբողջացնելու Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի խորհրդով, չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները», - ասաց պատարագիչ Սրբազանը։ Ժողովրդին ուղղված իր խոսքում Արցախի թեմի առաջնորդը շեշտեց, որ հարկ է անդրադարձ ունենալ, թե ինչքանո՛վ են կատարում Փրկչի պատգամները, արդյո՞ք ունեն բավարար սեր իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ, արդյո՞ք մտահոգված են և աղոթում են գերության մեջ գտնվող հայրենակիցների ու բանտարկյալների համար: Պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ մենք ոչինչ չենք կարող պահանջել օտարներից և օտար պետություններից, եթե այսօր չենք միանում տառապյալ ու հալածյալ հայորդիների արդար իրավունքների պաշտպանության գործին։ Վերջում Սրբազանը ներկա հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթքով զորակից ու աջակից լինել բոլոր նեղյալներին ու գերյալներին և նրանց ընտանիքներին, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները և հետամուտ լինել ազգային միասնության հաստատմանը։
Այսօր 13:04
Հայ Եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

Հայ Եկեղեցին չպետք է հարձակման ենթարկվի․ Լավրով

aravot.am: Հայաստանի Առաքելական Եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի. Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստից հետո: «Մենք քննարկել ենք թեման և լուրջ մտահոգություն հայտնել Հայաստանի Հանրապետության ներսում տեղի ունեցողի վերաբերյալ: Ակնհայտ է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, կանոնիկ, հազարամյա Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում», – ասել է նախարարը: «Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս Եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության, առանց որևէ լուրջ հիմքի: Եվ մենք շահագրգռված ենք այս հակամարտության, այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ՝ Հայաստանի Սահմանադրության հիման վրա, հավատացյալների իրավունքների և, ըստ էության, ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա», – ընդգծել է Լավրովը։
11:41 - 30 հունիսի, 2025
Մայր Աթոռը դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդի առնչությամբ դատարանի կայացրած ազատազրկման որոշումը

Մայր Աթոռը դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդի առնչությամբ դատարանի կայացրած ազատազրկման որոշումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է հունիսի 28-ին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումը, որն ուղղակի հետևանքն էր վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։«Փաստերը վկայում են, որ քաղաքական որոշակի ուղղորդմամբ և ճնշման ներքո դատարանի կայացրած որոշումն անհիմն է և ապօրինի։ Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ։Հորդորում ենք դատական համակարգին և պատկան մարմիններին գործել օրինականության դաշտում և անհապաղ ազատ արձակել Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին», - նշված է հայտարարությունում։
16:38 - 28 հունիսի, 2025
Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց, սահմանափակվել են նրա շփումները
 |azatutyun.am|

Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց, սահմանափակվել են նրա շփումները |azatutyun.am|

azatutyun.am: Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշեց երկու ամսով կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: «Ընդ որում սահմանափակել են նաև շփումները, բացառությամբ մերձավոր ազգականների ու պաշտպանների»,- «Ազատությանը» հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը: Որոշումը բողոքարկելու համար պաշտպանական թիմը տասն օր ժամանակ ունի. - «Երբ կտան որոշման ամբողջական տարբերակը, կբողոքարկենք»: Ըստ փաստաբանի նախնական տեղեկության՝ սրբազանը կալանքը կկրի Նուբարաշենի բանտում: Փաստաբանները դատարանի որոշումը «բացահայտ ապօրինի» են որակում: Արա Զոհրաբյանն ասաց՝ սրբազանը «պատրաստ էր այդ որոշմանը»:Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարությամբ հանդես եկավ, որով պարզ դարձավ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել նաև 2025 թ․ հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը։
10:22 - 28 հունիսի, 2025
Միքայել սրբազանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025թ․ հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչն է. Գլխավոր դատախազություն

Միքայել սրբազանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025թ․ հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված կոչն է. Գլխավոր դատախազություն

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։ Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ: Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։ Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»։
10:09 - 28 հունիսի, 2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա չի ընդունել մեղադրանքը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա չի ընդունել մեղադրանքը

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նա չի ընդունել մեղքը: Այս մասին հայտնում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական խումբը: Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։«Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ», - նշված է հայտարարությունում։Պաշտպանների խումբը նաև հրապարակել են Միքայել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գրավոր հայտարարությունը, որտեղ նա գրել է․ «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:
21:58 - 27 հունիսի, 2025
Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին. Մայր աթոռ

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին. Մայր աթոռ

Մայր աթոռը նոր հայտարություն է տարածել «Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր։ Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։ Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։ Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։ Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։ Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։ Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»,- նշվում է հայտարարության մեջ:
20:03 - 27 հունիսի, 2025
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին
 |azatutyun.am|

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատապարտել է իրավապահների մուտքը Սուրբ Էջմիածին |azatutyun.am|

azatutyun.am: «Դադարեցնել ձերբակալությունների արշավն ու հանդարտամտորեն մոտենալ հակաօրինական համարվող հարցերին», - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը դատապարտել է իրավապահ մարմինների մուտքը Սուրբ Էջմիածին: Արամ առաջինը սրբավայրերը «երկյուղած մոտեցմամբ» հարգելու կոչ է արել: Անթիլիասից տարածված հաղորդագրությունում Կիլիկիո կաթողիկոսը կոչ է անում դադարեցնել բոլոր հրապարակային մեղադրանքները՝ որպես բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլ: «Հարկ է հարգել պետության օրենքները, միաժամանակ, եկեղեցու հեղինակությունը և իր հարցերը ներքին ճանապարհով քննելու իրավունքը։ Անհրաժեշտ է հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածումից, որոնք չեն համապատասխանում մեր հոգևոր, ազգային ու բարոյական արժեքներին», - կարդում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի հայտարարությունում: Արամ Ա-ն նշել է, որ շարունակելու է իր քննարկումները կուսակցությունների ու Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կանխվեն նոր բարդությունները և հարցերի լուծման ուղիներ որոնեն փոխըմբռնման ու հարգանքի մթնոլորտում:
17:32 - 27 հունիսի, 2025
Միքայել արք․ Աջապահյանը հայտարարում է՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է

Միքայել արք․ Աջապահյանը հայտարարում է՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է

 Միքայել արք․ Աջապահյանը քիչ առաջ նստեց մեքենան՝ Քննչական կոմիտե գնալու համար, քաղաքացիները, սակայն, շրջափակել էին մեքենան և փորձում էին թույլ չտալ, որ մեքենան շարժվի։ Աջապահյանը կրկին վերադարձավ Մայր Աթոռի տարածք։ Մինչ դեպի մեքենա գնալը Միքայել արք․ Աջապահյանը հայտարարեց՝ մեղադրանքը բացարձակ շինծու, ապօրինի է․ «Ես երբեք չեմ թաքնվել, չեմ խուսափել, իմ ասածներից էլ չեմ հրաժարվում, ասել եմ, լավ եմ արել, պիտի շարունակեմ նույն ոգիով», - նշեց նա։ Աջապահյանի խոսքով՝ վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին, իրեն իրավապահները կարող էին հանգիստ, մեկուսի, ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և մինչեւ 26-ը ներառյալ․ «Բայց նրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար (ես ավելի շատ հակված եմ առաջինին), [ցանկացան] ցույց տալ իրենց ուժը Մայր Աթոռի պատերից ներս, իրենք պիտի որ ունենային օպերատիվ տվյալներ, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով և ես այդ ժողովի համակարգողն էի։ Շատ լավ գիտեին։ Բայց որոշել էին ամսի 27-ին այստեղ այս մասկի շոուն կազմակերպել, կազմակերպեցին, չստացվեց։ Շնորհակալ եմ ձեզ, ժողովրդին, քահանաներին, իմ հոգևոր եղբայրներին, Վեհափառ Հայրապետին։ Հիմա իրենք հասկացել են և նահանջել են, և ավելորդ է այլևս թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և պղծեն Մայր Աթոռի հոգեպարար մթնոլորտը», - ասաց Աջապահյանը։
16:16 - 27 հունիսի, 2025
Հորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով. Մայր Աթոռ

Հորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով. Մայր Աթոռ

Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը: «Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը: Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։ Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։ Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ:
15:52 - 27 հունիսի, 2025
Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։  «Պետական իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։ Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։  Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի ունենալով։  Իրավիճակի էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենան բոլորը»,- նշված է հայտարարության մեջ։
14:53 - 27 հունիսի, 2025
Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել:  Այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:  Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:35 - 27 հունիսի, 2025